ՆԱՏՕ-ն ակնհայտորեն դանդաղում է Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցության հարցում: Եգիպտական «Noonpost»-ի հեղինակներից մեկի՝ Իմադ Աննանի կարծիքով՝ Արեւմուտքում հասկանում են, որ չեն կարողանա լուծել հետեւանքները, եթե ստիպված լինեն ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Դա էլ, իր հերթին, Արեւելյան Եվրոպայի անդամ պետություններին ցույց կտա, որ ՆԱՏՕ-ն անհուսալի գործընկեր է:
2008 թ. Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պաշտոնական որոշում ընդունվեց այն մասին, որ Ուկրաինան ու Վրաստանը դաշինքի անդամներ կդառնան, միեւնույն ժամանակ ոչ Թբիլիսիին, ոչ Կիեւին այդ ժամանակ ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան չներկայացվեց:
Դրանից մոտ 14 տարի անց Ուկրաինան առաջվա կարգավիճակում է: Նա «դե ֆակտո ՆԱՏՕ-ի անդամ չէ», ոչ էլ մի երկիր, որին պաշտոնապես մերժել են անդամակցության հարցում: Այդ մասին հիշեցրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ինչպես հասկանում եք, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում կազմակերպության 30 անդամներն առայժմ միասնական դիրքորոշում չունեն, սակայն երկրների մեծամասնությունն աջակցում է մեզ: Նրանք միասնական դիրքորոշում չունեն նաեւ ռազմական օգնության ցուցաբերման հարցում»:
2014 թ. Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո վերլուծաբանները սպասում էին, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելը միայն ժամանակի հարց է, հատկապես այն բանից հետո, երբ Եվրոպան ու ԱՄՆ-ն հայտարարեցին Կիեւին իրենց լիակատար աջակցության մասին՝ «ընդդեմ ռուսական ագրեսիայի»:
Մի կողմից Ուկրաինայի, մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ ՆԱՏՕ-ի հարաբերություններն սկսվել են 1990-ականների սկզբին։ Դրանք ակտիվորեն զարգանում էին բոլոր ուղղություններով՝ իրենց գագաթնակետին հասնելով 2014 թ. ռուս-ուկրաինական ճգնաժամից հետո, եւ այդ ժամանակվանից դարձել են ՆԱՏՕ-ի ամենախորը արտաքին գործընկերություններից մեկը։
Ակտիվորեն զարգացել է նաեւ ռազմական ոլորտում կողմերի համագործակցությունը։ 2021 թ. փետրվարին ՆԱՏՕ-ն եւ Ուկրաինան նամակ են ստորագրել հատուկ գործողությունների ոլորտում համագործակցության մտադրության մասին, իսկ նույն թվականի ապրիլին, այսինքն՝ այդ նամակի ստորագրումից ընդամենը երկու ամիս անց ԱՄՆ դեսպանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այժմյան տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն շատ խոսուն հայտարարություն արեցին այն մասին, որ ժամանակն է Ուկրաինայի զինված ուժերը «համապատասխանեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին»։
Այս հայտարարությունից մեկ շաբաթ անց ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը բացառեց առաջիկա տարիներին դաշինքի ընդլայնումը։ Դա Ֆրանսիայի եւ Գերմանիայի կիսապաշտոնական դիրքորոշումն է, որը վերջերս հնչեցրեց Ուկրաինայի նախագահը, երբ հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի երկրները միասնական կարծիք չունեն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում։
Ի դեպ, ուկրաինացիների՝ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը 2014 թ. համեմատ աճել է։ Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն՝ ուկրաինացիների 69 տոկոսը պատրաստ է եւ աջակցում է ԵՄ-ին անդամակցությանը, իսկ 57 տոկոսը ցանկանում է, որ Ուկրաինան մտնի ՆԱՏՕ-ի կազմ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թ. մարտի 18-ին հայտարարել է, որ Արեւմուտքը ստել է դեպի արեւելք ընդլայնման դադարեցման մասին՝ շեշտելով, որ ՆԱՏՕ-ն եղել եւ մնում է ռազմական կազմակերպություն, եւ ՌԴ-ն դեմ է, որ այդ ռազմական դաշինքը տնօրինի իր «հետին բակում», այսինքն՝ Ուկրաինայում եւ Վրաստանում:
Ռուսաստանը ՆԱՏՕ-ին կստիպի զղջալ Կիեւի հետ «սիրախաղի» համար. նրա նախազգուշացումները «գագաթնակետին հասան» 2021 թ. սկզբին, երբ Ռուսաստանն սկսեց ռազմական ուժեր կուտակել Ուկրաինայի հետ սահմանին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախազգուշացրել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է հանգեցնել «անդառնալի հետեւանքների Ուկրաինայի պետականության համար»։
Վերջին երկու տարվա ընթացքում Մոսկվան ժամանակ առ ժամանակ ուժ է ցուցադրում Ուկրաինայի հետ սահմանին՝ ակնարկելով Ղրիմի սցենարի կրկնության հավանականությունը, եթե Կիեւը հատի «կարմիր գծերը» Արեւմուտքի հետ հարաբերություններում, որոնցից գլխավորը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է:
Ռուսաստանի առարկությունները բխում են 1990 թ. Արեւմուտքի կողմից ԽՍՀՄ-ին տրված հին խոստումից, որ ՆԱՏՕ-ն չի ընդարձակվի դեպի արեւելք Գերմանիայի վերամիավորման եւ Բեռլինի պատի փլուզման խորհրդային համաձայնության դիմաց: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հիշեցնում է, որ արխիվային փաստաթղթերում ՆԱՏՕ-ի՝ դեպի արեւելք չընդլայնվելու իրավական երաշխիքներ չկան։
2021 թ. դեկտեմբերին Մոսկվան պահանջել է հետ կանչել 2008 թ. Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը՝ Ուկրաինայի եւ Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու մասին։ Սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մերժել է նրա պահանջը՝ հայտարարելով, որ «ՆԱՏՕ-ի երեսուն անդամները պետք է որոշեն, թե երբ Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, եւ ոչ ոք իրավունք չունի միջամտելու այս գործընթացին: Մեզ համար անընդունելի է, որ Ռուսաստանը փորձում է վերականգնել մի համակարգ, որում խոշոր տերությունները, ինչպիսին Ռուսաստանն է, ունեն ազդեցության ոլորտներ, որտեղ կարող են վերահսկել կամ որոշել, թե ինչ կարող են անել մյուս անդամները»:
Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հասկանալու համար անհրաժեշտ է հիշել, որ այն Մոսկվայի համար ավելի մեծ ռազմավարական եւ պատմական նշանակություն ունի, քան Արեւմուտքի համար։ Ռուսաստանը ռուսներին եւ ուկրաինացիներին մեկ ժողովուրդ է համարում. Ուկրաինան երկար դարերի ընթացքում եղել է Ռուսական կայսրության մասը, եւ ուկրաինացիների հիմնական զանգվածը խոսում է ռուսերեն, էլ չասած սոցիալական խորը հարաբերությունների մասին, որոնք կապում են ժողովուրդներին, եւ ռազմավարական անվտանգության մասին՝ ընդհանուր սահմանների լույսի ներքո: Այսպիսով՝ Մոսկվան կողքից չի նայի, եթե արեւմտյան ճամբարը ինչ-որ պատճառով մոտենա դրան։
Հիմա ակտիվ բանավեճ է ընթանում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության օրինականության հարցի շուրջ։ Հակառակորդները հենվում են 1991 թ. օգոստոսի 24-ին ստորագրված «Ուկրաինայի անկախության մասին» հռչակագրի վրա, որն արգելում է նրան միանալ որեւէ ռազմական դաշինքի։ Սակայն 2014 թ. դեկտեմբերին Գերագույն Ռադան փոփոխություններ մտցրեց Սահմանադրության մեջ, որոնք ամրագրեցին Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին երկրի լիիրավ անդամակցության կուրսը:
Այս հակասություններից բացի, կա ռուսական ակնհայտ գերազանցություն, հատկապես՝ ցամաքում, ինչը խոչընդոտում է ուկրաինացիների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներին։ Մի քանի տարի առաջ Ուկրաինայի հարավային եւ արեւմտյան սահմաններին տեղակայված էին 270000 ռուս զինվորականներ եւ 700 կործանիչներ, սակայն 2015-ից հետո զինվորականների քանակն ավելացել է եւս 150000-ով: Սա նշանակում է, որ Մոսկվան ի վիճակի է պատերազմի դեպքում հնարավորինս արագ մոբիլիզացնել իր ռազմական ուժերն այս տարածաշրջանում՝ ի տարբերություն Արեւմուտքի, որը բախվում է նյութատեխնիկական լուրջ խոչընդոտների եւ մարտահրավերների։
Ղրիմում այժմ ավելի քան 25000 ռուս զինվորական կա, բազմաթիվ նավեր եւ սուզանավեր, ինչպես նաեւ C-400 զենիթահրթիռային համակարգեր, որոնցով Ռուսաստանը կարող է խփել ՆԱՏՕ-ի ինքնաթիռները մինչեւ 400 կմ հեռավորության վրա։
ՆԱՏՕ-ն, իր հերթին, բալթյան երկրներում տեղակայել է բազմազգ մարտական խմբեր, որոնց հիմնական նպատակն ուժի ցուցադրումն է։ Բայց չնայած տարածաշրջանում բրիտանական եւ ամերիկյան զորքերի տեղակայմանը, Ռուսաստանի գերազանցությունը դեռեւս զգալի է: Եվ այսօր հարց է՝ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ն կարո՞ղ են պաշտպանել Ուկրաինային ցամաքում: Կամ, այլ կերպ ասած, Արեւմուտքը կկարողանա՞ գլուխ հանել հետեւանքներից, եթե օգնության հասնի Ուկրաինային։
Ռուս-վրացական պատերազմը (2008 թ.), Ղրիմի միացումը (2014 թ.) եւ ուժի ցուցադրումն Ուկրաինայի սահմանների մոտ ցույց են տալիս, որ ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն դեռ պատրաստ չեն պատերազմել Ռուսաստանի դեմ։
Քիչ հավանական է, որ Եվրոպան տասնյակ հազարավոր զինվորներ կուղարկի ուկրաինացիներին պաշտպանելու համար։ Դա պայմանավորված է ծանր տնտեսական ճգնաժամով եւ պոպուլիստական շարժման աճով, որը, անկասկած, կդիմադրի նման միտումներին։ Նույնը վերաբերում է Ջո Բայդենի քաղաքականությանը՝ ուղղված արտասահմանում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատմանը։