Թարգմանության տեսության ժամանակակից փուլում թարգմանչի ֆոնային իմացության հաշվառումը համարվում է թարգմանության անհրաժեշտ պայման, քանի որ այն իրական տեղեկություն է տալիս այն երկրի եւ ժողովրդի մասին, որի վերաբերյալ թարգմանվող տեքստում խոսք կա: Ավելի նեղ իմաստով` ֆոնային իմացությունները հանգեցվում են իրակությունների, բառերի այնպիսի իմացության, որոնք նշում են մի մշակույթի առարկաներն ու երեւույթները, որոնք չունեն իրենց համապատասխան արտահայտությունը մեկ այլ մշակույթում: Լայն մեկնաբանությամբ` այն ենթադրում է պատմական ու սոցիալական ենթատեքստի եւ իրակությունների մասին տեղեկությունների իմացություն, այսինքն` գիտակցության իմաստային մակարդակի փաստերի, ընդհանրացնող պատկերների իմացություն: Դառնանք մեր հիմնական խնդրին` Կոնստանտին Բալմոնտի «Սեւ ծովի եզերքին» բանաստեղծության չարենցյան թարգմանությանը: Ուրիշի մշակույթի ընկալումը միշտ էլ ընտրողական է, ուստի ընտրողական է նաեւ թարգմանությունը։
Բալմոնտի առաջին հայերեն թարգմանությունները կատարվել են սկսած 1914-ից, երբ նա երկրորդ անգամ այցելում է Կովկաս, հանդիպում Թիֆլիսի հայ մտավորականության ու գրողների հետ, որից հետո «Հորիզոնում» եւ «Մշակում» իրար հետեւից լույս են տեսնում մի շարք թարգմանություններ: Սակայն նրա նկատմամբ հայ գրական հետաքրքրությունը շատ ավելի վաղ պատմություն ունի: Այսպես՝ դեռեւս 1907 թ. Սոնա Օտարյանին ուղղված նամակում Տերյանը գրում է. «Արբենո՛ւմ եմ Բալմոնտի պոեզիայով։ Կեցցե՛ Բալմոնտը»: Եվ դա բնական է, որովհետեւ այդ ժամանակ, Բրյուսովի արտահայտությամբ, «Բալմոնտը լիակատար իշխում էր ռուսական պոեզիային 19-րդ դարավերջին եւ 20-րդի սկզբներին»: Իսկ Վյաչեսլավ Իվանովը գրում էր. «Հիրավի, Բալմոնտին են պատկանում հաղթական արմավենին ու դափնին, այն բանի համար, որ նա պոետ է, միայն պոետ, միշտ եւ ամեն բանում, եւ նրա կյանքի ամեն շունչ՝ պոեզիա, եւ նրա սրնգի ամեն հնչյուն՝ կյանքի շունչ…»: Չմոռանանք նաեւ նշել, որ Արծաթե դարից ռուս գրականության մեջ սկսվեց բանաստեղծական տարբեր դպրոցների, ուղղությունների, կողմնորոշումների, գեղարվեստական համակարգերի մեծ երկախոսությունը՝ մեծ երկախոսությունը մշակույթում, մի բան, որ համաշխարհային լինելով որպես գրական երեւույթ՝ չէր կարող իր անդրադարձները չունենալ նաեւ հայ նորագույն գրականության մեջ: Իսկապես, անցյալ դարասկզբի հայ գրականությունը նշանավորվում է գրեթե միաժամանակ գործող այնպիսի վիթխարի անուններով, ինչպիսիք են Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը, Վ. Տերյանը, Ե. Չարենցը, Մ. Մեծարենցը, Դ. Վարուժանը, Սիամանթոն, Ռ. Սեւակը, որոնք, հիրավի, մի մեծ, նախադեպը չունեցած երկխոսության մեջ էին համաշխարհային մշակույթի հետ, եւ դա այնպիսի մի մակարդակով, որ առանձնապես խիզախություն չի լինի, եթե այդ շրջանը ռուսների հանգույն կոչենք հայ գրականության Արծաթե դար:
Բալմոնտի «Սեւ ծովի եզերքին» նշված բանաստեղծության չարենցյան թարգմանությունը գնահատելիս կարծում ենք, որ մշակութային, ասել է թե` ֆոնային իմացության հենց այս հանգամանքն էլ պայմանավորել է հայ բանաստեղծի հաջող թարգմանությունը, մի պարագա, որ նույնությամբ չենք կարող ասել բալմոնտյան հայերեն այլ թարգմանությունների մասին: Բալմոնտի «Սեւ ծովի եզերքին» բանաստեղծությունը «Չար հմայքները» բանաստեղծությունների ժողովածուից է, որ հրապարակվել է 1906 թ.: 1907-ին ցարական Ռուսաստանի մամուլի կոմիտեն գրքի վրա արգելք է դնում`«Թո՛ղ անիծվի աստված» եւ «Սատանայի խնջույքը» բանաստեղծությունների համար հեղինակին մեղադրելով աստվածանարգության մեջ: Մեկ տարի անց «Սատանայի խնջույքը» բանաստեղծության վերահրատարակության պատճառով արգելվում է նաեւ ողջ ժողովածուն: Նախ մեջբերենք բանաստեղծության ռուսերեն բնագիրը`
При море черном стоят столбы.
Столбы из камня. Число их восемь.
Приходят часто сюда рабы.
И сонмы юных несут гробы.
Бледнеют зимы. И шепчет осень.
Порой и звери сюда дойдут.
Порой примчится сюда и птица.
И затоскуют: «Что делать тут?».
Пойдут, забродят и упадут,
Устав стремиться, устав кружиться.
При море черном стоят столбы.
От дней додневных. Число их грозно.
Число их веще меж числ судьбы.
И их значенья на крик мольбы:
Навек. Безгласность. Враждебность. Поздно.
Շարունակությունը՝ հաջորդիվ։
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ