«ՀՀ»-ին պարբերաբար դիմում են տարբեր քաղաքացիներ՝ կենսաթոշակների հետ կապված ամենատարբեր խնդիրների (կենսաթոշակի չափ, փաստաթղթային անհամապատասխանություններ, աշխատանքային տարիների հաշվարկի անճշտություն եւ այլն) լուծումը հասկանալու համար։ Տարեսկզբից, սակայն, մի քանիսը դիմեցին նույն հարցով՝ կենսաթոշակի վճարման դադարեցման։ Որպեսզի առանձին-առանձին չանդրադառնանք, փորձեցինք հասկանալ, թե որ դեպքերում է կենսաթոշակի վճարումը դադարեցվում եւ որ դեպքերում՝ վերականգնվում։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկանում ենք քաղաքացու՝ կենսաթոշակի վճարումը դադարեցնելու՝ օրենքով սահմանված դեպքերին։ Դրանք հետեւյալն են. ընդ որում՝ ներկայացնում ենք եւ անկանխիկի, եւ կանխիկի պարագան։
1. Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու դեպքում, եթե քաղաքացին չի ստորագրել ՀՀ-ում լինելու մասին հայտարարությունը: Բանն այն է, որ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ կամ Ազգային օպերատորին ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ կամ Ազգային օպերատորին եւ հայտարարություն ստորագրել ՀՀ-ում լինելու մասին:
2. Կենսաթոշակը կանխիկ եղանակով ստանալու դեպքում՝ կենսաթոշակառուին 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում։
3. Կենսաթոշակը լիազորագրով ստանալու դեպքում՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու կամ կենսաթոշակը 12 ամիս անընդմեջ լիազորագրով վճարելու կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը լրանալու դեպքում:
4. Կենսաթոշակը կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին կամ խնամակալին վճարելու դեպքում՝ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի՝ ՀՀ-ից 12 ամիս անընդմեջ բացակայելու դեպքում։
Ո՞ր դեպքերում է վերսկսվում դադարեցված կենսաթոշակի վճարումը։ 1. Եթե կենսաթոշակի վճարումը դադարեցվել է ՀՀ-ում լինելու մասին հայտարարությունը չստորագրելու հիմքով (ինչի մասին վերեւում նշեցինք), ապա անհրաժեշտ է կենսաթոշակի վճարումը դադարեցնելու ամսվանից սկսած՝ 12 ամսվա ընթացքում ներկայանալ բանկ կամ Ազգային օպերատորին եւ ստորագրել երկրում լինելու մասին հայտարարությունը։ Եթե կենսաթոշակ վճարելը դադարեցնելու ամսվանից անցել է ավելի քան 12 ամիս, ապա անհրաժեշտ է անձամբ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
2. Եթե կենսաթոշակի վճարումն իրականացվել է կանխիկ եղանակով, եւ վճարումը դադարեցվել է 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու հիմքով, ապա անհրաժեշտ է անձամբ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
3. Եթե կենսաթոշակը վճարվել է լիազորագրով, ապա հարկ է նկատի ունենալ, որ կենսաթոշակ վճարելը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակառուն գտնվում է քրեակատարողական հիմնարկում, հոգեբուժական հաստատությունում կամ սովորում է ռազմական ուսումնական հաստատությունում: Կենսաթոշակի վճարումը վերսկսելու համար անհրաժեշտ է անձամբ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
4. Եթե կենսաթոշակը վճարվել է կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչին եւ վճարումը դադարեցվել է անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի 12 ամիս անընդմեջ ՀՀ-ից բացակայելու դեպքում, ապա կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչը պետք է անձամբ դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, եթե կենսաթոշակառուն Հայաստանում է։