ՀԱՊԿ-ին չանդամակցելու իր որոշումը երկար տարիներ Ադրբեջանը բացատրում էր արցախյան հիմնախնդրով եւ դրա համատեքստում այդ ռազմաքաղաքական միավորման մեջ Հայաստանի ներկայությամբ: Այսօր Ալիեւն առնվազն մեկ ամսվա պարբերականությամբ հայտարարում է, որ Արցախի հիմնահարցը «լուծված» է:
Պարզվում է, որ ՀԱՊԿ-ն այն փորձաքարն է, որին բախվելով՝ փշրվում է ալիեւյան երեւակայական աշխարհը, եւ բացվում է գործընթացների իրական դեմքը: Եթե Ալիեւն իրոք Արցախում այլեւս խնդիր չունի, ապա պետք է որ արդեն լիներ ՀԱՊԿ-ում, առավել եւս, որ ակտիվորեն ներկայացած է նմանատիպ մեկ այլ, ոչ ռազմական ձեւաչափում՝ ԱՊՀ-ում: Բայց Ալիեւը չի շտապում ՀԱՊԿ՝ մոռանալով մինչեւ արցախյան վերջին պատերազմն այդ դաշինքի անդամ պետությունների՝ իրեն մտերիմ ղեկավարներ Լուկաշենկոյին եւ Նազարբաեւին բազմիցս ներկայացրած փաստարկը, թե Արցախն է պատճառը, որ չի միանում իրենց:
Սրա փոխարեն Թուրքիան է Ադրբեջանին ինտենսիվորեն տանում դեպի ՆԱՏՕ՝ ոչ միան ադրբեջանական բանակը զինելով ոչ ռուսական արտադրության զինատեսակներով, այլ նաեւ այնտեղ ներդնելով թուրքական, ասել է թե ՆԱՏՕ-ի զինված ուժերի չափորոշիչներ եւ մարտավարության առանձնահատկությունները: Սակայն ցանկության դեպքում դա չի կարող խանգարել Ադրբեջանին նաեւ ՀԱՊԿ-ում լինելու համար: Այսօր Ադրբեջանը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ, եւ սա այն դեպքն է, երբ երկու լարի վրա խաղալն իրեն պարտադրված է: Դեպի ՀԱՊԿ Ադրբեջանի կրավորական կեցվածքը կարող է փաստել մեկ բան, բացարձակ ճշմարտություն, այն է՝ Արցախի հարցը լուծված չէ: Ինչքան էլ Ալիեւը փորձի իրականությունը գունավորել, նրա գործնական քայլերը մատնում են սուտը եւ ջրի երես հանում ճշմարտությունը, որը բոլորին է հայտնի, բոլորն են դա տեսնում, բացի Բաքվի առաջնորդից:
Սակայն Ռուսաստանը հատկապես վերջին շրջանում սահմանակից երկրներում իր համար անվտանգության գոտիներ ստեղծելու առաջնային խնդիր ունի եւ դրա համատեքստում արդեն կոշտ միջոցների է դիմում: Ստեղծված աշխարհաքաղաքական լարված իրավիճակի ֆոնին երեկ Մինսկում հրավիրվել էր Համագործակցության կանոնադրական եւ այլ մարմինների ԱՊՀ անդամ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստ: Փակ դռների հետեւում քննարկվելիք հարցերի թվում էր ՀԱՊԿ-ում ԱՊՀ երկրներին դիտորդի կարգավիճակ տալու հարցը: Ճիշտ է՝ այս փուլում որպես կազմակերպություն է ԱՊՀ-ն ներգրավվելու, սակայն միանշանակ է, որ այդ գործընթացը ՀԱՊԿ-ին անդամակցելու ԱՊՀ մյուս պետությունների, հատկապես Ադրբեջանի քայլի առաջին փուլն է:
«Մշտական ներկայացուցիչների խորհրդի փակ նիստում կքննարկվի նաեւ ԱՊՀ-ին, որպես միջազգային կազմակերպության, ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը։ Խորհրդի անդամները կքննարկեն այս հարցը եւ որոշում կկայացնեն»,- երեքշաբթի Մինսկում հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը։
Այս իրադարձությունը փաստում է, որ նպատակային քայլեր են տարվում Ադրբեջանին այդ ռազմաքաղաքական դաշինքում ներգրավելու համար: ՀԱՊԿ-ում Հայաստանի հետ գտնվելը կստիպի Ադրբեջանին ավելի իրատես լինել, ինչը եւս մեկ նպաստող գործոն կլինի Արցախի շուրջ բանակցային սեղան վերադառնալու համար: