Մայիսի 11-ին իսրայելական ռազմական ուղղաթիռները հրթիռային հարվածներ են հասցրել Գազայի հատվածի մի շարք շրջանների: Իսրայելական ԶԼՄ-ները հաղորդում են, որ այդ գործողություններն իսրայելական քաղաքների ռմբակոծության պատասխանն են:
Իսրայելը վերսկսել է իր հրթիռային հարձակումները Գազայի հատվածի վրա «Պատի պահապանները» ռազմական գործողության մեկնարկի մասին հայտարարությունից անմիջապես հետո: Վեց իսրայելցի վիրավորվել է Աշկելոնում «Իզ ադ-Դին ալ-Քասամ» բրիգադի հրթիռային հարվածների արդյունքում: Իսրայելական բանակը գրոհով վերցրել է «Ալ-Աքսա» մզկիթը դաժան մարտերի արդյունքում. վիրավորվել են հարյուրավոր պաղեստինցիներ:
Իսրայելական ռազմական ինքնաթիռները հրթիռային հարվածներ են հասցրել Գազայի հատվածի մի քանի շրջանների: Գազայի հատվածի քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչը հայտնել է, որ երեք պաղեստինցիներ են զոհվել Գազա քաղաքից դեպի արեւմուտք գտնվող Էշ-Շաթի փախստականների ճամբարի վրա իսրայելական հրթիռային հարվածների արդյունքում: Գազայի հատվածում թիրախների դեմ իսրայելական հարվածների արդյունքում սպանվել է մոտ երեք տասնյակ տեղացի, այդ թվում` 12 երեխա, մեկ կին: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:
Ինչպես հաղորդում է քաթարյան «Ալ-Ջազիրան», ի պատասխան խաղաղ բնակիչների վրա հարձակման, «Իզ ադ-Դին ալ-Քասամ» բրիգադը հրթիռային հարվածներ է հասցրել Աշկելոնին: Նրանք հայտարարել են. «Եթե թշնամին շարունակում է հարվածներ հասցնել Գազայի քաղաքացիական շինություններին, մենք Աշկելոնը կվերածենք դժոխքի»: Երկու հրթիռ խոցել են բնակելի շենքեր:
Օբյեկտների շարքում, որոնք ենթարկվել են իսրայելական գրոհի, Թել-էլ-Խավա շրջանի կենտրոնում եղել է մի շենք, որը պատկանել է ՀԱՄԱՍ շարժմանը: Հրթիռային հարվածի արդյունքում վիրավորվել է պաղեստինցի մի ոստիկան: Այլ աղբյուրներ հայտնում են, որ զոհվել են ՀԱՄԱՍ-ի 2 հրամանատարներ: Օգտագործվել են ոչ միայն մարտական ու հետախուզական ինքնաթիռներ, այլեւ հարվածային ուղղաթիռներ:
Միաժամանակ իսրայելական ռազմական նավակները հարվածներ են հասցրել Գազայի հատվածից հյուսիս-արեւելք գտնվող գյուղատնտեսական նշանակության տարածքներին: Ավելի վաղ նրանք հրետակոծել են Սուդանիայի շրջանը:
Ռազմական գործողության մասին հայտարարությանը հաջորդել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի սպառնալիքը. նա հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի հրետակոծությունն անպատասխան չի մնա, եւ որ պաղեստինյան խմբավորումները բարձր գին կվճարեն: Նա նաեւ զգուշացրել է, որ հակամարտությունը «կարող է տեւել որոշ ժամանակ»:
Իսրայելական զինվորականները լույս երեքշաբթիի գիշերը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել 130 թիրախի, այդ թվում՝ «Իսլամական դիմակայության շարժում» ռազմական հետախուզության շտաբին: Սպանվել են ՀԱՄԱՍ-ի եւ «Պաղեստինի իսլամական ջիհադի» 15 մարտիկներ:
«Իզ ադ-Դին ալ-Քասամ» բրիգադը, որը ՀԱՄԱՍ-ի թեւերից մեկն է, եւ պաղեստինյան այլ խմբավորումները մայիսի 11-ի առավոտյան «Երուսաղեմի սուր» անունը կրող օպերացիայի շրջանակներում մոտ 100 հրթիռ են արձակել իսրայելական բնակավայրերի ուղղությամբ, որոնք սահմանակցում են Գազայի հատվածին: Դրանցից 7-ը արձակվել է Երուսաղեմի տարածքից, իսկ մնացածները հարվածել են Աշկելոնին, Սդերոտին եւ այլ բնակավայրերի: Իսրայելի պաշտպանության բանակը, իր հերթին, հաղորդել է, որ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ բաց է թողնվել մոտ 200 հրթիռ: Նշվում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են դրանք:
«Իզ ադ-Դին ալ-Քասամ» բրիգադը հայտարարել է, որ հզոր հարված կհասցնի, եթե Իսրայելը փորձի հրետակոծել Գազայի քաղաքացիական օբյեկտները:
«Մենք զգուշացնում ենք, որ եթե սիոնիստական վարչակազմը հարվածներ հասցնի քաղաքացիական օբյեկտներին կամ տներին, որոնք պատկանում են Գազայի մեր ժողովրդին, մեր պատասխանը վճռական ու ցավագին կլինի»,- նշված է հայտարարության մեջ:
Նշված բրիգադը հրթիռային հարվածներ է հասցրել ի պատասխան օկուպացված Երուսաղեմում հակառակորդի հանցագործությունների եւ սուրբ քաղաքի դեմ ագրեսիայի: Երուսաղեմի մերձակայքը հրետակոծվել է 120 կմ հեռահարության հրթիռներով, որոնք ունեն բարձր պայթուցիկ մարտագլխիկներ՝ կործանարար մեծ ուժով: Ընդգծվում է նաեւ, որ սա նման հրթիռների մարտական առաջին կիրառումն էր: ՀԱՄԱՍ-ը նաեւ այլ զենքեր ու հրթիռներ ունի, բայց դրանց մասին ոչինչ հայտնի չէ:
Հրթիռներն Իսրայելի ուղղությամբ արձակելուց հետո Երուսաղեմի ոստիկանապետը պահանջել է անհապաղ դադարեցնել Հին քաղաքով անցնող «դրոշի երթը»: Տեսանյութում երեւում է, որ երթի մասնակիցները վազում են դեպի թաքստոց, երբ օդային տագնապի ազդանշան է հնչում:
ՀԱՄԱՍ-ը կշարունակի ընդդիմանալ իսրայելական օկուպացիային, քանի դեռ վերջինս ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում Պաղեստինի ժողովրդի դեմ: «Պաղեստինի իսլամական ջիհադն» իր կողմից հայտարարել է, որ «թշնամին ագրեսիա է սկսել Երուսաղեմի դեմ, եւ եթե այդ ագրեսիան չդադարեցվի, ապա կրակի դադարեցման քաղաքական ջանքերը ժամանակի դատարկ ծախս կլինեն»:
Իսրայելի կառավարությունը որոշել է ժամանակավորապես փակել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը: Իսկ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է Գազայի հատվածից 40 կմ շառավղով տարածքում հատուկ ռեժիմ սահմանելու մասին: Պաշտպանության բանակը փակել է մի շարք ճանապարհներ՝ դա բացատրելով հավանականությամբ, որ Գազայից Իսրայելի ուղղությամբ կարող են հակատանկային հրթիռներ թռչել:
Ի վերջո, իսրայելցի զինվորականները լքել են «Ալ-Աքսան» ու նրա շրջակայքը Արեւելյան Երուսաղեմում: Նրանց հեռանալուց հետո հավատացյալները կարողացել են անխափան ներս մտնել «Ներման դարպասներից»:
Հետաքրքիր է, որ բռնությունների բռնկումը համընկել է Երուսաղեմի արեւելյան մասում ԱՄՆ-ի դեսպանության բացման եռամյա տարելիցի հետ (այն տեղի է ունեցել 2018 թ. մայիսի 14-ին): Պաղեստինցիները դա համարում են իրենց տարածքը, ավելին՝ իրենց մայրաքաղաքը: Այն ժամանակ զանգվածային հուզումներ սկսվեցին Գազայի հատվածում, որի ժամանակ զոհվեցին տասնյակ պաղեստինցիներ:
Դեսպանության տեղափոխումը Երուսաղեմ եւ այն «հրեական պետության մայրաքաղաք» ճանաչումը նախաձեռնել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որի վրա ազդել է իսրայելական լոբբին: Իսկ Բայդենը, ինչպես հայտարարել է իսրայելական նախարար Ցախի Հանեգբին, պատրաստ է կոշտ դիրքորոշում որդեգրել Իսրայելի նկատմամբ, որն ԱՄՆ-ի մերձավորարեւելյան գլխավոր դաշնակիցն է: Մասնավորապես՝ դա վերաբերում է նաեւ իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը:
Իսրայելցի փորձագետ, Մերձավոր Արեւելքի հարցերով «Անվտանգության քաղաքականության կենտրոն» գիտական խորհրդի անդամ Քերոլայն Գլիկը ենթադրում է, որ Բայդենի՝ իշխանության գալուց հետո Մերձավոր Արեւելքն սկսել է վերածվել «վառոդի տակառի»:
«Աֆղանստանից Սիրիա եւ առաջին հերթին պաղեստինյան արաբների շրջանում բռնության աճ է նկատվում: Բայդենի վարչակազմը սատարում է պաղեստինյան արաբներին, քանի որ նախագահն ու նրա խորհրդականներն իրենց արտաքին քաղաքականության մեջ կիրառում են նույն «ինքնության քաղաքականությունը», ինչ ներքին քաղաքականության մեջ»,-ասել է Գլիկը:
Բար Իլանի համալսարանի իսրայելա-ամերիկյան հարաբերությունների փորձագետ, պրոֆեսոր Էյտան Գիլբոան նույնպես կարծում է, որ Բայդենի օրոք Իսրայելի նկատմամբ քաղաքականությունը կարող է փոխվել:
«Բայդենը ցանկանում է ապացուցել, որ այժմ կա նոր Սպիտակ տուն, եւ չեն լինի այնպիսի «ինտիմ հարաբերություններ», ինչպիսին ունեին Նաթանյահուն եւ Թրամփը»,-ասել է Գիլբոան «Արուց Շեւա» հանդեսին:
Փորձագետների մի մասը ենթադրում է, որ Բայդենի համար «Իրանը կարեւոր է Իսրայելից», քանի որ ԱՄՆ-ն ցանկանում է վերադառնալ Թեհրանի հետ «միջուկային ծրագրին»: Ոմանք էլ կարծում են, որ մերձավորարեւելյան այս հակամարտությունն սպառնում է վերաճել լայնամասշտաբ պատերազմի Իսրայելի ու Իրանի միջեւ, որը պաշտպանում է Իսրայելի թշնամուն՝ լիբանանյան «Հըզբոլլահին»: Իսկ դա նշանակում է, որ իրանա-իսրայելյան ռազմական գործողությունների թատերաբեմ կարող է լինել Լիբանանի տարածքը:
Բայց կարծիք կա նաեւ, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն իսրայելական ուղղությամբ չի փոխվի…