Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը Իրանը չի կարող անտարբեր վերաբերվել: Ոչ միայն այն պատճառով, որ մեր երկրով է անցնում նրա հիմնական ռազմավարական տնտեսական հաղորդակցության ուղին, այլեւ այն հանգամանքը հաշվի առնելով, որ արդեն ստիպված է Թուրքիայի հետ «կիսել» ավանդաբար բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող, արդեն 30 տարի իր, թերեւս, ամենամոտ բարեկամ պետությանը:
Իրանական պաշտոնական եւ հասարակական շրջանակներն արդեն չեն թաքցնում իրենց մտահոգությունը հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հնարավոր խնդիրների վերաբերյալ: Մեր հարավային հարեւան երկրի մամուլում ակտիվորեն քննարկվում է Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցության ուղու հարցը, սակայն առավել ակնհայտ է, որ Իրանն այսօր մտածում է առաջին հերթին իր ավանդական բարեկամի հետ ունեցած հարաբերությունների մասին: Հայաստանի Հանրապետության վերածննդին Իրանն անհամբերությամբ էր սպասել, եւ պատահական չէր, որ աշխարհում Իրանն է առաջինը ճանաչել Հայաստանի երրորդ հանրապետությունը:
Բոլոր դեպքերում Իրանի վերլուծաբաններն այդ երկրի իշխանություններին հորդորում են ձեռքը պահել զարկերակին՝ թույլ չտալով միջանցքի որեւէ ձեւաչափ իր հյուսիսային սահմանին կից եւ պահանջելով առաջնորդվել միայն տարածաշրջանի երկրների սահմանների չխախտման սկզբունքով: Իրանն առաջնային հարթակում կպահի նաեւ հետանկախ Հայաստանում այդ 30 տարիների ընթացքում հաստատած իր ներկայությունը: Այդ ուղղությամբ Թեհրանն արդեն անում է գործնական քայլեր: Իրանի կառավարությունը ԱԳ նախարարության հորդորով որոշում է ընդունել Սյունիքում բացել գլխավոր հյուպատոսություն: Այն տրամաբանական է, քանի որ իր քաղաքացիները վերջին շրջանում, հայկական ճանապարհների որոշ մասերի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո, օբյեկտիվ դժվարությունների են հանդիպում, եւ դիվանագիտական ներկայացուցչության բացումը թելադրված է օրվա պահանջով: Մյուս կողմից էլ՝ դրանով Իրանը շեշտում է իր ներկայությունը Սյունիքի մարզում:
Բայց մյուս կողմից էլ՝ Հայաստանի հարցում Իրանի մտահոգությունները լիովին անհիմն են: Հայ հանրությունը երբեք Իրանի եւ Թուրքիայի միջեւ հավասարության նշան չի կարող դնել: Իրանը 1915 թ. Հայոց ցեղասպանություն չի կազմակերպել, այնտեղ մեր օրերում հայերին չեն սպանում հայ լինելու եւ պատմական արդարությունը վերականգնելու պայքարի համար: Իրանում հայկական եկեղեցիները չեն ոչնչացվում, վաճառվում կամ ավերվում: Վերջապես Իրանը չէր, որ 2020 թ. սեպտեմբերին հրահրեց եւ անմիջական մասնակցություն ունեցավ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիային եւ պատերազմական հանցագործություններին: Այնպես որ, Իրանը եղել ու կմնա Հայաստանի բարեկամը՝ որպես կենսական միասնական տարածքը բարեկամաբար կիսող հարեւան երկրների լավագույն օրինակ:
Իսկ Հայաստանը պարտավորված է ստեղծել օրենսդրական եւ ինստիտուցիոնալ մեխանիզմներ թուրքական կապիտալից սեփական արտադրությունը պաշտպանելու համար, ինչպես, ի դեպ, դա անում է իրանական կապիտալի եւ ապրանքների առումով: