Փետրվարի 21-ին մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպումներ է ունեցել Իրաքի Քրդստանի ինքնավարության (ՔԻ) նախագահ Նիչերվան Բարազանիի ու վարչապետ Մաասուդ Բարազանիի, ինչպեսեւ Իրաքի ԱԳ նախարար Ֆոադ Հոսեյնիի հետ։ Այնուհետեւ, մամուլի ասուլիսում անդրադառնալով հիշյալ հանդիպումներին, շեշտել է. «Մենք բոլորս համաձայն ենք ահաբեկչության դեմ պայքարելու եւ այդ չարիքից շուտափույթ ազատվելու հարցում»։
Նախարարը նշել է, թե Անկարան հարգում է բոլոր հարեւան երկրների սահմանները, անկախությունն ու ինքնիշխանությունը, սակայն հանուն իր ժողովրդի ու սահմանների անվտանգության ապահովման, շարունակելու է պայքարը մինչեւ վերջին ահաբեկչին ոչնչացնելը։ Նա հստակեցրել է, թե ահաբեկիչներ ասելով նկատի ունի ԴԱԻՇ-ին, PKK-ին եւ Սիրիայի քրդական ժողովրդի պաշտպան միավորումներին՝ YPG-ին։ Սակայն ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է վերջին երկուսին, քանի որ Թուրքիան ԴԱԻՇ-ի դեմ ոչ Սիրիայում եւ ոչ էլ Իրաքում որեւէ քայլ չի կատարել, թեեւ եզակի դեպքերում իր հարձակումներն Իրաքի եւ Սիրիայի հյուսիսի վրա պատճառաբանել է այդ պատրվակով։ Ավելին՝ բազում փաստեր կան, որ Անկարան համագործակցել է դաիշականների ու այլ ահաբեկչական խմբերի հետ։ Աքարի ասածից երեւում է, որ խոսքը վերաբերում է քրդական ուժերին, երբ նշել է, թե վերջին տարիներին Սիրիայի հյուսիսի ահաբեկիչները ցանկանում էին «ահաբեկչական» միջանցք ստեղծել Սիրիայի հյուսիսում, բայց Թուրքիան վիժեցրեց այն։ Խոսքը վերաբերում է Սիրիայի հյուսիսում Անկարայի զավթած քրդաբնակ շրջաններին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց տունուտեղից, փախստականներ դարձել, իսկ հարյուրավորներ զոհվել են։ Ավելին՝ Անկարան փետրվարի 20-ին կրկին ռազմական գործողություններ է իրականացրել Սիրիայի հյուսիսում՝ հայտարարելով, թե ոչնչացրել է 14 ահաբեկչի։
Ինչպես նշել ենք տարբեր առիթներով, Իրաքի ՔԻ-ի ժողովրդավար կուսակցությունը Մաասուդ Բարազանիի գլխավորությամբ հակված է դեպի Թուրքիա, ուստի վերջինիս հետ համագործակցությունը՝ ընդդեմ PKK-ի, հավանական է։ Մանավանդ որ Թուրքիան թիրախ չի դարձնում Բարազանիի վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Իրաքի, ինչպեսեւ Սիրիայի իշխանությունները դեմ չեն քրդական ուժերի դիրքերի թուլացմանն իրենց երկրներում, ահա թե ինչու, թեեւ Թուրքիային քննադատում են իրենց երկրների սահմանների խախտման ու հարձակումների առնչությամբ, սակայն որեւէ լուրջ քայլ դրանք խոչընդոտելու ուղղությամբ չեն անում։ Այլ կերպ ասած՝ Անկարան այժմ PKK-ի դեմ պայքարում է Իրաքում ու Սիրիայում, եւ թվում է, թե Թուրքիայի ներսում այդ պայքարը որոշ չափով թուլացել է։ Այն սկսվել էր 2015 թ., երբ Անկարան, քրդերի հետ ստորագրած համաձայնագիրը չեղարկելով՝ լայնածավալ պայքար սկսեց նրանց դեմ քրդաբնակ, մասնավորապես՝ երկրի հարավարեւելյան շրջաններում։ Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) ուսումնասիրությունների՝ 2015-22 թթ. բախումների ընթացքում զոհվել է շուրջ 6 հազար մարդ, ընդ որում՝ 3717՝ PKK-ական, 600՝ խաղաղ բնակիչ, 1322՝ թուրք զինվորական։ Ըստ նույն աղբյուրի՝ վերջին տարիներին Թուրքիայի բանակը, փոխելով ռազմավարությունը քրդերի դեմ, կիրառելով ԱԹՍ-ներ ու ռմբակոծիչներ, զգալիորեն կրճատել է սեփական զոհերի թիվը։
Հոլանդիայի Կլինգենդալ հետազոտական կենտրոնի (Clingendael Institute) աշխատակից, քրդագետ դոկ. Վան Վինը, անդրադառնալով PKK-ի դեմ պայքարի Իրաքի ու ՔԻ-ի համաձայնության հարցին, շեշտել է, որ ժողովուրդը, մասնավորապես՝ ՔԻ-ի բնակչությունը, դեմ է Թուրքիայի գործողություններին։ Նա նշել է, թե Անկարան այժմ համոզված է, որ քրդական զինված խմբերի դեմ ռազմական գործողություններով կարող է նրանց ոչնչացնել՝ երկրի ներսում քրդական հարցի առնչությամբ որեւէ քաղաքական լուծում չառաջարկելով։ Դոկ. Վինը Թուրքիայում իշխանությունների ու քրդերի միջեւ հակամարտության վերաբերյալ ընդգծել է, թե այն շարունակվելու է, քանի դեռ Թուրքիան չի ընդունել, որ այդ երկիրը բազմազգ է, եւ փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են։ Նա հավելել է, որ հակառակ դեպքում հակամարտությունը շարունակվելու է, անգամ եթե վերանա PKK-ն, ծնվելու է նոր PKK։ Այսուհանդերձ, Թուրքիայում ներկայումս մի հարցում թուրք քաղաքական բոլոր ուժերը համակարծիք են՝ «Թուրքիան առանց քրդերի», այսինքն՝ ուծացնել նրանց՝ որեւէ իրավունք չճանաչելով։ Էրդողանի կառավարությունը նման քաղաքականություն որդեգրելով՝ ցանկանում է, այս հարցում հաջողություն արձանագրելով, ինչ-որ չափով բարձրացնել իր հեղինակությունը։ Չնայած նա սոցհարցումների արդյունքները, որոնք վկայում են իր պարտության մասին, համարում է կեղծված ու սուտ, բայց եւ այնպես դրանք ցույց են տալիս, որ 2023 թ. նախագահական ընտրություններում հազիվ թե օրինական կերպով կարողանա հաղթել։
Ընդդիմադիր քաղաքական ուժերը իշխող AKP-ին ու նրա առաջնորդ Էրդողանին են մեղադրում երկրի տնտեսական գերծանր վիճակի համար։ Ուստի փետրվարի 13-ին 6 ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ Էրդողանին իշխանությունից հեռացնելու եւ երկրում խորհրդարանական համակարգը վերականգնելու նպատակով ձեւավորել են Ազգային կոալիցիա։ Վերջինիս հրապարակած հայտարարության մեջ շեշտվել է, որ Թուրքիան հայտնվել է իր պատմության ընթացքում ամենախոր քաղաքական ու տնտեսական ճգնաժամի մեջ, ինչի համար մեղավոր է երկրի գործադիր համակարգը։ Ազգային կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները, ինչպես Էրդողանի գլխավորած AKP-ն, ցանկանում են «խաղից դուրս» թողնել քրդերին՝ նրանց շահերը ներկայացնող ժողովուրդների ժողովրդավար (HDP) կուսակցությանը։ Քուրդ կին պատգամավոր Հյուդա Քայան այդ առիթով հայտարարել է, թե առանց քրդերի 6 կուսակցություները կարող են ձեւավորել կոալիցիա, բայց դա չի կարող ողջ ժողովրդի ներկայացուցիչը լինել՝ ընդգծելով, որ ապագան պատկանում է մի համակարգի, որտեղ ընդգրկված կլինեն բոլոր ազգերի ներկայացուցիչները։ HDP-ի համանախագահ Մեդհաթ Սանջարը եւս քննադատել է քրդերի անտեսումը, սակայն պատրաստակամություն է հայտնել նախագահի մեկ ընդհանուր թեկնածուի հարցի շուրջ բանակցել ազգային կոալիցիայի հետ։
Էրդողանը, վերջինիս առաջնորդների համատեղ որոշումն ապարդյուն գնահատելով, շեշտել է, թե թույլ չեն տա, որ ի վնաս քաղաքացիների քայլեր կատարվեն՝ հավելելով, որ ժողովուրդն է ընտրել նախագահական համակարգը։ Ապա ծաղրական տոնով շեշտել է, թե ինչո՞ւ HDP-ին «չեն խաղացնում, ախր, նրան էլ կզայրացնեն»։ Հաշվի առնելով վերջինիս հանդեպ նման վերաբերմունքը եւ նրա անդամ պատգամավորների նկատմամբ շարունակական ճնշումները՝ կարելի է ենթադրել, որ առաջիկայում HDP-ի գործունեության արգելումը բացառված չէ։