Մեր լեզուն, մեր ոսկեղենիկ հայերենը, մեր արքայականը… Հազարամյակների մեր մաքառումների ընթացքում բախտը մեզ խոցեց հազարապատիկ: Դրախտային հովտի մեր երկիրը ծվատվեց բաժան-բաժան, աստվածաշնչյան մեր ազգը դժոխքի հատակը տեսավ երկրի երեսին: Արյունարբու ցեղերը մեզնից խլեցին հրաբուխ ժայթքող մեր անառիկ լեռները, մեր բինգյոլներն ու մեր լճերը, դաշտավայրերը, մեր այգեստանները, մեր քաջասիրտ նախնիների ու հայոց մեծահամբավ արքաների գերեզմանները, մեր աստվածների սրբատեղին: Խլեցին ու հիմա էլ են ջանում խլել: Բյուր ելուզակներին, սակայն, չհաջողվեց խլել միայն մեկ բան՝ մեր ամենաթանկը՝ հայ արյունն արյուն պահող մեր անմեռ լեզուն, մայրակաթ մեր սրբությունը: Մարդկության քանի՛-քանի՛ հանճարներ են խնկարկել հայոց լեզուն, քանի՛-քանի մուսաներ են փառաբանել մեր աստվածայինը, համաշխարհային ի՛նչ գանձեր են հայացվել մեր «բարբարոս ու ճկուն» լեզվով: Ինչե՛ր են հայտնաբերվել կախարդական մեր այբուբենում, եւ ինչեր են հայտնաբերում նաեւ այսօր… Եվ դա մենք ենք, մեր շուրթերից հնչող մեր մայրենին: Միայն ով չի սքանչացել նրանով…
Չծավալվեմ, ձայնը տամ մեր եւ օտարազգի մեծերին: Համաշխարհային գրականության դասական Վիկտոր Հյուգո. «Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արեւելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը…»:
Նույնպես ֆրանսիացի, հայագետ Անտուան Մեյե. «Հայոց այբուբենը մի գլուխգործոց է, որ պահպանվում է մինչեւ այսօր առանց փոփոխություն կրելու: Այս լեզվի ճկունությունն ու ճոխությունը ուժ են եղել այդ ժողովրդի համար…»: Իսկ մեծն Ջորջ Բայրոնը, ով հայերենն աստվածների հետ զրուցելու լեզու էր համարում եւ Վենետիկի սրբազան հայրերի մոտ հանգրվանել էր նաեւ այն յուրացնելու նպատակով, ասելու էր. «Սկսել եւ շարունակում եմ հայոց լեզվի ուսումնասիրությունը: Սա հարուստ լեզու է, եւ լիովին հատուցվում են սովորողի չարչարանքները…»: Մեր ժողովրդի ու գրականության ռուս բարեկամ, գրող Անդրեյ Բիտովն էլ չի թաքցրել իր սքանչացումը. «Ես երջանիկ էի հայերեն խոսքի կարկաչյունով եւ ճարճատյունով: Ես լսում էի օտար խոսքը եւ հմայվում էի նրանով. իսկապես՝ կոշտի, շիկացածի եւ զարմանալիորեն փափուկի, քնքույշի ինչպիսի՛ զուգորդում: Ինչպես կոշտ, այրված հողը եւ հյութալի պտուղը, որը հասունանում է նրա վրա…»:
Գանք մեր մեծերին. Միքայել Նալբանդյան. «Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որին ընդդեմ տկար են նաեւ միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը: Լեզուն է նոցա որպիսության եւ վիճակի հայտարարը… Ազգն ինքնըստինքյան ազգ չէ, եթե չունի լեզու: Ազգը չի կորչի, եթե նրա լեզուն պատշաճավոր ճոխանա, արմատանա հոգու եւ սրտի մեջ…»: Լսենք Վարպետին. «Հայոց լեզվի մեջ մարմնացած է հայոց հոգին: Ամեն մի բառը նրա հոգու մի կտորն է: Այդ բառերի մեջ են նյութացած, առարկայացած մեր վիշտը, զրկանքները, մեր երազները, հույսերը, իղձերը, սերը, մեր ողջ ժողովուրդը…»: Իսկ ամենայն հայոց բանաստեղծը մարգարեանում է. «Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության եւ էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը…»: Մուշեղ Իշխան բանաստեղծն էլ ոգորում է, որ «Հայոց լեզուն տունն է հայուն…»: Համո Սահյանը բարձրաձայնում է. «Ինչ ունենք ավելի թանկ, որ այսքան մերը լինի…»: Հիրավի, չունենք, որովհետեւ միայն մեր լեզուն էր, որ մնաց անկողոպտելի եւ որը, Սեւակի շուրթերով ասած, «միայն մեզ չի պատկանում, այլեւ աշխարհին, նա միայն մեր սրբությունը չէ, այլ մասունքը հանուր մարդկության…»:
Հիմա հասնենք հինգերորդ դար՝ Վարդանանց պատերազմի երգչին. Եղիշե. «Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն՝ հզոր, հոնարենը՝ ահաբեկող, ասորերենը՝ աղերսական, պարսկերենը՝ պերճ, ալաներենը՝ գեղեցկազարդ, գոթերենը՝ հեգնական, եգիպտերենը՝ տափակախոս ու խավարաձայն, հնդկերենը՝ ճռվողական, ՀԱՅԵՐԵՆԸ՝ քաղցր, որը միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ…»:
Ահա այսպիսի լեզու, որ չկարողացան խլել մեզանից: Իսկ մենք, արդյոք, կարողանո՞ւմ ենք փայփայել արքայական մեր լեզուն: Չէի ասի… Մեր հեռուստասերիալները, որ գրեթե կապ չունեն մեր ոսկեղենիկի հետ, նորից բավական են…Ինչեւէ: Սա առանձին հրապարակումի թեմա է, որի մասին խոսելուց առաջ պարզապես փաստենք, որ ժամանակին զուգընթաց կանհետանան նաեւ բազմաթիվ «միջակ» եւ միջանցիկ քամիները՝ բացելով հայերենի ճանապարհը:
Մայրենիի օրվա առիթով նշենք, որ նույն օրը Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ ամենամյա մրցանակաբաշխությունը, միջոցառում, որը պատշաճ էր Մայրենիի օրվան: Հուսանք, որ մրցանակակիր հեղինակները իրենց գրականությամբ նպաստ են բերում մեր սուրբ լեզվի զարգացմանը՝ անխառն ու վճիտ բառուբանով… Եվ չմոռանանք նժդեհյան նախազգուշացումը. «Լեզվի մահն արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը…»:
Անաղարտ պահենք մայրենին: Նա է անխաթար պահում մեր ազգային ինքնությունն ու դիմագիծը: