«Մի անգամ Բրյուսովի անվան ինստիտուտում գրականագետ Ալեքսանդր Դիմշիցը հանդես եկավ մի զեկուցմամբ՝ նվիրված գեղեցիկի հարցերի ըմբռնմանը: Ճարտար լեզու ուներ զեկուցողը, խոսելիք նյութին էլ լավ ծանոթ էր: Զեկուցման ընթացքում Համազասպ Համբարձումյանը տեղից մի քանի անակնկալի բերող հարցեր տվեց Դիմշիցին: Երբ զեկուցողն ավարտեց ասելիքը եւ ամբիոնից իջավ ցած, Համբարձումյանը ձայն խնդրեց նախագահողից ելույթի համար: Հետեւելով Համբարձումյանի օրինակին՝ Դիմշիցը տեղից մի քանի ակնարկելով փորձեց սասանել նրան: Անարդյունք փորձ. Համբարձումյանը, որ մասնագիտությամբ նաեւ իրավաբան էր, ավելի մարտական դիրք ընդունեց եւ աջ ոտքը հատակին զարկեց, աջ ձեռքի բթամատը վեր պարզելով՝ բաց թողեց իր այրուձին եւ սլացավ առաջ: Երբ վերջացրեց իր ասելիքը եւ ամբիոնից իջավ ցած, դիմելով ինձ, հայերեն ասաց.
-Հը, բարեկամ, ո՞նց էր:
-Ոնցն է՞լ խոսք ունի,- պատասխանեցի ես, եւ երկուստեք ժպտացինք:
Դիմշիցը, մոտենալով Համազասպ Ասատուրովիչին, հարցրեց.
-Դուք Վիկտոր Համազասպովիչի հա՞յրն եք:
Պատասխանը եղավ կարճ եւ ազդու.
-Նա՛ է իմ որդին…»:
Հովհաննես ՂԱՆԱԼԱՆՅԱՆ
Մեծահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անունն ու փառքը աշխարհին է հայտնի: Ժամանակին հայ միջավայրում մեծ ճանաչում է ունեցել նաեւ նրա գրականագետ, բանաստեղծ, թարգմանիչ ու իրավաբան հայրը՝ Համազասպ Համբարձումյանը: Իսկ որտեղի՞ց էին նրանց արմատները, ի՞նչ ակունքներից բխեց նրա որդու հանճարը:
Նրանց տոհմը սերում է Համբարձում աղայից, որն ապրել է 18-րդ դարում եւ հռչակված է եղել Մահտեսի անունով: Այդպես անվանում էին նրանց, ովքեր եղել էին Երուսաղեմում, անցել Տիրոջ ոտնահետքերով: Լինելով ունեւոր եւ հաջողակ վաճառական՝ Համբարձումն ու իր հետնորդները մեծ հեղինակություն են վայելել իրենց՝ Արեւմտյան Հայաստանի Ծաղկոտն գավառի՝ Արեւելյան Եփրատի ափին փռված Դիադին քաղաքում: Նրանց ընտանիքն է եղել քաղաքում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների նախաձեռնողն ու իրականացնողը: Նրանց տանն էին ընդունվում քաղաքային կյանքին վերաբերող կարեւոր որոշումներն ու վճիռները: 19-րդ դարասկզբին Համբարձումյանների նշանավոր տոհմի նահապետներն են առաջնորդել գաղթող դիադինցիներին դեպի Երեւան եւ Էջմիածին: Իրենք հանգրվանել են աղբյուրներով առատ Վարդենիսում: Այստեղ էլ 1880-ին ծնվում, դպրոցահասակ է դառնում Ասատուր եւ Թամամ ամուսինների որդի Համազասպը: Իսկ շենում դպրոց չկար: Նրանց զավակներն ստիպված էին ամեն օր 12 կմ ճանապարհ կտրել՝ Մեծ Մազրա գյուղի կրթարանում սովորելու համար: Այդքան երկար ճանապարհ անցնելը փոքրիկ Համազասպի համար շատ բան էր նշանակում՝ ուրեմն որքան կարեւոր է ուսում ստանալը…
1894-ին հայրը որդիներին բերում է Երեւանի վեցամյա թեմական դպրոց: Մեկ տարի էլ չանցած, Համազասպը, տեղեկանալով, որ Թիֆլիսում ավելի բարձրակարգ դպրոց կա, եւ որ ինքը շատ է ուզում այնտեղ սովորել հորն է դիմում այդ խնդրանքով: Ներսիսյան դպրոցից հետո նրան կանչում է կայսրության մայրաքաղաք Մոսկվան՝ իր Լազարյան ճեմարանով: Հայրը, սակայն, մերժում է: Ինքնագլուխ ու համառ պատանին որոշում է միայնակ գնալ եւ ընդամենը 10 ռուբլի գրպանում՝ նստում է գնացք: Ճամփորդությունը տեւում է 16 օր: Ճանապարհին անտոմսակ ուղեւորին քանիցս իջեցնում են, անգամ կալանավորում: Սակայն տեղի հայկական համայնքը, ունեւոր մարդիկ, իմանալով, որ ձմռան այդ ցրտին մի խեղճ ու կրակ տղա Հայաստանից Մոսկվա է հասել սովորելու նպատակով տեր են կանգնում, աջակցում ամեն կերպ: Իսկ կրթօջախում նրան սկսում են մեծարել որպես «հայկական Լոմոնոսովի»: Տիրապետում է ռուսերենին, ծանոթանում ռուսական արվեստին ու գրականությանը, ուսումնասիրում լատիներենն ու հունարենը, անտիկ աշխարհի պատմությունը, դարվինիզմը:
1900 թվական. ամպրոպի նման պայթում է Համազասպին ճեմարանից հեռացնելու լուրը. նրան մեղադրում էին անվստահելի եւ անաստված լինելու մեջ: Բայց դրանից նա չէր կոտրվելու. արտահերթ քննություններ հանձնելով՝ ընդունվում է Մոսկվայի համալսարան: Սրան հաջորդում է ուսումնառությունը Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանում, որի ռեկտորը հայատյաց մեկն էր՝ Ժդանով ազգանունով: Նիկողայոս Ադոնցի եւ Մառի շնորհիվ է, որ Համազասպին հաջողվում է դառնալ այս բուհի իրավաբանական բաժնի ուսանող: Հետագայում այդ տարիները նա համարելու էր «պրոֆեսորների հետ ճակատամարտերի տարիներ»: Այդպիսին էր՝ համառ, նպատակամետ եւ անկոտրում:
Հետո վերադառնալու էր Թիֆլիս՝ մտերմանալու ժամանակի մշակութային ու գրական երեւելիների հետ, դառնալու Հայ գրական ընկերության քարտուղարը, զբաղվելու փաստաբանությամբ, հրապարակումներով ու բանաստեղծություններով հանդես գալու «Բանբեր», «Գործ», «Մշակ», «Հորիզոն» պարբերականներում: Վեճերի էր բռնվելու չարամտությամբ իրեն փաստաբանի իրավունքից զրկած, «տարտարոսի գեհենից դուրս եկած եւ արդարադատության խորանը պղծող» կաշառակեր դատավորների հետ, դատի էր տալու նրանց եւ իր արդարությամբ շահելու էր այն: Այսպիսին է եղել մեծն Վիկտոր Համբարձումյանի պատվարժան հայր Համազասպ Համբարձումյանը՝ բանաստեղծական չորս գրքերի հեղինակն ու հոմերյան անմահ ստեղծագործությունների՝ «Իլիականի», «Ոդիսականի», հույն ողբերգակների տաղանդավոր թարգմանիչը: Թարգմանել է նաեւ ռուս եւ եվրոպացի բանաստեղծների, մենագրություն գրել Հոմերոսի մասին՝ արժանանալով բանասիրական գիտությունների դոկտորի աստիճանի: Եղել է նաեւ մանկավարժ, դասախոսություններ կարդացել անտիկ գրականության թեմաներով եւ կախարդանքի մեջ պահել լեցուն դահլիճը:
Համազասպ Համբարձումյանին բախտ էր վիճակվելու ներկա լինել Բյուրականի աստղադիտարանի բացմանը, հրճվելու ու հպարտանալու աշխարհահռչակ իր զավակով եւ հավերժական հանգիստը գտնել Արագած լեռան փեշերին՝ այնտեղ, որտեղ հանգչում է նաեւ աստղերի հետ հավերժական զրույցի բռնված իր հանճարեղ զավակը…