Դեռ Հին Ուխտում Աստված մարդկանց տվեց տասը պատվիրանները, որպեսզի նրանց հեռու պահի չարից, նախազգուշացնի վտանգներից, որոնք իր հետ բերում է մեղքը։
Մեր Տեր Հիսուս Քրիստոսը սահմանեց Նոր Կտակարան, տվեց մեզ ավետարանական օրենք, որի հիմքը սերն է.
«Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք, ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք»: Հովհաննես 13։34
Եվ՝ սրբությունը, կատարելությունը. «Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը, որ երկնքումն է, կատարեալ է»։ Մատթեոս 5։48
Փրկիչը չչեղարկեց տասը պատվիրանների կատարման պահպանումը, այլ մարդկանց ցուցանեց հոգեւոր կյանքի բարձրագույն աստիճանը։ Լեռան քարոզի ժամանակ, ծանոթացնելով, թե ինչպես պետք է իր կյանքը կառուցի քրիստոնյան, Փրկիչը ներկայացնում է ինը երանելիության պատվիրանները։ Այս պատվիրաններն արդեն խոսում են ոչ թե մեղքի արգելքների մասին, այլ քրիստոնեական կատարելության։ Դրանք ներկայացնում են, թե ինչպես հասնել երանության, ինչպիսի բարերարություններն են մարդուն մոտեցնում Աստծուն, քանզի միայն Նրա մեջ մարդը կարող է գտնել իրական ուրախությունը։ Երանության պատվիրանները ոչ միայն չեն չեղարկում Աստծո Օրենքի տասը պատվիրանները, այլեւ իմաստնորեն լրացնում են դրանք։ Բավարար չէ միայն, որ մեղք չգործենք կամ այն վանենք մեր հոգուց, զղջալով դրանց համար։ Հարկավոր է, որ մեր հոգում լինեն մեղքին հակառակ բարեգործներ։ Բավարար չէ չգործել չարություններ, հարկավոր է կատարել բարի գործեր։ Մեղքերը պատնեշ են ստեղծում մեր եւ Աստծո միջեւ. երբ մենք քանդում ենք այդ պատնեշը, սկսում ենք տեսնել Աստծուն, բայց Նրան մեզ մոտեցնել կարող է միայն քրիստոնեական բարոյական կյանքը։
Ահա այն ինը երանության պատվիրանները, որոնք Փրկիչը մեզ տվեց որպես քրիստոնեական սխրանքի առաջնորդություն.
«Երանի հոգով աղքատներին, որ նորանցն է երկնքի թագաւորութիւնը։
Երանի սգաւորներին, որ նորանք կմխիթարուին։
Երանի հեզերին, որ նորանք կժառանգեն երկիրը։
Երանի նորանց, որ սոված եւ ծարաւ են արդարութեան, որ նորանք կկշտանան։
Երանի ողորմածներին, որ նորանք ողորմութիւն կգտնեն։
Երանի նորանց, որ սրտով մաքուր են, որ նորանք Աստուծուն կտեսնեն։
Երանի խաղաղութիւն անողներին, որ նորանք Աստուծոյ որդիք կկոչուին։
Երանի նորանց, որ արդարութեան համար հալածուած են, որ նորանցն է երկնքի արքայութիւնը։
Երանի է ձեզ, երբոր կնախատեն ձեզ եւ կհալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կասեն ձեր վերայ իմ պատճառովը: Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը, որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային»։ Մատթեոս 5։3-12
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ