44-օրյա պատերազմն անխուսափելիորեն իր հետքը թողեց Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների, աշխարհով մեկ սփռված հայության հոգեկերտվածքի վրա, բայց ոչ հուսահատություն ներարկելով, այլ ճիշտ հակառակը: Այն մեր հասարակությանն առաջին հերթին նպատակաուղղեց ավելի ուժեղ պետություն կառուցելու գործում վճռական քայլեր կատարելուն, քանզի կենսունակ պետությունն է հարատեւության գրավականը: Մեր քաղաքացիները հաստատապես համոզվեցին, որ ուժեղ պետություն ունենալու համար պետք է մշտապես «մատը պահել» աշխարհի զարկերակի վրա՝ համահունչ քայլելով արդի փոխգործակցության չափանիշների, բոլոր բնագավառներում կիրառվող նորարարական տեխնոլոգիաների հետ: Վերջինս առավել քան կարեւոր է, քանի որ համաշխարհային գործընթացները խելահեղ արագությամբ են զարգանում կյանքի բոլոր ոլորտներում:
Պատերազմը հայրենասիրության զգացումի նոր բռնկում էր, եւ նրա հետզհետե հզորացող ալիքը դեռ սերունդներ է ալեկոծելու: Անմահացած հերոսներն ամեն օր սոցիալական ցանցերի էջերից, հեռուստաէկրաններից իրենց խրոխտ, քաջ եւ իմաստուն հայացքով ուժեղ ապրելու պատգամն են սփռում: Հայաստանի յուրաքանչյուր համայնքի մանուկ իր կողքին ապրած հերոսների օրինակներով է դաստիարակվում: Դպրոցականն ամեն օր դպրոցի միջանցքներով նահատակվածների՝ լուսանկարներից ժպտացող հայացքների ներքո է գնում դասասենյակ՝ գիտակցելով, որ պարտք ունի նրանց առաջ, պետք է իր երկրի համար պիտանի քաղաքացի դառնա եւ միայն դրանով կարող է պահել հերոսների՝ թանկ գնով իրեն պատգամած հողը:
Պատերազմ տեսած սերունդն այսօր, առավել քան երբեւէ, մոտիվացված է կենսունակ պետություն կառուցելու: Յուրաքանչյուրը հասկանում է, որ մեր ազգային հարստությունն ու ռեսուրսները վատնելու իրավունք չունի, ամենաթանկը՝ իր ժամանակը պարապ վատնելու իրավունք չունի, գրված ու չգրված օրենքները շրջանցելու հնարավորությունից զրկված է այլեւս, մշակովի հողերն անվար թողնելը դավաճանություն է:
Պատերազմից հետո բոլորս հասկացանք, որ երկիրը միայն ուժեղացնելով կարող ենք պահել, հակառակ դեպքում «ոտնատակ» կլինենք աշխարհով մեկ մեկնարկած գոյության պայքարի, կենսական ռեսուրսների հետեւից խելահեղ վազքի անվերջ մարաթոնում: Իսկ այսօր դրա համար հավասարապես պետք են որակյալ ծրագրավորողն ու գյուղատնտեսը, փականագործն ու բժիշկը, ուսուցիչն ու վարորդը…
2020 թվականից հետո ավելի ուժգնությամբ ընկալվեց ընտանիքի արժեքը՝ նպատակային ապրելու եւ երկրի համար արժանի սերունդ մեծացնելու, ամուր ընտանիք ունենալու հրամայականը: Վերջապես՝ առավել քան երբեւէ, այսօր ենթագիտակցականից դուրս հորդեց կյանքի արժեքի գիտակցումը, ապրողներիս համար երկնային ճամփան բռնած շուրջ 4000 հերոսների պատգամով մեր հողի վրա արժանապատիվ քայլելու պարտավորության զգացումը:
Պատերազմը մեզ պարտադրեց ավելի սթափ գնահատել աշխարհաքաղաքական անցուդարձը, որտեղ որոշվում է պետություններին վերաբերող ամեն ինչ, եւ գիտակցել, որ այդ որոշումների կայացման գործընթացում լսելի ձայնի իրավունքը պետք է վաստակենք: 44-օրյա պատերազմը եկավ համալրելու մեր անցյալի դասերը, որոնք մեր ոսկեղեն պատմությունում, ցավոք, քիչ չեն, եւ պարտադրելու դրանցից քաղել ճիշտ եզրակացություններ եւ որոշումներ, քանզի ոչ մեկը մեր սխալ քայլը երբեք չի ներել, չի էլ ներելու: Սխալվելու իրավունք էլ չունենք: