Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի սկզբին այցելել է Կիեւ՝ միմյանց միջեւ հարաբերությունների ռազմավարական բնույթն ընդգծելու համար: Երկու երկրների պաշտոնատար անձինք ստորագրել են երկկողմ բազմաթիվ համաձայնագրեր, այդ թվում՝ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ երկար սպասված պայմանագիրը, որը ճանապարհ է հարթում Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության համար: Վերջին տասնամյակում Թուրքիան դարձել է Ուկրաինայի գլխավոր գործընկերներից մեկը, միեւնույն ժամանակ երկկողմ ապրանքաշրջանառությունը, ինչպես գրել է լիբանանյան «Raseef22»-ը, 2021 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում աճել է գրեթե 50 տոկոսով եւ հասել 5 մլրդ դոլարի: Ինչպես Էրդողանը, այնպես էլ Զելենսկին հույս են հայտնել, որ առեւտրային նոր պայմանագիրն առաջիկա մի քանի տարում կավելացնի երկկողմ առեւտրի տարեկան ծավալը՝ հասնելով մինչեւ ավելի քան 10 մլրդ դոլարի:
Եթե Ռուսաստանը, այնուամենայնիվ, որոշի մտնել Ուկրաինա, սպառնալիքի տակ կհայտնվեն Անկարայի համար վերը նշված տնտեսական եկամուտները, նաեւ կամրապնդվի Մոսկվայի ազդեցությունը Սեւ ծովում, եւ կթուլանա Թուրքիան: Այդ իսկ պատճառով վերջինս փորձում էր թուլացնել Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում առկա լարվածությունը՝ առաջարկելով իր միջնորդական ծառայությունը, ինչպես նաեւ բարձրացնելով Կիեւի պաշտպանունակությունը:
Փորձելով թույլ չտալ իր ազդեցության կրճատումը՝ Թուրքիան չի ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին եւ համերաշխություն է հայտնել Ղրիմի թերակղզու թյուրքալեզու շրջանի թաթարական համայնքին: Բացի այդ, տիրելով Ղրիմին՝ Մոսկվան իր վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի ու նավահանգստային ենթակառուցվածքների մեծ մասը, ինչը կտրուկ փոխել է ուժերի հավասարակշռությունը Սեւ ծովում եւ թուրքական նավատորմին զրկել առավելությունից:
Ի պատասխան՝ Անկարան քաղաքական ու դիվանագիտական աջակցություն է ցուցաբերել Ղրիմի թաթարների ներկայացուցիչներին, ովքեր հրաժարվել են ընդունել ՌԴ-ին Ղրիմի միացումը: Թուրքիան որոշել է զարգացնել նաեւ ռազմատեխնիկական համագործակցությունը Կիեւի հետ, մասնավորապես՝ առաջատար անօդաչու թռչող սարքերի վաճառքի հաշվին: Ուկրաինացիներն այդ ԱԹՍ-ներն արդեն օգտագործել են Դոնբասում:
2021 թ. հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը մի տեսագրություն է հրապարակել, որում թուրքական արտադրության անօդաչուն հարված է հասցնում Դոնբասի ռուսամետ ուժերի դիրքերին: Իսկ հունվարի 17-ին Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանն «օկուպացրել է Ղրիմը, եւ նման քաղաքականությունը չի կարող շարունակվել»:
Ռուսաստանյան պաշտոնյաներն սկսել են Կիեւի հետ Անկարայի ռազմատեխնիկական համագործակցությունը եւ Ղրիմի թաթարների հետ հարաբերությունները դիտել որպես սադրանք: Նրանց խոսքերով՝ Ղրիմի թաթարներին աջակցությունը սպառնալիք է Ռուսաստանի տարածքային ամբողջականության համար:
Չնայած անօդաչուներն Ուկրաինային լրացուցիչ հնարավորություններ են տվել, Մոսկվայի ու Կիեւի միջեւ ուժերի հավասարակշռության վրա նրանց ազդեցությունը սահմանափակ է, իսկ ռուսական ավիացիայի մասնակցությամբ խոշոր հակամարտության դեպքում ուկրաինական զորքերը դատապարտված են պարտության: Կապված դրա հետ՝ քաղաքագետ Անդրեյ Օնտիկովը հայտարարել է. «Թուրքիան փորձում է ուժեղացնել իր դերն ուկրաինական ճգնաժամում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկելով հանդիպել Անկարայում: Հիմա ակնհայտ է, որ չնայած երկու երկրների հետ լավ հարաբերություններին, Անկարան կողմնորոշվում է դեպի Ուկրաինա»:
Ռուս փորձագետը «Raseef22»-ին տված հարցազրույցում ավելացրել է. «Մեզ հայտնի է Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում: Անկարան չի ճանաչում Ռուսաստանի ինքնիշխանությունը թերակղզում, տարբեր զենքեր է տրամադրել ուկրաինական կողմին եւ ձգտում է մեզ որոշակի քաղաքականություն պարտադրել»:
Թուրք քաղաքագետ Ֆիրաս Ռիդվանօղլուն նույն լրատվամիջոցի աշխատակցի հետ զրույցում նշել է. «Թուրքիան փորձում է պաշտպանել իր շահերն Ուկրաինայի օկուպացիայի դեպքում: Ինչ վերաբերում է փետրվարի 3-ին Կիեւ Էրդողանի այցին, ապա ուղերձն այսպես է հնչում. «Անկարան աջակցում է Ուկրաինային եւ կպաշտպանի նրա հետաքրքրությունները»:
Օնտիկովի կարծիքով՝ թուրքական մարտավարությունն անընդունելի է, քանի որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ միջնորդության կոչեր է հնչեցնում: Մոսկվան չի կարող գնալ դրան, քանզի հակամարտության կողմ չէ, եւ միջնորդություն պետք է իրականացվի ուկրաինական կառավարության ու Դոնբասը վերահսկող ուժերի միջեւ: Ռուս վերլուծաբանն ավելացրել է. «Եթե Թուրքիան ուզում է մասնակցել այդ ճգնաժամի կարգավորմանը, պետք է դիմի Ուկրաինայի ներսում հակամարտող կողմերին, այլ ոչ թե Ռուսաստանին»:
Իսկ Ռիդվանօղլուն բացառել է ճգնաժամում Թուրքիայի միջնորդական դերը՝ ավելացնելով, որ հակամարտությունը բռնկվել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ, եւ Անկարան դրանում ոչ մի դեր չի խաղում:
Ամերիկյան «Foreign Policy»-ի համաձայն՝ Անկարան կարող է հայտնվել դիվանագիտական մեկուսացման մեջ ու բախվել Ռուսաստանի չափազանց ռազմավարական էքսպանսիայի հետ, քանի որ վերջինս կարող է սպառնալիքի տակ դնել թուրքական հետաքրքրությունները սիրիական Իդլիբում՝ երաշխավորելու համար, որ Անկարան մնում է Ուկրաինայի կողմում:
«Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի հնարավոր ներխուժումն Ուկրաինա երկարաժամկետ հեռանկարում կունենա ծայրահեղ բացասական հետեւանքներ։ Խոսքը Սեւ ծովում Ռուսաստանի ռազմական գերակայության հետագա ամրապնդման, թուրք-ուկրաինական համագործակցության թուլացման, թուրքական տնտեսությանը հասցված զգալի վնասի, փախստականների հոսքերի եւ թուրքական շահերի դեմ սպառնալիքի մասին է Սիրիայում եւ այլ երկրներում»,- գրել է «Raseef22»-ը՝ ավելացնելով, որ դա կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ Ռուսաստանի միջեւ երկարատեւ հավասարակշռման դադարեցմանը, ինչպես նաեւ վերջ դնել տարածաշրջանային հավակնություններին, որոնք ի հայտ են եկել Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահության օրոք։
Միեւնույն ժամանակ Բելառուսի եւ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումները դեպի Եվրոպա կարող են կրճատվել, Գերմանիան կարող է հրաժարվել «Հյուսիսային հոսք-2» նախագծից կամ դադարեցնել աշխատանքը Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման դեպքում, իսկ Մոսկվայից դեպի հին մայրցամաք գազի տարանցումը կիրականացվի «Կապույտ հոսք» եւ «Թուրքական հոսք» խողովակաշարերով:
«Քարնեգի» կենտրոնի հաշվետվության մեջ խոսվում է Ուկրաինայի կողմից օգտագործվող թուրքական արտադրության ռազմական տեխնիկայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների հնարավորության եւ Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանման մասին: Կդադարեցվեն զբոսաշրջությունը, Թուրքիային գյուղատնտեսական ապրանքների մատակարարումը: Սակայն հաշվետվության մեջ նշվում է նաեւ, որ Անկարայի դիրքորոշումը ճգնաժամի հարցում կարող է փոխել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։
«Al Monitor»-ի տվյալներով՝ Էրդողանի կառավարությունն ստիպված է հաշվի առնել գոյություն ունեցող հարցերի երկար ցանկը, ներառյալ թուրքական նեղուցների եւ Սեւ ծովի կայունացումը, «Աքքույու» ատոմակայանը, որը ռուսները կառուցում են Թուրքիայի հարավում, Ռուսաստանի հետ խողովակաշարերով գազի մատակարարման ապահովումը եւ սեփական մի շարք կորպորատիվ նախագծերը Ռուսաստանում: Բացի այդ, Անկարան հույս ունի ընդլայնել իր ազդեցությունը Կովկասում 2020 թ. Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանին օգնության տրամադրումից հետո, ամրանալ նաեւ Սիրիայում ու Լիբիայում: Նույնիսկ Ռուսաստանից հացահատիկի ներկրումը շատ զգայուն հարց է դարձել հացի գնի կրկնապատկումից հետո։
Ռիդվանօղլուն ասել է. «Թուրքիան հանդես կգա Միացյալ Նահանգների կողմից՝ ընդդեմ Ռուսաստանի, քանի որ ազդեցության մասշտաբների կրճատման գաղափարն անընդունելի է նրա համար»: