Նախկին խորհրդային հանրապետություններում մեկնարկել է գործընթացների նոր շրջափուլ՝ երկարամյա լիդերների հեռացման գործողությունները: Այն ուղեկցվում է ժողովրդավարության հաստատման կարգախոսներով, սակայն իրականում ուղղված է նաեւ Ռուսաստանի հետ այդ երկրների կապերը թուլացնելուն: Նման գործողությունների երկրորդ փուլի շղթայի մեկնարկը տրվեց Բելառուսում, երբ նախագահական ընտրություններից հետո Լուկաշենկոյի հերթական ընտրության դեմ կազմակերպվեց բողոքի ուժեղ ալիք, որը չնայած հաջողվեց ճնշել, սակայն լուրջ հետեւանքներ թողեց:
Ղազախստանի երկարամյա ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւը չնայած 2019 թ. լքեց նախագահի պաշտոնը, սական պահեց իր ազդեցությունը՝ նշանակվելով անվտանգության խորհրդի նախագահ, իսկ ընտանիքի անդամներին եւ մերձավորներին էլ տեղավորելով տարբեր առանցքային պետական պաշտոններում: Նախագահի պաշտոնից հեռացման այս «բեմականացումը» բավարար չեղավ, որպեսզի երեք տարի հետո այս երկիրը խուսափի սոցիալական ցնցումներից: Ինչպես թյուրքական այս երկրում, այնպես էլ Ղրղզստանում անկարգությունների կազմակերպման գործընթացում երեւացին Թուրքիայի «ականջները»: Վերջինս վերոնշյալ դեպքերից հետո էականորեն մեծացրեց իր ազդեցությունն այդ երկրներում: Ակնհայտ էր, որ ղազախական վերջին իրադարձությունները կրկին ուղղված էին Նազարբաեւի դեմ, եւ անկարգությունները ճնշելուց անմիջապես հետո նա ու հարազատները լքեցին զբաղեցրած պաշտոնները:
Այսօր նույնանման գործընթաց է մեկնարկում մեկ այլ թյուրքական պետությունում՝ Թուրքմենստանում: 2-3 օրվա ընթացքում մեծ արագությամբ երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարեց, որ 15 տարի երկիրը ղեկավարելուց հետո լքում է պաշտոնը: Նա խորհրդարանի վերին պալատի նիստում հայտարարեց, որ ժամանակն է տեղը զիջել երիտասարդներին՝ պատճառաբանելով, թե երկու տարի առաջ հասել է Մուհամեդ մարգարեի տարիքին (63 տարեկան) եւ նման դժվար որոշում է կայացրել: Արդեն հաջորդ օրը հայտարարվեց, որ մարտի 12-ին նշանակվել են արտահերթ ընտրություններ, իսկ Բերդիմուհամեդովի որդուն՝ Սերդարին իշխող կուսակցությունն առաջադրեց նախագահի թեկնածու:
Առավել քան պարզ է, որ Թուրքմենստանի նախագահի այս որոշման պատճառը տարիքը չէ, առավել եւս, որ նա Մուհամեդի տարիքը լրանալուց հետո արդեն 2 տարի մնացել էր նախագահի պաշտոնում եւ կարող էր ավելի էլ մնալ: Նրան այս քայլին դրդեցին ղազախական իրադարձությունները: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը լավ տեսավ, որ ապակայունացման հաջորդ թիրախն իր երկիրն է, եւ գնաց կոսմետիկ փոփոխության, չնայած բացարձակ միապետական երկրի ներսից նայելու դեպքում նման տեղափոխություններն այնքան էլ ձեւական չեն թվա: Մյուս կողմից էլ այդ երկրում արդեն աճում էր սոցիալական լարվածությունը՝ հատկապես վերջին թանկացումների հետ կապված, ինչը շատ արագ վերաճելու էր խոշոր ցնցումների: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի այս քայլն ինչքանով կհետաձգի հնարավոր ապակայունացումն այս երկրում, ցույց կտա ժամանակը:
Երկարամյա լիդերների գահընկեցության գործընթացի մյուս թիրախն Ադրբեջանն է: Ի տարբերություն Թուրքմենստանի՝ ԶԼՄ-ների եւ համացանցի հասանելիության տեսանկյունից այստեղ ավելի բարենպաստ է, ինչը սոցիալական շարժումներ սկսելու հիմնական գործիքներից է: Ադրբեջանում ընդդիմադիր շարժումը վաղուց է մեկնարկել եւ աստիճանաբար ինստիտուցիոնալ բնույթ է ստանում տարբեր երիտասարդական, հասարակական կազմակերպությունների հիմնման տեսքով: Եվրոպա արտագաղթած Ադրբեջանի նախկին օմբուդսմեն Արիֆ Մամեդովն ակտիվ ընդդիմադիր գործողությունների է դիմում եւ աջակցում Ադրբեջանում գտնվող ընդդիմադիրներին: Մասնավորապես՝ նա պարբերաբար բարձրաձայնում է քաղբանտարկյալ Սալեհ Ռուստամլիի (ՌԴ քաղաքացի ) խնդիրը։ Վերջինս ձերբակալվել է Ադրբեջան ժամանելուն պես եւ մեղադրվում է այդ երկրում ընդդիմադիր շարժումը ֆինանսավորելու մեջ:
Նախկին խորհրդային պետությունների՝ փաստացի միապետական կարգերի փլուզման այս գործընթացն անխուսափելիորեն մտնելու է նաեւ Ադրբեջան, եւ Ալիեւն այստեղ լուրջ մտորելու առիթ ունի: Ի տարբերություն Բերդիմուհամեդովի, նա չի հասցրել երիտասարդ որդուն իրեն փոխարինող պատրաստել, բայց մյուս կողմից էլ չի բացառվում փոխնախագահ կնոջն իշխանությունը փոխանցելու տարբերակը: Ամեն դեպքում Ալիեւը լավ է հասկանում, որ աթոռը կորցնելուն զուգահեռ շատ այլ բաներ էլ է կորցնելու, նաեւ՝ ֆինանսական ահռելի կարողությունները: Մյուս կողմից էլ տարօրինակ օրինաչափությամբ պետությունները նման ցնցումներից հետո երբեմն կորցնում են նաեւ տարածքներ: