Մարդկանց հետ փոխհարաբերությունները միայնության հակառակ երեսն են։ Հենց այս պատճառով է, որ շատ մարդկանց համար հակառակ սեռի ներկայացուցիչների հետ մտերմիկ փոխհարաբերությունները փորձ են՝ խուսափելու միայնությունից։ Այլ կերպ ասած, փորձելով խուսափել միայնությունից՝ մարդիկ մտնում են մեղավոր փոխհարաբերությունների մեջ։ Սակայն այդ մարդիկ չեն հասկանում, որ ֆիզիկական մերձեցումը չի կարող բավարարել եւ հագեցնել դատարկ ու միայնակ սիրտը։ Նման մերձեցումը կարող է միայն ժամանակավորապես շեղել, բայց ի վիճակի չէ վերացնել միայնության խնդիրը։
Միայնությունը կարող է բացասաբար անդրադառնալ մեր ֆինանսական վիճակի վրա
Որոշ մարդկանց միայնության նոպաները դրդում են անհարկի գնալու խանութներ եւ կատարելու ոչ անհրաժեշտ գնումներ, որպեսզի գոնե որոշ ժամանակով մոռացության տրվեն եւ զգացմունքային վերելք ապրեն։ Սակայն իրականում այդ զգացմունքային վերելքը շատ կարճ է տեւում եւ, որպես կանոն, ցավոտ հարված է հասցնում դրամապանակի պարունակությանը։
Միայնությունը կարող է խեղաթյուրել մեր ինքնագնահատականը
Միայնության ամենավտանգավոր հետեւանքներից կարող է լինել իջեցված ինքնագնահատականը։ Ցածր ինքնագնահատականով մարդը հավատում է իր անպետքությանն ու անկարեւորությանը։ Նման մարդն իրեն համարում է ոչ պետքական ո՛չ Աստծո, ո՛չ մարդկանց համար, նույնիսկ կասկածի տակ է դնում իր գոյության անհրաժեշտությունը։
Միայնությունը կարող է հանգեցնել հիվանդությունների եւ ինքնասպանության
Մեր մարմինն ու էմոցիաները փոխկապակցված են։ Միայնության նոպան կարող է հանգեցնել կատաղության, ընկճախտի, ինչը հետո կարող է բերել ֆիզիկական թուլության եւ, որոշ դեպքերում, նույնիսկ խելագարության։
Բայցի այդ, շատերը, ովքեր ընկնում են դեպրեսիայի մեջ, հակում են ունենում որկրամոլության. նրանք սկսում են ուտել, որպեսզի ժամանակավորապես մոռանան իրենց խնդիրները եւ ունենան զգացմունքային վերելք։ Այդ վերելքը, որպես կանոն, շատ կարճ է տեւում եւ բացասաբար է անդրադառնում շատակերի առողջության վրա։
Որոշ դեպքերում միայնությունը կարող է հանգեցնել նույնիսկ ինքնասպանության։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդուն թվում է, թե իր մարմնի մահը չի խորացնի միայնությունը, այլ լիարժեքորեն կդադարեցնի ոչ միայն մարմնի կյանքը, այլեւ հոգու։