Քաշաթաղի շրջանում բնակվող մեր հայրենակիցների համար միշտ էլ հայրենիքի շահն առաջնային էր: Եվ բոլոր բնագավառներում՝ կրթություն, գյուղատնտեսություն, մշակույթ եւ այլն, քաշաթաղցին ձգտում էր առաջինը լինել:
Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմին էլ հազարավոր քաշաթաղցիներ մասնակից եղան, նրանցից մոտ 80-ը նահատակվեցին, շատերը վիրավորվեցին: Ցավալի է՝ պատերազմը մեզանից նաեւ Քաշաթաղի շրջանը խլեց, եւ իր տնից տեղահանվեց մոտ 11 հազար քաշաթաղցի: Շատերը տեղափոխվեցին ՀՀ տարբեր մարզեր ու Երեւ ան: Սակայն, կարեւ որելով հայոց ոստան Արցախը պահելու հանգամանքը, քաշաթաղցիների որոշ ընտանիքներ արդեն բնակություն են հաստատել հայկական երկրորդ հանրապետության տարբեր բնակավայրերում: Առիթ ունեցել ենք անդրադառնալու Մարտակերտի Վաղուհաս գյուղում բնակություն հաստատած եւ այնտեղ շինարարությամբ ու անասնապահությամբ զբաղվող քաշաթաղցիների՝ Վուրգավանի եւ Արծվաշենի համայնքապետեր Միասնիկ Գրիգորյանի ու Արա Անտոնյանի գործունեության մասին:
Վերջերս հանդիպեցի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղական համայնքի ղեկավար Արսեն Թելունցին, ով Երեւ ան էր եկել՝ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ, իրենց համայնքի բնակիչների կորցրած գույքի փոխհատուցման խնդիրներով: Քաշաթաղի շրջանային գրասենյակում աշխատում էր շրջվարչակազմի գյուղվարչության պետ Լեւ ոն Սիմոնյանի, հողային ֆոնդի ներկայացուցիչ Հրայր Սարգսյանի հետ: Պարզվեց՝ Արսենն ընտանիքով տեղափոխվել է Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գյուղ եւ զբաղված է շինարարությամբ, անասնապահությամբ: Իշխանաձորը Հակարի գետի միջին հոսանքում է՝ փռված հարթության վրա: Մինչեւ պատերազմը Իշխանաձորը տարածքի կարեւ որ բնակավայրերից էր եւ կենտրոնի դեր էր խաղում մոտակա բնակավայրերի համար: Վերջին տարիներին այստեղ կառուցվեցին 100-ից ավելի առանձնատներ, բարեկարգվեց բուժհիմնարկի շենքը, գյուղում «Հայրենասեր» ՀԿ-ն կառուցեց մարզադաշտ, որը 2016 թ. ապրիլյան պատերազմի առաջին օրերին մարտիրոսված Անդրանիկ Զոհրաբյանի անունն էր կրում: Իշխանաձորում սկսեց գործել նաեւ զորամաս, որտեղ ծառայության էին անցնում տարածքի երիտասարդները՝ պայմանագրային հիմունքներով: Արցախյան վերջին պատերազմի հենց առաջին օրն այդ զորամասը մտավ կռվի մեջ, ռազմի ճամփաներին նահատակվեցին տասնյակ զինվորներ, հիմնականում՝ քաշաթաղցիներ:
Գյուղն առավել հայտնի էր գյուղատնտեսության զարգացմամբ: Վերջին տարիներին այստեղ մի քանի հարյուր հեկտար նռան ու արքայանարնջի, ձիթենու, այլ մրգատու ծառերի այգիներ հիմնվեցին մացառներից ազատված տարածքներում: Բանջարանոցներ դարձան տասնյակ հեկտար ճահճուտներ ու մացառներ: Մոտ 1000 հա վարելահող ուներ Իշխանաձորը Թովմասարի հարթությունում, որտեղ ցորեն ու գարի էին մշակում: 2016 եւ 2020 թթ. պատերազմների ժամանակ Իշխանաձորը նաեւ ռազմական կենտրոն էր: 2020 թ. պատերազմի օրերին հաճախ էինք լսում՝ թշնամին ռմբակոծել ու ԱԹՍ-ներով հարված է հասցրել Իշխանաձորին: Ցավոք, այսօր թշնամու տիրապետության տակ է նաեւ Իշխանաձորը: Բայց հուսահատ չեն համայնքապետն ու բնակիչների մեծ մասը:
Ա. Թելունցն արմատներով Գորիսից է, սակայն ճիշտ է համարում կյանքը շարունակել Արցախում: 3 զավակներից ավագ որդին՝ Արգիշտին, սովորում է Պատարայի միջն. դպրոցի 12-րդ դասարանում, Մենուան՝ 11-րդ, իսկ 10-ամյա Գիսանե դուստրը 4-րդ դասարանի աշակերտուհի է: Իշխանաձորի Հովհ. Թումանյանի անվան միջն. դպրոցի նախկին սաները նոր ուսումնական հաստատությունում էլ են լավ սովորում, արդեն հարմարվել են նոր կրթօջախին, ընկերներին ու ուսուցիչներին: Ըստ Արսենի տեղեկության՝ այսօր Պատարայում բնակություն է հաստատել թշնամու տիրապետության տակ անցած բնակավայրերից տեղահանված մոտ 70 ընտանիք, որից 50-ը՝ քաշաթաղցի: Քաշաթաղի շրջվարչակազմի նախկին ղեկավար Սուրեն Խաչատրյանը Պատարայից է, եւ հատկապես այն շրջանում, երբ նա էր ղեկավարում շրջանը, կայացավ Քաշաթաղ-Պատարա համագործակցությունը: Հաճախ էին կազմակերպվում փոխադարձ այցելություններ, կրթական, մշակութային, մարզական, զբոսաշրջային միջոցառումներ: Եվ պատահական չէ, որ հենց այս գյուղում են շատ քաշաթաղցիներ հաստատվել:
Ա. Թելունցը նշեց նաեւ ՝ իր հիմնադրած «ԱրգՄոն» ՍՊԸ-ն ԱՀ քաղաքաշինության նախարարության պատվերով Պատարայում իրականացնում է բնակարանների շինարարություն՝ բնակելի տներ կառուցելով նորաբնակների համար: Շինարարները հիմնականում Իշխանաձորի նախկին բնակիչներ են: Իշխանաձորից Սեւ ակ Անդրյանը ՍՊԸ-ի վարորդն է: Ընտանիքով Պատարայում է բնակվում: Շատ է օգնում: Այս ընթացքում հիմնականում նորոգել են եղած բնակելի տները, որոնք չէին օգտագործվում, եւ 3 տարի պայմանագրով հատկացրել են նորաբնակներին: Սակայն կա ծրագիր՝ նոր տներ կառուցել: Այժմ կա նաեւ շինարարների պահանջ: Վերաբնակիչները զբաղվում են անասնապահությամբ, շինարարությամբ, մեղվաբուծությամբ եւ այլ աշխատանքներով: Կարեւ որը՝ Պատարայի բնակիչները, համայնքի ղեկավար Վալերիկ Ղահրամանյանի գլխավորությամբ, սիրով են ընդունել նորաբնակներին: Բոլոր վերաբնակիչներին ԱՀ կառավարությունը հատկացրել է գույք, տնամերձ հողամաս: Պատարայի միջնակարգ դպրոցում (տնօրեն՝ Արթուր Ջահանգիրյան) այժմ 170-ից ավելի աշակերտ է սովորում:
Արսենը հավելեց՝ բացի շինարարությունից, զբաղվում են նաեւ անասնապահությամբ: Կառավարության օժանդակությամբ վարկավորվել են եւ ձեռք բերել 500 գլուխ ոչխար: Ունեն 2 անասնապահ՝ Իշխանաձորի նախկին բնակիչներ են: Ա. Թելունցը հույս հայտնեց՝ հետագայում կընդլայնեն անասնապահությունը, ինչը նաեւ նոր աշխատատեղեր կստեղծի: Արդեն Պատարայում է Արսենը, հեռախոսով զրուցեցինք: Ասաց՝ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, եւ հույս հայտնեց, որ գարնանը շինարարությունը լայն թափ կստանա:
Հ. Գ. ԱՀ Ասկերանի շրջանի Պատարա գյուղն ընկած է հանրապետության հյուսիս-արեւ ելյան հատվածում՝ շրջկենտրոնից 20 կմ, մայրաքաղաք Ստեփանակերտից 24 կմ հեռավորության վրա: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց: Համայնքի բնակչության թիվը 2015-ին 815 էր՝ 220 տնտեսություն (այժմ՝ մոտ 1100 բնակիչ, 300 տնտեսություն): Պատարայի պատմական անցյալի մասին են փաստում համայնքի տարածքում պահպանված մոտ 160 պատմական հուշարձանները՝ «Օխտը եղցի» վանք (12-13-րդ դդ.), «Ծերանահատակ» եկեղեցի (1326 թ.), գերեզմանոց (9-13-րդ դդ.), խաչքար (10-13-րդ դդ.), Օծկավանք (12-13-րդ դդ.), ամրոց (12-13-րդ դդ.), Ամենափրկիչ եկեղեցի (13-րդ դ.), Սբ Ստեփանոս եկեղեցի (1870 թ.), ջրաղաց (19-րդ դ.) եւ այլն: Գյուղի մուտքի մոտ՝ գլխավոր ճանապարհի եզրին է 1991-1994 թթ. արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը, որը կառուցվել է 2013 թ.։ Հուշահամալիրի մաս են կազմում նաեւ արծվի բազալտե արձանը, Հայոց մեծ եղեռնի, Սումգայիթի ջարդերի եւ Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված առանձին խաչքարերը: Գյուղի մոտով է անցնում համանուն գետը, որն ունի գեղատեսիլ հովիտ: