«Քայլող հանրագիտարան». այսպես էին խոսում նրա մասին ճանաչողները: Շրջապատի նկատմամբ լինելով չափազանց ուշադիր, զգայուն, բացառիկ ընդունակությունների եւ նախասիրությունների տեր անձնավորություն, իրեն ուղղած գրեթե յուրաքանչյուր հարցի համար գտնում էր սպառիչ պատասխան: Իսկ հաճախ նաեւ որոշակի դեղատոմս էր առաջարկում: Դպրոցում ուսուցիչներն ու աշակերտները խոր հարգանք ու պատկառանք էին տածում նրա նկատմամբ: Խոսքը շիտակ էր ու դիպուկ, հյութեղ եւ հուզական, ինչը դիմացինի կողմից, բնականաբար, ընկալվում էր ըմբռնումով, անթաքույց հուզմունքով եւ հետաքրքրությամբ: Եվ նա այդպես կարող էր երկար վայելել ոսկեղենիկ մայրենիի բացառիկ հմայքը:
Բնավորությամբ համեստ էր, քչախոս (գուցե, ներսում թաքուն բուն դրած ծանր հիվանդությունը եւս իր հետքն էր թողել): Սակայն խոսքը միշտ համեմված էր ժողովրդական իմաստախոսություններով, հումորի նուրբ զգացում ուներ ու ժամերով կխոսեր մայրենի լեզվի ճկունության, հայ գրականության հսկաների՝ Նարեկացու, Քուչակի, Թումանյանի, Տերյանի, Իսահակյանի, Պարույր Սեւակի, Հովհաննես Շիրազի ստեղծագործությունների համամարդկային նշանակության ու ժողովրդայնության մասին: Անկեղծորեն ուրախանում էր աչքաբաց, շնորհաշատ աշակերտների առաջադիմությամբ, ուղղորդում եւ ոգեւորում էր նրանց՝ տաղանդավորներին մտապահելով հիշողության մեջ:
Աշնան հովի պես մեղմ ու բարեհամբույր էր երեխաների նկատմամբ, ներողամիտ ու սրտացավ: Ուսումնառությանս տարիներին չեմ հիշում, որ երբեւէ բարկացած, ուր մնաց, թե չարացած լիներ ու ձայնը բարձրացներ: Իբրեւ կշտամբանքի նշան, բավական էր անգամ նրա փոքր-ինչ հորդորող հայացքը: Մեղավորներն իսկույն իրենց բաժինն էին վերցնում, զղջում անխոհեմ պահվածքի համար՝ գլուխները կախ ներողություն հայցելով ուսուցչապետից: Իսկ նա պահի մեջ այնպե՜ս արագ ընթերցել գիտեր իր աշակերտների հոգին ու ներել գիտեր բոլորին, որոնց անմնացորդ նվիրվել եւ մոմի պես այրվում, հուզվում էր հանդարտ, լույս ու ջերմություն բաշխելով: Սակայն փխրուն, զգայուն սիրտը նրա սկսեց դավաճանել (գուցե երիտասարդ սիրելի որդու ողբերգական մահը նաեւ հոգու ցնցման պատճառ դարձավ): Անբուժելի ծանր հիվանդությունը նենգաբար անկողնուն գամեց նրան, եւ մի օր էլ խոցված ու զարկված սիրտը չդիմացավ…
Երկար տարիներ են անցել այն ժամանակներից, երբ առողջության վատթարացման պատճառով հրաժեշտ տվեց դպրոցին, իր սիրելի սաներին եւ այլեւս դասարան չմտավ: Հիշողությանս մեջ երեկվա պես դեռ թարմ է այն մտապատկերը, երբ վերջին անգամ դասամատյանը թեւի տակ դուրս եկավ դասարանից ու խռովահույզ հոգով հեռացավ իր խոհերի հետ: Աչքերից ասես անվերծանելի թախիծ էր ծորում: Ցավն ու կորուստը միահյուսվել իրար, տակնուվրա էին անում սիրտը: Ո՞վ իմանա, գուցե կանխազգացում էր, որ հիվանդությունը սաստկանում է, որ ինչ-որ բան սեղմում է կոկորդը, ու վերջին դասն այդպես էլ կիսատ է մնալու…
Նա վաղուց էր սերտել կյանքի, իմաստնության, մարդկային առաքինության դասերը եւ սաների, իրեն ճանաչողների հիշողության մեջ հավերժացել որպես բարության սերմացան: Ու այսօր, երբ տարիների հեռվից քրքրում, նորոգում եմ հիշողությունս, առավել ամբողջական եմ ուզում պատկերացնել վաղամեռիկ ուսուցչիս՝ Քրիստափոր Հայրիյանի պայծառ կերպարը, ով այսօր կլիներ 100 տարեկան…
Ծնունդով Սարդարաշեն (Ասկերանի շրջան) գյուղից է Ք. Հայրիյանը: Նորագյուղի միջնակարգն ավարտելուց հետո ուսանել է Շուշիի երկամյա մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետում եւ աշխատանքի անցել հայրենի գյուղում: Մեկ տարի չանցած գործող բանակ է մեկնել, մարտնչել գերմանական ֆաշիզմի դեմ: Հաղթանակից հետո կրկին մանկավարժությամբ է զբաղվել: Եվ մի օր էլ զգալով, որ մայրենիի նկատմամբ մեծ կարոտախտ ունի, ուսումը շարունակել է Բաքվի մանկավարժականի հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետում, համոզված լինելով, որ մասնագիտության ընտրության առումով, դրանով ճիշտ քայլ կատարած կլինի: Եվ մանկավարժական բեղմնավոր գործունեության հետագա տարիները հավաստեցին այն ճշմարտությունը, որ նոր ընտրության հարցում հազար անգամ իրավացի էր Ք. Հայրիյանը: Չնայած անհրաժեշտություն էր լինում, երբ, ասենք, հիվանդացել էր ֆիզմաթի ուսուցիչը, ստիպված փոխարինել նրան, որպեսզի աշակերտները պարապ չմնան եւ առարկան չտուժի:
Հետո շրջժողկրթբաժնում նկատել են մասնագիտական բացառիկ կարողություններն ու կազմակերպչական ընդունակությունները եւ 1949-ին առաջ քաշել Այգեստանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնում: Մանկավարժ կնոջ՝ Աղավնիկ Աղաջանյանի հետ ընտանիքով տեղափոխվել ու մշտական բնակություն է հաստատել գյուղում, նվիրվել մատաղ սերնդի կրթման, դաստիարակման պատվաբեր գործին: Շուրջ հինգ տարի գլխավորել է կոլեկտիվը, ապա ներսում թաքուն բուն դրած հիվանդությունը հետզհետե խորացել, նեղել է նրան: Եվ իր խնդրանքով տնօրենի պաշտոնից ազատվել, ուսումնական մասի գծով տեղակալի պարտականությունների կատարմանն է ձեռնամուխ եղել: Սակայն վատառողջ լինելու պատճառով շուտով հրաժեշտ է տվել դպրոցին: Ճակատագիրն անողոք էր, եւ նա երկար չդիմացավ անբուժելի ցավերին…
Չնայած վաղուց դադարել է բաբախել նրա սիրտը, ու մշտապես հանգրվանել է մայր հողի գրկում, սիրելի ուսուցչի, ազնիվ ու սրտահաճ մարդու հիշատակը շարունակում է անշեջ մնալ սաների, իրեն ճանաչողների հիշողության մեջ: Նրա անունն իր պատվավոր տեղն է գտել Արցախի լավագույն մանկավարժների ցուցակում, իսկ Այգեստանի միջնակարգ դպրոցում, ուր երկար տարիներ մայրենի լեզու եւ գրականություն է դասավանդել, աշակերտները հավատարիմ են մնում «քայլող հանրագիտարանի», գիտության եւ բարության սերմնացանի ավանդույթներին, ձգտում կայուն գիտելիքներ ձեռք բերել եւ հատկապես շատ սիրել ոսկեղենիկ մայրենին:
Երեկվա պես դեռ թարմ է մնացել հիշողությանս մի փոքր պատառիկ: Տասներորդ դասարանում էի սովորում: Աշակերտներիս ազատ թեմայով շարադրություն էր հանձնարարել գրել: «Իմ սիրած ծաղիկը». այսպես էի վերնագրել այն: Հաջորդ օրը դասարան մտավ ու, մինչեւ կամփոփեր շարադրության արդյունքները, լավագույնների թվում հիշատակեց իմ գրածը, ապա հուշիկ քայլերով մոտեցավ ու շշուկով ինձ հանդիմանեց. «Շատ թախծոտ ես շարադրել: Կարդացել, հուզվել եմ, արտասվելու չափ տխրել… Բայց, միեւնույն է, ինքս էլ ձնծաղիկներ շատ եմ սիրում»,- ասաց ու մեղմ, բարեհամբույր ժպիտով հեռացավ:
Տարիներ հետո նրան էի նվիրել «Ու ես չհասցրի» ստորեւ ներկայացվող փոքրիկ բանաստեղծությունը.
Ձնծաղիկներ, իմ ձնծաղիկներ…
Որպես մահվան տեսիլ
Դուք ծնվեցիք լույսով
Ու թիթեռի պես
Գիշերը մարեցիք անձայն,
Մարեցիք հպարտ՝
Ինչպես երկնածոր հրե ասուպներ:
Ու ես չհասցրի
Ձնծաղիկներ կապել երազիս թեւին…