Ուկրաինական ճգնաժամն ավելի սրվեց, երբ հայտարարվեց, որ քննարկվում ու վերանայվում էր Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր հարցը: Ինչպես փաստերն են ցույց տալիս, Ուկրաինան Ռուսաստանի համար իրապես «կարմիր գիծ» է, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքը դրժում է Խորհրդային Միությանը տված իր խոստումը` չընդլայնել կազմակերպության արեւելյան սահմանները:
Փորձագետների մի մասը պնդում է, որ Ռուսաստանը հնարավոր ամեն բան կանի իր անվտանգությունը պահպանելու համար: Իսկ մյուս մասն այն կարծիքին է, որ Ռուսաստանը ներկայումս չի կարող կոշտ դիմակայություն ցուցաբերել, առավել եւս` պատերազմ սկսել: Պետք չէ թերագնահատել Ռուսաստանի՝ անկում ապրող տնտեսության գործոնը (սա վերլուծության առանձին թեմա է): Սակայն մեկ բան ակնհայտ է, որ հնարավոր նոր պատժամիջոցները չեն խանգարի Ռուսաստանին կտրուկ քայլերի պատրաստվել, քանի որ ազգային անվտանգությունն առաջնահերթություն է: Արեւմտյան փորձագետների մի ստվար զանգված էլ հայտարարում է, թե հնարավոր պատժամիջոցները Ռուսաստանի ներսում քաղաքական անհաշտությունների առիթ կարող են դառնալ, ընդհուպ մինչեւ հեղափոխության: Սակայն պետք է նկատել, որ սա պրովոկացիոն բնույթ կրող, խիստ չափազանցված հայտարարություն է, որը նպատակ ունի ավելի սրելու ճգնաժամը:
Արեւմտյան ճամբարում փորձագետների եւ քաղաքական գործիչների մեծ հատված կարծում է, որ Ուկրաինան կարող է ԱՄՆ-ի համար նոր փորձություն դառնալ: Աֆղանստանի դեպքից հետո գուցե ԱՄՆ-ին անհրաժեշտ է ռազմական դաշտում գրանցել սեփական հաղթանակը, սակայն ուկրաինական ճգնաժամը կարող է հակառակ ազդեցություն ունենալ: Ի հակադրումն սրա` Ռուսաստանը հասցրել է մի շարք կարեւոր համաձայնագրեր կնքել տարբեր երկրների հետ, ինչպես նաեւ առաջխաղացում գրանցել աֆրիկյան երկրներում, ինչն էլ թույլ է տվել դիրքերը մի փոքր բարելավել, որի հաշվին էլ հակազդում է Արեւմուտքի պայմաններին:
Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինն այժմ փորձում է Խորհրդային Միության թույլ տված սխալներն ուղղել` պահանջելով ընդլայնման փորձեր չանել դեպի իր սահմաններ: Այս առումով պաշտոնական Մոսկվան նահանջ քայլ չի անի: Այնուամենայնիվ, Ռուսաստանը հստակ գիտակցում է, որ պատերազմը լավագույն տարբերակը չէ, կարելի է օգտագործել այլ լծակներ:
Ուկրաինացի վերլուծաբանների եզրակացությունների համաձայն` հնարավոր պատերազմը ոչ թե կլինի ռազմական բնույթի, այլ հոգեբանական ու տեղեկատվական: Չնայած իր առջեւ ծառացած մարտահրավերներին` Ուկրաինան փորձում է խաղի իր կանոնները թելադրել եւ չհնազանդվել ո՛չ Արեւմուտքին, ո՛չ էլ Ռուսաստանին:
Ուկրաինայի ճգնաժամով մտահոգված է նաեւ Թուրքիան, որի նախագահը հրապարակայնորեն հայտարարել է, որ իր երկիրը ձեռնպահ չի մնա, այլ ներուժը կօգտագործի երկու կողմերին «հաշտեցնելու» համար: Իսկ եվրոպական երկրների մտահոգությունները պայմանավորված են էներգակիրների խնդրով: Կարծում են, որ հնարավոր ռազմական լարման դեպքում Ռուսաստանն այլեւս կդադարեցնի գազի մատակարարումները դեպի Եվրոպա:
Պատերազմ կլինի, թե ոչ, ցույց կտան դեպքերի հետագա զարգացումերը: Շատ երկրների դեսպանատներ արդեն տարհանել են իրենց քաղաքացիներին Ուկրաինայից եւ լրջորեն են վերաբերվում ռազմական լարման վարկածին: Սակայն նրանք ավելի շատ ոչ թե մտահոգված են խաղաղության պահպանումով, այլ ռուսական գործոնի թուլացմամբ եւ էներգետիկայի ոլորտում երաշխիքներ ունենալու հարցով: