«…Այնպիսի մարդկանց, ինչպես Մյասնիկովը, հեղափոխությունը դարձրեց երջանիկ։ Նա ինքն է ինձ այդ մասին ասել, դե դա երեւում էր եւ նրա ժպիտից, նրա շարժումներից։ Մյասնիկովը գեղեցիկ էր եւ փոքր-ինչ նման Նապոլեոնին։ Նա գիտեր դա եւ դրանով շատ էր հպարտանում».
Վացլավ Սլոցկի
Լեհ սոցիալիստ Վացլավ Սլոցկին անձամբ էր ճանաչում Մյասնիկյանին, գիտեր, որ նա փոխել է Մյասնիկյան ազգանունը Մյասնիկովի` նախքան Առաջին համաշխարհայինը, եւ նրան վերագրվող որոշ բաների հետ համաձայն չէր եւ պնդում է, որ Մյասնիկյանը մինչեւ հեղափոխությունը բոլշեւիկ չի եղել եւ քաղաքականությամբ էլ չափազանց քիչ է հետաքրքրվել, իսկ ուսանողական տարիներին մի երկու խռովության մասնակցելը, ձերբակալվելն ու տեղնուտեղը ազատվելը Սլոցկին լուրջ հեղափոխական գործունեություն չի համարում։ Ըստ Սլոցկու՝ հեղափոխական գործունեությամբ ավելի ուշ Մյասնիկյանին հրապուրել է Հովհաննես Ալիբեգյանը (Իվան Յակովլեւիչ Ալիբեկով), ում ազգության վերաբերյալ Սլոցկին թյուրիմացաբար ենթադրում է, թե նա կա՛մ չեչեն է, կա՛մ կաբարդին, քանզի Հովհաննեսը նույնպես ներկայացել է ոչ հայկական անուն-ազգանունով։ Ուրախ բնավորությամբ եւ ելույթները կովկասյան անեկդոտներով համեմող Ալիբեկովը մեծ հեղինակություն էր վայելում զինվորների շրջանում. այդ իմաստով նա բացառություն չեղավ նաեւ Մյասնիկյանի համար, որի հետ նա հաճույքով բարեկամացավ։ Այն, որ Սովետական մեծ հանրագիտարանում որոշ գործիչներ անհարկի «հերոսացված» են, Սլոցկին բացատրում է հետեւյալ կերպ. «Բոլշեւիկյան հեղաշրջման Արեւմտյան մարզի ղեկավարների մեծ մասը, իսկ գուցե եւ համարյա բոլորը, սպանվեցին զտումների ժամանակ, հետեւաբար, նրանց անունները չէր կարելի հիշատակել։ Նրանք, ովքեր մահացան մինչեւ զտումները, ստալինյան կենսագիրներն այդ պատճառով ջանացին մեծարել. հարկավոր էր չէ՛, թեկուզ հետին թվով, հեղաշրջման իրական ղեկավարներին ինչ-որ մեկով փոխարինել։ Ըստ երեւույթին, դրանով էլ բացատրվում է Ֆրունզեին վերագրվող դերը, դեր, որ նա Արեւմտյան մարզում երբեւէ չի խաղացել»։ Ինչ վերաբերում է Արեւմտյան մարզում Մյասնիկյանի գործունեությանը, այն այնքան բազմաբովանդակ, հագեցած ու անգնահատելի էր, որ, իսկապես, եղածի վրա հարկ չկար նրան «ավելորդ» հերոսացնելու։
Արեւմտյան մարզի բոլշեւիկացումն այն ժամանակ մեծ խնդիր էր, քանի որ այնտեղ կուսակցական հստակ գործունեություն գրեթե չկար. նույնիսկ միտում կար միավորվել մենշեւիկների հետ ու արդեն ներսից նրանցից լավագույններին գրավել բոլշեւիզմի կողմը։ Բացի այն, որ մարզը քաղաքականապես հասուն չէր, թեեւ հարուստ էր հեղափոխական ավանդույթներով, քրեական տարրերն էլ, իրենց հերթին, լուրջ խնդիրներ էին առաջացնում։ Փետրվարյան հեղափոխության ժամանակ Մյասնիկյանը հրետանային պրապորշչիկ էր. նրա զորամասը հեռու չէր ճակատային գծից. շատերի նման հեղափոխության սկզբից նա էլ լքեց զորամասը եւ հայտնվեց Մինսկում, որը Արեւմտյան մարզի գլխավոր քաղաքն էր։ Դա վարչական անվանում չէր, եւ Արեւմտյան մարզի սահմանները հստակ որոշված չէին. մարզի մեջ մտնում էին մի քանի նահանգներ, այդ թվում եւ Մինսկինը։ Ռուսաստանի այդ մասը հաճախ անվանում էին Ծայր արեւմուտք, որն աշխարհագրորեն գրեթե համընկնում էր այնուհետեւ կազմավորված Խորհրդային Բելոռուսիայի տարածքի հետ։ 1917 թ. սեպտեմբերին Մյասնիկյանն ընտրվեց Բելառուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար։ Սա, թերեւս, ամենալուրջ վստահությունն էր նրա նկատմամբ, որ կարեւորվում էր նրա նման գործչի ինտերնացիոնալ գաղափարական հատկանիշներով, բացի այն, որ նա, ինչպես նշում է Սլոցկին, «չափազանց ընդունակ էր, խելացի, ամեն ինչ որսում էր օդի մեջ», հիանալի հռետոր էր, որ ռուսերեն խոսում էր առանց մայրենիի շեշտադրության, ու երբ հարեց բոլշեւիկներին, անմիջապես նվիրվեց ու դարձավ անսասան բոլշեւիկ։ Այնուհետեւ նա շատ պատասխանատու պաշտոններ զբաղեցրեց, բայց ո՛չ ազգանվան «յան» վերջավորության փոխարինումը «ով»,- ով, ո՛չ էլ բոլշեւիկյան կամ ինտերնացիոնալիստական գաղափարախոսությունները նրան հետ չպահեցին ազգային հարցերը կարեւորելուց եւ նրանցով ըստ ամենայնի զբաղվելուց։
Մյասնիկյանը 1921 թ. հունվարին նշանակվեց Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ եւ ռազմական գործերի ժողկոմ։ Հայաստանի ծաղկումն ու բարգավաճումը նրա համար դարձան առաջնահերթ խնդիր, որից չէր կարող չօգտվել ազգանվեր ու փորձառու գործիչը, սակայն դա մի հոգու կամքի թելադրանք չէր կարող լինել. բացի հեղափոխական, ռազմական, քաղաքական գործունեությունից ու իրավաբանական ոլորտից, Մյասնիկյանը տիրապետում էր եւ գրական, եւ լեզվական ոլորտներին, ու շատ լավ գիտակցում էր գրականության, գիտության, արվեստի, մի խոսքով` մշակույթի դերը պետության կայացման ու զարգացման գործում։ Նա շատերին հրապուրեց ու բերեց Հայաստան, որոնց թվում էին Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Թամանյանը, Հրաչյա Աճառյանը։ Շատերին, ինչպես Տերյանին, Չարենցին, ծանոթ էր անձամբ, անհատական վերաբերմունք էր ցուցաբերում յուրաքանչյուրի նկատմամբ, զբաղվում յուրաքանչյուրի հոգսով ու մտահոգությամբ։ Իր հոդվածներում մեծ նշանակություն է տվել հայ գրերի գյուտի ստեղծմանը, ուսումնասիրել Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի եւ այլոց ստեղծագործությունները։ 1913 թ. Հայկական հարցի վերաբերյալ դասախոսություններ է կարդացել Մոսկվայում, որի դրույթները հրապարակվել են «Մշակ» թերթում (1913-14 թթ.)։ Մյասնիկյանի աշխատությունները լույս են տեսել նաեւ առանձին ժողովածուով։ Լինելով համարձակ ու սկզբունքային՝ երբեք չի տրվել պատեհապաշտության, անգամ այնպիսի սարսափազդու մի անվան առնչությամբ, որպիսին Ստալին կոչվող երեւույթն էր։
1921 թ. հուլիսի 4-5-ը Ալեքսանդր Մյասնիկյանը մասնակցել է ՌԿ(բ)կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստին, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Նա դեմ է քվեարկել Իոսիֆ Ստալինի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը։ Հայաստանի վերաբերյալ Մյասնիկյանի նման կամային ու հետեւողական գործչի ազգային ծրագրերը չէին կարող վրիպել ու անտերբերության մատնվել բոլշեւիկյան վերնախավի ուշադրությունից. թերեւս, դա էր պատճառը, որ ավիավթարի հետեւանքով զոհված կուսակցական գործչի մահը դարձավ քննարկումների առարկա ոչ միայն հասարակության, այլեւ կուսակցական գործիչների շրջանում. կասկած կար, որ այն կազմակերպված էր։ Մահախոսականում այդ կապակցությամբ հիմնավոր ակնարկեց Տրոցկին. «Մենք կորցրինք ընկերների եւ եղբայրների։ Հատկապես դժվար է մտածել, կրկնում եմ կրկին, որ նրանք զոհվել են ողբերգական պատահարի, օդային աղետի հետեւանքով։ Դժվար թե մենք երբեւէ մանրամասնորեն իմանանք նրանց զոհվելու իրական պատճառները, քանի որ տեղի ունեցածի՝ ողջ մնացած վկաներ չկան։ Նրանք բոլորն էլ զոհվել են՝ եւ երեք ուղեւորները, եւ օդաչու Շպիլը, եւ մեխանիկ Սագարաձեն։ Հեռագրում, որն այստեղ բարձրաձայնեցին մարզային կոմիտեից, առկա է ավարտական արտահայտություն. «Թող անիծվեն այն ճակատագրական օրենքները, որոնք հանգեցրին այս աղետին»։ Կասկածն առավել հիմնավոր է դառնում վթարի հանգամանքները քննող հանձնաժողովի եզրակացությանը ծանոթանալիս, ըստ որի՝ «ինքնաթիռի շարժիչն ու մյուս համակարգերն աշխատել են անխափան»։ Ենթադրվում է, թե, հնարավոր է «ուղեւորներից մեկը հատակին է նետել այրվող լուցկի, որն էլ հանդիսացել է հրդեհի աղբյուր»։ Սա բացառվում է, քանզի երեք ուղեւորն էլ եղել են պետական լուրջ գործիչներ, եւ մի լուցկիով հնարավոր չէր լինի միանգամից այնպիսի հրդեհ առաջացնել, որ փորձառու օդաչուն ու մեխանիկը ելք չգտնեին ինքնաթիռն անխափան վայրէջքի հասցնելու, այն դեպքում, երբ ականատեսները վկայել են, թե ինչպես թռիչքի պահին երկու հոգի դուրս են նետվել ինքնաթիռից ու, ընկնելով գետնին զոհվել։ Պարզ է, որ ուղեւորներից ոչ մեկը չէր կարող դուրս նետվել ինքնաթիռից. հարց է ծագում` ինչո՞ւ է ինքնաթիռը լքել Մյասնիկովին, Աթարբեկովին ու Մոգիլեւսկուն տեղափոխող անձնակազմը. չէ որ նրանք դրա իրավունքը չունեին. անգամ եթե կենդանի մնային, խիստ պատժի կենթարկվեին. կարելի է եզրակացնել, որ նման գործողություն իրականացնելու հետեւանքով նրանք կենդանի ու անպատիժ մնալու երաշխիքներ են ունեցել, թեեւ երաշխավորի համար կարեւորություն չուներ նրանց կենդանի մնալ-չմնալը։
Այնուամենայնիվ, Մյասնիկյանի զոհվելն ընդունվեց որպես մեծ ողբերգություն, եւ Ստալինը շտապեց կարգադրել Մյասնիկյանի անունով կոչել Ցարիցին քաղաքի օդաչուների առաջին ռազմական դպրոցը։ Մյասնիկյանի անունով են կոչվել Բելառուսի Մինսկի վագոնանորոգման գործարանը, որի բակում տեղադրված է նրա հուշարձանը, հրապարակ ու փողոց, Մյասնիկյան գյուղը` Վրաստանում, Մյասնիկովաբադ գյուղը՝ Նախիջեւանում, Մարտունաշեն գյուղը` Խանլարի շրջանում, Մարտունի գյուղը` Շամքորի շրջանում, Մյասնիկովի շրջանը` Ռոստովի մարզում, Հայաստանում նրա անունով են կոչվել Մարտունի քաղաքը` Գեղարքունիքի մարզում, Մարտունի գյուղը` Ճամբարակի տարածաշրջանում, Մյասնիկյան գյուղը` Արմավիրի մարզում, ինչպես եւ Մարտունի քաղաքը` Արցախի Հանրապետությունում։ Ալեքսանդր Մյասնիկյանի հիշատակն են հավերժացնում նաեւ շատ տեղերում կանգնեցված նրա հուշարձաններն ու կիսանդրիները։
Չմոռանանք` Ալեքսանդր Ֆյոդորի Մյասնիկյանը ծնվել է 1886 թ. փետրվարի 9-ին, Նոր Նախիջեւանում (Ռուսական կայսրություն), զոհվել 1925 թ. մարտի 22-ին, Թիֆլիսում, այնտեղ էլ հուղարկավորվել։