Ուկրաինայի արեւելքում բռնկված բախումը շատերի մոտ նոր զուգահեռներ առաջացրեց Արցախյան պատերազմի հետ՝ առիթ տալով Ադրբեջանին, ինչպես կարծում են ոմանք, այդ հողի վրա ավելի սերտացնել իրենց հարաբերությունները։ Իրականում այդ մերձեցումն այլ ելակետերից է հաստատված եւ դոնբասյան հակամարտությունից շատ ավելի առաջ։ Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ Ուկրաինան ցուցաբերեց շատ ավելի լոյալ մոտեցում, քան նախկինում էր։ Հայաստանը պետք է կարողանա օգտվել այս վիճակից` Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ Արեւմուտքի այս խճճված դիրքորոշումների արանքում պահելու նուրբ հավասարակշռությունը, խուսափելու սադրանքներից եւ խթանելու ազնիվ հարաբերությունները մեր ժողովրդի հետ հազարամյա կապերի մեջ գտնվող այս երկրի հետ։
Այն թեզը, թե Ուկրաինային եւ Ադրբեջանին կապում են քաղաքական ընդհանրությունները, իմա` տարածքային ամբողջականության պահպանման ընդհանուր ելակետը, մակերեսային է։ Այսօր, այո, կան ընդհանրություններ Արցախում եւ այս երկրում ծավալված ազգային-ազատագրական պայքարի խնդիրներում, վաղը կփորձենք բացատրել, որ դրանք այնքան էլ նման չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Սակայն ուկրաինա-ադրբեջանական հատուկ մտերմությունն սկսվել էր դոնբաս-լուգանսկյան հակամարտության ծագումից տասնամյակներ առաջ` ԽՍՀՄ փլուզումից հետո հենց առաջին տարիներին, եւ այդ ժամանակվանից տեսանք ուկրաինական ուղղորդված օգնությունն ադրբեջանական կողմին` զենքով, հայտնի դիպուկահար(ուհի)ներով, միջազգային քաղաքական աջակցությամբ եւ այլն։ 1997 թ. հիմնադրվեց ՎՈՒԱՄ կազմակերպությունը, երբ չկային ո՛չ ուկրաինական, ո՛չ վրացական բախումները։ Ակնհայտորեն այս կազմակերպությունը ստեղծվել էր հակառուսական տրամադրությունների հիմքի վրա։
Վերադառնանք ուկրաինա-ադրբեջանական սերտացմանը։ Վերը վկայեցինք, որ այստեղ միակ հանգամանքը տարածքային ամբողջականության սկզբունքը չէ։ Այդ մասին է խոսում նաեւ ադրբեջանական «ախպերությունը» Բելառուսի ղեկավարի հետ` մի երկրի, որը տարածքային ամբողջականության խնդիր ընդհանրապես չունի։ Այստեղ մեծ դեր է խաղում սովորական օգտաշահությունը` ուտիլիտարիզմը։ Նավթի գայթակղիչ բուրմունքը, որ դեռ մեկ դարից ավելի առաջ անգլիացիներին էր բերել Հարավային Կովկաս, բնական է, որ այս անկախացած եւ դեռ ոտքի կանգնելու խնդիրներ ունեցող հետխորհրդային երկրներին կարող էր մոռանալ տալ հավատքի, մշակութային, պատմական, քաղաքակրթական ընդհանրությունները` հանուն շահի առաջնային դարձող գործոնի։
Ժամանակակից ինդուստրիալ քաղաքակրթության ստեղծող արեւմտյան (եվրոպական) մշակույթի բարոյական այս անկումը դեպի հասարակ շահամոլություն սկսվել էր դեռեւս 19-րդ դարի կեսերին` լորդ Պալմերսթոնի հայտնի ասույթով` մենք չունենք մշտական դաշնակիցներ եւ մշտական թշնամիներ, այլ ունենք մշտական շահեր… Զարմանալ միայն կարելի է, թե մանր բյուրգերական այս մտածողությունը, որ այսօր էլ լայն շրջանակների կենսակերպն է, ինչպես կարողացավ Եվրոպայում, ապա եւ ամբողջ աշխարհում Բայրոնի, Շելլիի, Շիլլերի, Հյուգոյի, Լամարտինի եւ բազմաթիվ մյուս փայլուն անհատականությունների հաստատած արիստոկրատական առաքինության կանոնները փոխարինել ցածր, շահախնդիր այս ուտիլիտարիզմով։ Վստահեցնում եմ՝ այսօր զարգացման նոր ուղի դուրս եկած եւ տարածվող թուրքական պարզ էգոիստական նվաճողականությունը քաղաքակիրթ աշխարհում ա՛յս օգտապաշտական մտածողության հաղթանակի արդյունքն է։
Սրանք համառոտ ուրվագծեր էին միայն` բացատրելու մշակութաբանորեն, քաղաքականապես եւ դավանանքով հակադիր ծագման սլավոնական պետությունների այսպիսի հակումը դեպի թուրքականություն։ Այսօր Ուկրաինայի` Ադրբեջանի հետեւից գնալու դրսեւորումները չափազանց ակներեւ են։ Դիտարկենք դրանցից մի քանիսը։
Մեր ժամանակներում ամենացայտուն կերպով Ադրբեջանն ընտրեց եւ կիրառության դրեց ինքնահաստատման այնպիսի գործելակերպ, ինչպես` պատմություն խեղաթյուրելը, սեփական կեղծված, ազգայնական կենսագրություն հնարելը եւ տարածելը` ուրիշների մշակույթի ու պատմության հաշվին։ Փոքրամասնության (ոչ տիտղոսային ազգի) լեզուների սահմանափակումը, ազգային ինքնության աղավաղումը, ազգային հակամարտության գրգռումը։ Ադրբեջանականին բնորոշ նման երեւույթներ ուկրաինական միջավայրում եւս, որոշ հող ունենալով, երբեմն հաստատվելու միտումներ են ցուցաբերում։
Դրսեւորվում են նաեւ քաղաքական մոտեցումներ, որոնք ձեւավորվել են հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում, այդ թվում դրսի, ավելի հիմնարար պատմական փորձ ունեցող երկրների օգնությամբ։ Այսպես՝ Ադրբեջանում միշտ եւ հետեւողականորեն ձգտել են արցախյան հակամարտությունը ներկայացնել որպես միջպետական` Հայաստան-Ադրբեջան բախում՝ սքողելով դրա ներքին պատճառները, ազգային ազատագրական բնույթը, փոքրամասնություն անվանված բնիկ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը։ Ուկրաինական հակամարտությունում եւս ուրվագծվում է նման քաղաքական գիծ` Դոնբաս-Լուգանսկի վարչակազմի համառորեն չճանաչում, նրանց հետ ուղղակի բանակցությունների բացառում եւ բոյկոտում նրանց ինքնուրույն դրսեւորումը միջազգային ատյաններում՝ փոխարինելով այդ ներկայացուցչականությունը ռուսներով։ Այս զուգահեռները պայմանավորված չեն միայն դրության նմանություններով, այլ ակնհայտորեն խորհրդատվական, նախօրոք մշակված եւ փորձարկված քաղաքականության վկայություն են։
Եվ անմիջապես նշենք, որ այս եւ մյուս համընկնումների մեջ հենց ընդգծվում են տարբերությունները։ Նախ` Ուկրաինայում ոչ մի երեւույթ չի ունենում այնպիսի բարբարոս, ֆաշիստական դրսեւորումներ, ինչպես Ադրբեջանում։ Դոնբասի ու Լուգանսկի բնակչությունից գուցե ակնկալվում էր քաղաքացիության հիմքի վրա աստիճանական միաձուլում, գուցեեւ դա էլ չստացվեր։ Իհարկե, ինքնին արդեն անարդարություն է` ավելի մեծաքանակ եւ ավելի հայտնի մշակույթ ունեցող ժողովրդին պարտադրել՝ հանդես գալու ավելի փոքրի անվան տակ (չասենք` տիրապետության)։ Սակայն, բոլոր դեպքերում, ուկրաինական իրադարձությունները ոչ մի կերպ չէին սպառնում նմանվել 90-ականների` Շահումյանի շրջանի եւ 2020-ի` Շուշիի եւ Հադրութի հայկական տարրի վայրկենական անհետացմանը։ Ահա այստեղ է դոնբաս-լուգանսկյան եւ արցախյան հակամարտությունների տրամագծային տարբերությունը. Արցախում ի սկզբանե դրված էր եւ իրականացվում էր հայ բնակչության արմատական բնաջնջման հարցը` ինչպես վաղուց կատարված փաստ է Նախիջեւանում եւ այլուր։ Այս հանգամանքն է, որ ծուլացած, ճարպակալած միջազգային հանրությունը եւ նրանց կազմակերպությունները չեն ուզում ընկալել։
Համեմատելի են նաեւ պատմական սահմանաբաժանման աղաղակող անարդարությունների հետեւանքները այս հակամարտություններում։ Նման է նաեւ իրենց կյանքը հանուն սեփական ինքնության պահպանման մահվան զոհասեղանին դրած ազատամարտիկների` ահաբեկիչների հետ նույնացման քաղաքականությունը։
Այսօր էլ նման մի նոր ձեռագիր է հանդես եկել` խառնել պատերազմի աղբյուրը եւ օբյեկտը։ Ուկրաինան ակնհայտ զինվում է հարձակողական, մահաբեր (լետալ) զենքերով, արագ կարգով ձեռք են բերվում նորագույն զինատեսակներ, այդ թվում` թուրքական անօդաչուներ (որոնք այս անգամ արդյունավետ չեն լինի Ռուսաստանի անհամեմատ շահագրգիռ վերաբերմունքի շնորհիվ)։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան հանում են երկրից իրենց քաղաքացիներին։ Ուկրաինայում առավել անկեղծ քաղաքական գործիչներն ուղղակի հայտարարում են, թե պետք է ադրբեջանական տարբերակով լուծել Դոնբասի հակամարտությունը։ Այսպիսի պայմաններում պաշտոնապես ամբողջ Արեւմուտքը հայտարարում է, թե Ռուսաստանն ուզում է կռիվ սկսել։ Դոն-Լուգանսկյան հանրապետություններին պատերազմ պետք չէ, նրանք փաստացի ինքնորոշվել են, եւ նրանց այսօր ձեռնտու է եթե ոչ նորմանդական ձեւաչափով հակամարտության խաղաղ լուծումը, ապա գոնե նրա սառեցումը։ Դոնբաս-Լուգանսկը հիմա նույն Արցախի վիճակում են՝ անընդհատ փորձում են ապացուցել, որ իրենք չեն առաջինը կրակում, իրենք միայն պաշտպանվում են, պատասխանում են իրենց վրա հարձակումներին։ Իսկ միջազգային հանրությունը պատժամիջոցներ է սահմանում նրանց պաշտպանել ցանկացող Ռուսաստանի նկատմամբ։ Իրագործվում է պատճառի ու հետեւանքի նույն խճողումը։ Հիշո՞ւմ եք` Արցախում, երբ խաղաղություն ապահովելուն կոչված Մինսկի խմբի պատվիրակները գալիս էին տարածաշրջան ու ընկնում ադրբեջանական կրակոցների տակ։ Սրանք փախչում էին, հետո բարեկեցիկ Եվրոպայից հայտարարում, թե չտեսան` ով էր կրակում։ Հենց նման մոտեցումն արձակեց Ադրբեջանի ձեռքերը` նախահարձակ պատերազմ սկսելու։
Գուցեեւ Ուկրաինայի արեւելքում բռնկված այս ծանր հակամարտությունը լուծվեր Մինսկի ձեւաչափի՝ ինքնավարության տրամաբանությամբ։ Սակայն Ուկրաինայի հոգում անբուժելի վերք է դարձել ժամանակին մեծ զիջումների գնով ձեռք բերված տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների բացառման պայմանագրի, իրենց խոր համոզմամբ` հանդուգն, կոպիտ ու ինքնավստահ խախտումը։ Հենց դա էլ դրդում է այս երկրին ամեն տեսակի կոնյունկտուրային համագործակցությունների դիմել բոլոր հնարավոր տարբերակներում։
Մի փոքր ուկրաինա-ադրբեջանական շարունակվող ռազմական համագործակցության մասին։ Առաջին Արցախյան պատերազմի մասին խոսեցինք։ Դրանից հետո եւս, երկրորդ պատերազմի նախապատրաստության տարիներին, Ուկրաինան շարունակել է ակտիվ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ Դեռ 1997-ին նրանց միջեւ համաձայնագիր է ստորագրվել ռազմատեխնիկական համագործակցության մասին։ Դարիս առաջին տասնամյակում Ուկրաինան միակողմանիորեն Ադրբեջանին է մատակարարել 100-ի չափ տանկ, հարյուրից ավելի հետեւակի զրահամեքենաներ, տասնյակ մարտական ուղղաթիռներ, ՄԻԳ-29 ինքնաթիռ, մի քանի տասնյակ հրետանային ինքնագնաց կայանքներ, հակահրթիռային կառավարվող համակարգեր, հազարավոր ինքնաձիգներ։ Սրանք միայն հաստատված մոտավոր տվյալներն են։ Սակայն շատ ուշագրավ է, որ վերջին տարիներին, գուցեեւ վերջին վարչակարգի օրոք այս երկիրմ սկսել է ցուցաբերել ակնհայտորեն ավելի հավասարակշռված մոտեցում։ Այսպես՝ Արցախյան վերջին պատերազմի կապակցությամբ, բնականաբար, գտնվեցին դրանով ոգեւորվողներ Ուկրաինայում։ Օրինակ՝ «Ժողովրդի ծառա» իշխանական կուսակցությունից մի պատգամավորուհի միակողմանիորեն կանգնեց Ադրբեջանի պաշտպանության դիրքերում՝ նշելով, որ այս հակամարտությունում Ուկրաինան սատարել ու սատարում է Ադրբեջանին, «… որքան գիտեմ, մենք արդեն աջակցություն ենք ցուցաբերում եւ՛ իրավական, եւ՛ ռազմական, եւ՛ հումանիտար օգնության դաշտում» (պատկերացնո՞ւմ եք` հումանիտար օգնություն ագրեսոր, մարդասպան Ադրբեջանին)։ Սակայն պաշտոնական կողմից, ինչպես նշվում է մամուլում «դրան հետեւեցին արդարացումները»։ Նախագահ Զելենսկին ասուլիսում հայտարարեց, որ Ուկրաինան հակամարտության ընթացքում ռազմական օգնություն չի ցուցաբերելու ոչ մի կողմին։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին հակամարտության դադարեցման եւ խաղաղ երկխոսության»՝ հորդորելով չշփոթել պատգամավորներից մեկի անձնական կարծիքը պաշտոնականի հետ. «Դա մտնում է ոչ թե մի պատգամավորի, այլ երկրի ղեկավարի իրավասությունների մեջ, ուստի նման հարց նույնիսկ չի բարձրացվել»։ Նշենք, որ հակառակ կողմից եւս ելույթներ են եղել, օրինակ՝ մեկ այլ պատգամավոր այդ նույն ժամանակ կոչ արեց «օգնել քրիստոնյա հայ եղբայրներին», ինչն անմիջապես օգտագործվեց Ադրբեջանի դեսպանատան կողմից` համապատասխան որակումների համար։ Արժե այս նոտայի տեքստից մեջբերել քիչ ավելի մանրամասն. «Թույլ տվեք արտահայտել մեր ծայրահեղ վրդովմունքը ժողովրդական պատգամավոր Իլյա Կիվայի կոչին` «Միանալ աշխարհի քրիստոնեության եւ մահմեդականության հազարամյա հակամարտությանը եւ օգնելու Հայաստանին այս գործում»։ … Ուկրաինայի ժողովրդական ընտրյալների նման ելույթները չեն համապատասխանում մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերությանը եւ կարող են հարուցել միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, ինչպեսեւ Ուկրաինայի եւ աշխարհի լայն հասարակայնության վրդովմունքը»։ Հայտարարությունում նրանք, իհարկե, չեն մոռանում նաեւ շողոքորթորեն նշել, որ Ուկրաինայում (եւ Ադրբեջանում) տարբեր հավատի եւ դավանանքի մարդիկ ապրում են «խաղաղության եւ համաձայնության մեջ»։ Ուշագրավ է, որ այս հայտարարության մեջ հասցրել են նաեւ հրահրիչ ակնարկ կատարել, որ պատգամավորի նկատմամբ ինչ-որ գործ պետք է հարուցվի։ Ի դեպ, այս կապակցությամբ մամուլի բազմաթիվ միջոցներ հակադարձեցին՝ հիշեցնելով եւ մեջբերելով նաեւ վերը նշված իշխանական պատգամավորի անթույլատրելի ելույթը` Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։
Ադրբեջանա-ուկրաինական համագործակցության ձեւաչափը նույն կերպ շարունակվում է։ Հենց վերջերս` հունվարի 14-ին Ուկրաինան եւ Ադրբեջանը քննարկեցին Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը եւ Ադրբեջանը միացնող տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցը։ Այնուամենայնիվ, Ուկրաինայի վարքագծում նկատվում է աստիճանական կենտրոնացում հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների առավելագույն սերտացման վրա։ Երեւի հասկացել են` ով է խաղի մեջ գլխավորը։
Հայկական պետականությունը գնահատանքով է վերաբերվում Ուկրաինայի լոյալությանը՝ ձգտելով այն ամրապնդել ամեն առիթով (օրերս ՈՒկրաինայի անկախության 30-ամյակի կապակցությամբ իր ջերմ եւ անկեղծ շնորհավորանքն ուղղեց նաեւ Հայաստանը)։ Այս ուղղությամբ մեծ գործ են կատարում Ուկրաինայում կարեւոր հետք թողած եւ մեծ պատմություն ունեցող հայկական հրաշալի համայնքը եւ առանձին քաղաքական գործիչներ, ինչպես Հայաստանում նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն, որը ուկրաինական հարցերում հանդես է գալիս արմատական ազգային դիրքերից։ Բնական է, որ այստեղ իրենց դերը պիտի ունենան նաեւ ՈՒկրաինայի եւ Հայաստանի ներկայացուցչությունները (այս մասին կարելի էր հատուկ խոսել)։
Կրկնվենք, որ ուկրաինա-ադրեջանական մերձավորությունն առայժմ չի կարողացել խանգարել շատ նուրբ վիճակում գտնվող հայ-ուկրաինական բարյացակամ հարաբերությունների պահպանմանը։ Ինչպես նշեցինք, ուկրաինական վերջին իշխանությունները դրական գործ են կատարում այս հարցում։ Սակայն Ուկրաինայում պահպանվում է առնվազն ընտրություններով իշխանափոխության ավանդույթը, եւ ժամանակի հետ ամեն ինչ կարելի է սպասել։ Երբ թվում է, թե փոքր Ադրբեջանը կարողանում է սովորեցնել տարածությամբ Եվրոպայի ամենամեծ պետություն Ուկրանիային, սա վկայում է թուրքական հսկայական, զարգացող ներուժի մասին։ Իսկ դա պատմական փաստ է` այդ ներուժը խելամիտ վերաբերմունքի բացակայության դեպքում միշտ կոտրվում է առաջին հերթին հայերի վրա։ Սա երբեք չպետք է մոռանալ։
Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ