Տարածաշրջանում խաղաղություն եւ համագործակցություն հաստատելու մասին պարբերաբար հայտարարող Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են մեծացնել իրենց ռազմական կարողությունները՝ հսկայական գումարներ ուղղելով բանակներին, այն դեպքում, երբ երկու երկրում էլ լուրջ տնտեսական ճգնաժամեր են: Թուրքիան հետեւողական ջանքերով ադրբեջանական բանակը բերում է իր զինված ուժերի չափանիշների տակ: Միջին հաշվով՝ գրեթե շաբաթական հաճախականությամբ տեղեկատվություն է տարածվում համատեղ զորավարժությունների եւ Թուրքիայից զենքեր գնելու մասին, մյուս կողմից էլ «ահասարսուռ» հաղորդագրություններ են տարածվում այն մասին, թե ինչպես են թուրք մասնագետները վարժեցնում Ադրբեջանի բանակի՝ հիմնականում հետախուզության եւ հատուկ այլ ստորաբաժանումների զինծառայողներին:
Նմանօրինակ մի տեղեկատվություն էլ տարածվեց օրերս, ըստ որի՝ թուրքական բանակի սպաները մարզում են Ադրբեջանի բանակում նոր կազմավորված, հնչեղ անուն ստացած «Komando» ստորաբաժանումներին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրք մասնագետների համակարգմամբ անցնող ուսումնամարզական վարժանքների ընթացքում դրանք ռազմական բախմանը նմանեցրած պայմաններում զարգացնում են արգելապատնեշներ հաղթահարելու, լեռնային պայմաններում մարտ վարելու, պաշտպանական խորություններ ներթափանցելու եւ բնակավայրերում հայտնված դիվերսիոն խմբերին շրջափակելու ու ոչնչացնելու ունակությունները:
Պարբերաբար հրապարակվող նման «հնչեղ» եւ այսպես ասած՝ «ազդեցիկ» լուրերը, բնականաբար, ուղղված են Հայաստանի եւ Արցախի քաղաքացիներին, բայց դրանք որոշակի ազդեցություն, թերեւս, ունենում են Ադրբեջանի եւ Թուրքիայի հասարակությունների գիտակցության վրա, բայց ոչ՝ ՀՀ զինված ուժերում ծառայած ու ծառայող զինվորականների, արցախյան երեք պատերազմում կոփված հայ ժողովրդի վրա:
Բանն այն է, որ ադրբեջանական հետախուզության եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներին մշտապես պատրաստել են թուրք մասնագետները՝ այդ գործընթացն սկսելով արցախյան առաջին պատերազմի ավարտից անմիջապես հետո: Ավելին՝ այս 30 տարիների ընթացքում Արցախի շփման գծում իրականացված ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական բոլոր ներթափանցումները նախապատրաստել են թուրք մասնագետները, եւ խմբերն էլ վարժանքներ են անցել հենց Թուրքիայում: Բայց կազմակերպված գործողությունները հիմնականում ձախողվում էին, այդպիսի դեպքերը բազմաթիվ են, որոնց վերջնական ակորդը եղավ հիմնականում դիվերսիոն ուժերով իրականացված 2016 թ. ապրիլյան անհաջող օպերացիան:
Առաջին Արցախյան պատերազմի ավարտից մեկ տարի անց, արցախա-ադրբեջանական շփման գծի հատվածներից մեկում ծառայելու տարիներին ականատես եղա Թուրքիայի վարժեցրած հետախուզական խմբի՝ Արցախի տարածք ներթափանցման ձախողված փորձին: 8 հոգանոց հետախուզական խմբին, որի հիմնական մասը փորձառու սպաներ էին, բացահայտեցին եւ ոչնչացրին ԱՀ ՊԲ զինված ուժերի 18-20 տարեկան ժամկետայինները: Հետախուզական խմբից վիրավորված, բայց դեռ կենդանի մնացած սպաներից մեկը մինչեւ մահանալը հասցրեց պատմել, որ Արցախի տարածք ներթափանցելուց առաջ 6 ամիս վարժեցվել էին Թուրքիայում՝ համապատասխան մասնագետների կողմից, այնուհետեւ վերադարձել էին Ադրբեջան, նախնական դիտարկել ներթափանցման ենթակա տարածքը, կրկին վերադարձել Թուրքիա՝ նախապատրաստման վերջնական փուլին, եւ այդքանից հետո անհաջող գործողություն իրականացրել:
Այդ դեպքից մեկ տարի անց նույն հատվածում այս անգամ ադրբեջանական զինուժի հատուկ նշանակության ստորաբաժանումը փորձեց արդեն դիվերսիոն գործողությամբ Արցախի ավտոճանապարհով երթեւեկող «ՎԱԶ 2106» ավտոմեքենայից քաղաքացիական անձանց առեւանգել, սակայն մեքենայում արցախյան առաջին պատերազմի մասնակից կար, եւ արդյունքում, տեղում թողնելով երկու զոհ եւ իրենց հետ վերցնելով մի քանի վիրավորի, դիվերսիոն խումբը կարողացավ ճողոպրել շփման գծից այն կողմ: Հայկական կողմը կորուստներ չունեցավ, թեթեւ վիրավորվել էր միայն մեքենայում գտնված ազատամարտիկը, որի միայնակ դիմադրության շնորհիվ էին նրանք տվել նման կորուստներ եւ, վստահաբար, ձախողել կրկին Թուրքիայի ռազմական մասնագետների նախապատրաստած հերթական դիվերսիոն գործողությունը:
Այս պատմությունները խոսում են այն մասին, որ նման հաղորդագրությունները չեն կարող որեւէ ազդեցություն ունենալ հայ հասարակության վրա: Վերջին հաշվով 44-օրյա պատերազմը փաստեց «ավագ եղբոր» կողմից 30-ամյա նման նախապատրաստության անարդյունավետությունը, երբ ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանաթուրքական զույգը, ջիհադիստ ծայրահեղականների հետ միասին, հիմնական խնդիրները լուծում էր անօդաչուների եւ աննախադեպ խտության հրետակոծությունների միջոցով՝ չգնալով կոնտակտային մարտերի:
Բոլոր դեպքերում Թուրքիան շարունակում է ադրբեջանական բանակն առաջնորդել թուրքական չափանիշներով՝ այդ նպատակով ինտենսիվ փոխգործողության մեջ լինելով զինված ուժերի բոլոր մակարդակներում: Օրերս էլ հանդիպեցին երկու երկրների պաշտպանության նախարարները, նրանց ընդունեց նաեւ Թուրքիայի նախագահը, իսկ հանդիպումից հետո վերջինիս ռազմական գերատեսչության ղեկավար Աքարը հայտարարեց, որ Անկարան եւ Բաքուն ձգտում են խաղաղություն հաստատել ոչ միայն առանձին երկրների միջեւ, այլեւ ողջ տարածաշրջանում։ Եթե 44-օրյա պատերազմի հեղինակները խաղաղության հաստատումը պատկերացնում են զինված ուժերի հետեւողական ուժեղացմամբ եւ սպառազինության աննախադեպ ծավալի համալրմամբ, ապա հայկական պետությունները, որոնք մշտապես հանդես են եկել խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու օգտին, պարտավորված են նույն ոգով էլ պատասխանել թյուրքական պետությունների խաղաղության նման ձգտումներին: