«Ճոխ է հայոց լեզուն, եւ կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն…»
Ջորջ Բայրոն
Ճոխ է, իսկապես, մեր լեզուն, եւ հաճոյախոսություն չէ, որ անում է Բայրոնը, քանզի ուսումնասիրություններով է հանգել այդ եզրակացության, եւ, հուսանք, որ նա վարձատրվել է լիովին` շփվելով այն գեղեցկության ու խորության հետ, որ պարունակում է մեր լեզուն, իսկ լեզվի ճոխությունը բխում է մեր ժողովրդի խոսքաշենությունից, այն բազում բարբառների նրբերանգների ու ելեւէջների պտույտներից, որոնցով հյուսվում են խոսքն ու պատումը։ Մեր լեզուն նաեւ մշակված է` շնորհիվ մեր գրողների ու լեզվաբանների, որ հնուց ի վեր տքնաջան աշխատել են ամեն բառի ու արտահայտության վրա, գրի առել, դարձրել բառարանային գանձ։ Հայոց լեզվով ահռելի գրականություն եւ նույնքան էլ լեզվաբանական ուսումնասիրություններ ու բառարաններ են ամբարված աշխարհի գրադարաններում, գրապահոցներում, մատենադարաններում։ Այսօր, երբ այդքան բարձիթողի է լեզվի գիտական արարման տիրույթը, եւ ամենայն քաոսն է իշխում նրա վրա, ինչպես ամենուր՝ սպառնալով դուրս շպրտել դարերով մշակված լեզուն իր համակարգային դաշտից, ահալի է մտածել, թե որքան թշվառ կլիներ մեր լեզվական ժառանգությունը եւ որքան անհուսալի` նրա ապագան, եթե մեր լեզվի նվիրյալները ժամանակին այդքան ջանք չթափեին այն կազմակերպելու, ապրեցնելու ու պահեստավորելու. գրեթե ցանկացած բառ ու թարգմանություն կարելի է գտնել բառարաններում, խոսքի կառուցման ուղեցույց` բազմաթիվ լեզվաբանական դասագրքերում եւ աշխատություններում, ուսումնասիրություններ, պատմական էքսկուրսներ, այլ լեզուների հետ համեմատական վերլուծություններ…
Հայոց լեզուն ուսումնասիրող երջանիկներից էր եւ Գրիգոր Ղափանցյանը, գիտնական, որ խորամուխ էր լեզվին առնչվող տարատեսակ խնդիրների մեջ` քննական ու հավատարիմ սեփական համոզմունքներին, այնքան, որ հաճախ բանավիճային նյութ էր դառնում, ինչպես որ նրա այն պնդումը, թե «Հայերենն ունի ուժեղ չափով շեշտված հնդեվրոպական նկարագիր, որը նստել է տեղական փոքրասիական (ասիանիկ) լեզուների վրա՝ այդպիսով կազմելով մի յուրատեսակ խաչավորված նոր լեզու»։ Բանավեճի առանցքը հայերենի ծագման վերաբերյալ տեղականի շերտն էր, որին նա առաջնություն էր տալիս հնդեվրոպականի համեմատ։ Այդ շերտը հայերենում խոր արմատներ ունեցող փոքրասիական եւ կովկասյան լեզվանստվածքն էր, այն ենթաշերտը, որ փոխառություն չէր, այլ հայերենին ձուլված լազո-մեգրելական, բաբելոնական եւ այլ լեզուների հետքեր։ Հայոց լեզվի «երկբնույթ», խառնածին` Մառ-ղափանցյանական տեսակետը հերքում էին նրանց հաջորդները` հայոց լեզուն համարելով հնդեվրոպական ընտանիքի առանձին լեզվաճյուղ, ու, թերեւս, հենց այդ եզրակացությամբ էլ հաստատում հերքվող տեսակետը, քանզի, առանձնահատուկ տեղ գրավելով հիշյալ լեզվաընտանիքում, պետք է որ անհերքելի հիմքեր լինեին նման պնդման համար, իսկ այդ հիմքերը կոնկրետացրել եւ գիտականորեն ապացուցել էին Մառն ու նրա աշակերտը` Ղափանցյանը։ Առնվազն տարօրինակ կլիներ, եթե հայերենը չներառեր տարածաշրջանային լեզվաշերտերը, որտեղ հազարամյակներով իր հարեւանների հետ ապրել էր հայ ժողովուրդն ու կերտել սեփական մշակույթն ու լեզուն, իսկ Գրիգոր Ղափանցյանն ու նրա ուսուցիչը լավագույնս էին տիրապետում հայերենին առնչվող լեզուներին, որոնց համեմատական ուսումնասիրությամբ էլ հանգել էին արժանահավատ եզրակացության եւ մինչեւ վերջ հավատարիմ մնացին սեփական տեսակետին։
Վիճաբանությունների տեղիք տվեց եւ Ղափանցյանի կարծիքը հայոց լեզվի ծագման վերաբերյալ։ Հենվելով հնագույն լեզուների համեմատական ուսումնասիրության վրա՝ գիտնականը հայերենի ծագումը կապում է պատմության առավել վաղընջական շրջանի հետ` Քրիստոսի ծննդից դեռ հազարամյակներ առաջ։ 1947 թ. լույս տեսած` «Հայասան՝ հայերի բնօրրան» գրքում գիտնականը առաջ է քաշում հայասան` որպես հին հայերեն հիպոթեզը, որը պաշտպանում են Գ. Ջահուկյանը, Վ. Խաչատրյանը։ Տեսակետը քննադատում է ռուս արեւելագետ, հայագետ Ի. Մ. Դյակոնովը՝ պատճառաբանելով, թե հայասաների լեզվի մասին բավարար տվյալներ չկան։ Սակայն ռուս նշանավոր լեզվաբան, սեմիոտիկ, մարդաբան Վյաչեսլավ Իվանովը 1983 թ. գրված հոդվածում, Հայասայի վերաբերյալ ի հայտ եկած բացահայտումների համաձայն, պաշտպանում է հենց Ղափանցյանի տեսակետը, եւ ըստ այդմ` մերժում Դյակոնովի ենթադրությունը։
Գրիգոր Ղափանցյանը հիմնավոր կրթություն էր ստացել, որպեսզի ունենար սեփական տեսակետ եւ պնդեր այն, քանզի տիրապետում էր ուսումնասիրության համար անհրաժեշտ լեզուների, այդ թվում` խեթերենին, ուրարտերենին, խուռիերենին, պալայերենին, որի շնորհիվ էլ, այլ խնդիրների շարքում, պարզել նաեւ հայերենի ու խեթերենի էթնիկական կապը։ 1887 թ. փետրվարի 17-ին Աշտարակում ծնված ապագա գիտնականն ուսումնառությունն սկսել է տեղի երկդասյա դպրոցում, իսկ բարձրագույն կրթություն ստացել Պետերբուրգի համալսարանում, 1913 թ. ավարտել արեւելյան ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժինը, աշխատել Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, 1914 թ. մասնակցել ուսուցչի` Նիկողայոս Մառի կազմակերպած Անիի պեղումներին, զբաղվել տեղանունների, լեզվաբանության, հայերենի զարգացման պատմության, հայ ժողովրդի կազմավորման ակունքների, նրա հնագույն լեզվաէթնիկական առնչությունների խնդիրներով։ Ու թեեւ Ղափանցյանն աշակերտել է Մառին ու աշխատել նրա հետ` շատ հարցերով լինելով համախոհ, այնուամենայնիվ, սկզբունքորեն չի ընդունել Մառի` Լեզվի մասին նոր ուսմունքը` հայտնի որպես հաբեթական կամ փուլային տեսություն, այլ կերպ` հաբեթաբանություն կամ մառականություն` լեզվի ծագման, զարգացման, «դասակարգային բնույթի» մասին կամայական, անապացուցելի պնդումների վրա հենված կեղծ տեսություն, որը, սակայն, 1920-ականների վերջից մինչեւ 1950 թ. պաշտոնապես պաշտպանվում էր ԽՍՀՄ-ում։ 1949 թ. Գրիգոր Ղափանցյանին մառականների ելույթից հետո ազատում են աշխատանքից։ Այդ մասին իր հիշողություններում պատմում է լեզվաբան Վ. Վինոգրադովի այրին` Նադեժդա Մալիշեւան։ Լեզվաբան Ա. Չիկոբավան մառականության եւ հակամառականության առնչությամբ նամակ է հղում Ստալինին. վերջինս քննարկում է կազմակերպում, հրավիրում նաեւ Չիկոբավային, ով հայտնում է Հայաստանի երկու գիտնականների` Հ. Աճառյանին ու Գ. Ղափանցյանին, հակամառականության համար աշխատանքից ազատելու մասին, որից հետո` 1950 թ., Ստալինի անունից «Պրավդայում» լույս է տեսնում հակամառականության մասին բանավիճային հոդված` «Մարքսիզմը եւ լեզվաբանության հարցերը» վերնագրով։ Քննարկումը նպաստում է, որ ի թիվս այլոց, աշխատանքի վերականգնվեն նաեւ հայ լեզվաբանները։
Ինչպես շատ անվանի գիտնականներ, Ղափանցյանն էլ իր գիտելիքներն ու փորձը հաղորդել է սերունդներին գիտամանկավարժական գործունեությամբ, դասավանդել Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, ԵՊՀ-ում, ղեկավարել ընդհանուր լեզվաբանության ամբիոնը, ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտը, ստացել պրոֆեսորի, գիտության վաստակավոր գործչի կոչում, բացի այդ, եղել է ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր անդամներից, կատարել հասարակագիտական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի աշխատանքը։ Մի շարք արժեքավոր երկերի հեղինակ է, ինչպես հայոց, այնպես էլ ռուսաց լեզուներով, որոնց թվում` «Լեզվաբանական դիսցիպլինա եւ լեզու», «Ընդհանուր լեզվաբանություն», «Ուրարտուի պատմությունը», «Հայասա՝ հայերի բնօրրան» (ռուսերեն), «Հայերենի եւ լազրոմեգրելական լեզուների փոխհարաբերությունների մասին» (ռուսերեն), «Հայոց լեզվի պատմություն» եւ այլն։
Անվանի լեզվաբան-հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Գրիգոր Այվազի Ղափանցյանը վախճանվել է 1957 թ. մայիսի 3-ին Երեւանում` անունն անմահացնելով հայ լեզվաբանների հրաշափառ փաղանգում։