Այն, որ վերջին տարիներին ԱՊՀ երկրներում ակտիվացել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական գործընթացները, երկրորդ կարծիք լինել չի կարող: ԱՊՀ անդամ պետություններից առաջինն Ուկրաինայում իրականացվեց «գունավոր հեղափոխություն», դրան հաջորդեցին ներքաղաքական ցնցումները Ղրղզստանում, Բելառուսում, Արցախում եւ Հայաստանի սահմաններին սանձազերծված ագրեսիան, Ղազախստանում ապակայունացման փորձը: Օրերս էլ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, ով նախագահում է 2007-ից, անսպասելիորեն հայտարարեց պաշտոնը թողնելու մասին: Վերջին ամիսներին կրկին լարվել է իրավիճակը Ուկրաինայում եւ նրա շուրջ…
Հատկապես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի աննախադեպ շիկացումից հետո ՌԴ-ն որոշել է չլռել ու ԱՊՀ երկրներում եւ դրանց շուրջ ստեղծված անկայուն իրավիճակների ստեղծման մեջ մեղադրել արեւմտյան պետություններին: ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը օրերս հայտարարել է, որ արեւմտյան պետությունների գործողությունները հանգեցնում են աշխարհում, այդ թվում՝ ԱՊՀ տարածքում հակամարտությունների թվի աճին: «Ընդհանուր առմամբ, համաշխարհային զարգացման ներկա փուլին բնորոշ բացասական միտումները, որոնք բազմապատկվում են իրենց դիրքերը պահպանելու արեւմտյան պետությունների ցանկությամբ, այդ թվում՝ սեփական դիրքորոշումների պարտադրմամբ եւ այլընտրանքային ուժային կենտրոններին զսպելու միջոցով, հանգեցնում են կոնֆլիկտների ներուժի ավելացման եւ աճող տուրբուլենտության՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակով: Այս ամենն ուղղակիորեն ազդում է ԱՊՀ տարածքի վրա եւ պահանջում է առավելագույն ուշադրություն, հատկապես երբ խոսքը վերաբերում է մեր անմիջական շրջապատին, որը Ռուսաստանի հետ կապված է համատեղ պետականության դարավոր ավանդույթներով, տարբեր ոլորտներում խոր փոխկախվածությամբ, ընդհանուր լեզվով եւ սերտ մշակութային-քաղաքակրթական առանձնահատկություններով»,- ասել է դիվանագետը։
Ռուսաստանի այս թափանցիկ ակնարկը վերաբերում է նաեւ Արցախում եւ ԱՊՀ անդամ Ադրբեջանում Թուրքիայի՝ վերջին շրջանում ակտիվացրած գործողություններին: Նկատենք, որ Ուկրաինայի հարցով նույնպես Անկարայի եւ Մոսկվայի գործընկերային հարաբերությունները «ճաքեր» են տալիս: Չնայած Էրդողանը ցանկանում է խաղաղարար միջնորդի դեր կատարել եւ իր տարածքում կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպումը, սակայն պարբերաբար հայտարարում է, թե Ղրիմն ապօրինի է բռնակցված Ռուսաստանին, Ադրբեջանի օրինակով Ուկրաինային էլ է զինում բայրաքթարներով եւ երկու երկրներում հիմնում ԱԹՍ-ների արտադրություն: Ինչպես արցախյան պատերազմի ժամանակ, Ուկրաինայում եւս Թուրքիայի ջանքերով ջիհադիստ ծայրահեղականների զինյալներ են հայտնվել, ինչի մասին օրերս թափանցիկ ակնարկեց Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ հայտարարելով, թե տեղեկություններ ունեն, որ ջիհադիստների բազմազգ ջոկատներ են հայտնվել Դոնբասի շփման գծի մոտակայքում։
Այստեղ հատկանշական է նաեւ այն, որ Ղազախստանի անկարգությունները հրահրելու համար հենց Թուրքիայից էր այս երկիր վերադարձել ղազախ քրեական հեղինակություն Արման Ջումգելդիեւը: Անկարայի դերակատարությունը մեծ էր նաեւ տարիներ առաջ Ղրղզստանում իրավիճակի շիկացման մեջ:
Ընթացող գործընթացներին նման գնահատական հնչեցնելուց հետո լիովին օրինաչափ էր, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնյան պետք է խոսեր նաեւ այդ տարածքում ձեւավորված հիմնական ռազմաքաղաքական միավորի կարեւորության մասին: Նա հայտարարել է, որ ՌԴ-ն կհզորացնի ՀԱՊԿ կարողությունները՝ այդ ամենին դիմակայելու համար: Պետք է նկատել, որ այս ռազմաքաղաքական կառույցի ուժեղացումն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, երբ ուժեղացվեն դրանում ընդգրկված պետությունների զինված ուժերը՝ համապատասխանեցվելով ժամանակակից մարտեր վարելու չափանիշներին: Հակառակ դեպքում կառույցի մարտունակությունը թերի կլինի, հատկապես՝ իրավիճակներին օպերատիվ եւ արդյունավետ արձագանքելու տեսանկյունից:
Մյուս կողմից էլ՝ ԱՊՀ-ում ծավալվող գործընթացների մասին արդեն բաց խոսելուց հետո, կարելի է միանշանակ պնդել, որ Մոսկվան դիտարկում է նաեւ Արցախի շուրջ իրավիճակի հնարավոր ապակայունացման հեռանկարը, ինչի հավանականության մասին 44-օրյա պատերազմից հետո հայտարարում էին հայկական երկու պետությունների փորձագիտական շրջանակները: Ստեղծված իրողությունները պարտադրում են նաեւ ՌԴ աջակցությամբ ՀՀ զինված ուժերի համալրում ժամանակակից տեխնիկայով եւ այնտեղ բարեփոխումների գործընթացների համալիր իրականացում: