Հայկական ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկի վերաթողարկումից հետո մինչ օրս ՀԱԷԿ-ում բազմաթիվ նախագծեր են իրագործվել ԱՄՆ աջակցությամբ` թե՛ ֆիզպաշտպանության համակարգի եւ թե՛ անվտանգ շահագործման համար պատասխանատու այլ համակարգերի արդիականացման ուղղությամբ:
Առանցքային նախագծերից մեկը մեծամասշտաբ վարժասարքի ներդրման նախագիծն է, որի շրջանակներում ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ֆինանսավորմամբ 2019-ից ՀԱԷԿ-ում իրականացվում են վարժասարքի ծրագրային ապահովման եւ նոր մոդելների մշակման աշխատանքներ՝ Western Services Corporation (WSC) ընկերության, «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ-ի եւ ՀԱԷԿ-ի համապատասխան մասնագետների ներգրավմամբ։ Ներկայումս իրականացվում է մոդելների փորձարկման եւ կարգաբերման փուլը, որից հետո նախատեսվում են վարժասարքի նախագործարանային փորձարկման աշխատանքները։
ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Վիլիամ Լայթինենի գլխավորած պատվիրակությունն օրեր առաջ Հայկական ատոմային էլեկտրակայանում էր։ ՀԱԷԿ-ի ղեկավարության ուղեկցությամբ հյուրերը նախ տեխնիկական շրջայց են կատարել կայանի տարածքում՝ ծանոթանալու ամերիկյան կառավարության աջակցության ծրագրերի շրջանակներում իրականացված եւ ընթացիկ աշխատանքներին:
Ինչպես «ՀՀ»-ն երեկ տեղեկացավ ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, հայկական ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանից, պատվիրակության այցը հայկական ատոմակայան ճանաչողական է եղել։ Եվ շրջայցից հետո խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային հարցեր: «Գրեթե երեք տասնամյակ է, ինչ Միացյալ Նահանգներն անվտանգության ապահովմանն ուղղված տարբեր ծրագրերի միջոցով աջակցում է Հայաստանին կայանի անվտանգ, կայուն եւ hուսալի շահագործման ապահովման հարցում»,- ասել է ԱՄՆ փոխդեսպանը:
Հայկական կողմը հույս է հայտնել, որ ատոմային ոլորտում հայ-ամերիկյան արդյունավետ համագործակցությունը նույն ոճով կընթանա, քանի որ ՀՀ-ն մտադիր է 2026-ից հետո էլ շարունակել միջուկային բլոկի աշխատանքը։
Ամերիկյան կողմը հաստատել է իր պատրաստակամությունը երկկողմ փոխգործակցության շրջանակներում օժանդակության առումով, ինչի արդյունքում հնարավոր կլինի կայանի անվտանգության մակարդակի էլ ավելի բարձրացմանն ուղղված ծրագրեր ու նախագծեր իրագործել։