ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ի պատմական նստաշրջանը, որը հռչակեց Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանին միացնելու վերաբերյալ հայտնի որոշումը, մշտապես ամրագրված է արցախյան պայքարի տարեգրության էջերում: Որոշումն ընդունելու մեջ մեծ է Շարժման առաջնորդներից մեկի` «Կռունկի» եւ «Ազգային խորհրդի» նախագահության անդամ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, «Արարատ» ֆուտբոլային թիմի նախկին անդամ եւ «Ղարաբաղի» երբեմնի գլխավոր մարզիչ Ռազմիկ Պետրոսյանի ներդրումը: Հատկանշական է, որ մի խումբ ակտիվիստների թվում նաեւ նրան էր հանձնարարված նստաշրջանին մարզի հեռավոր բնակավայրերից մարզխորհրդի պատգամավորների ապահովման անչափ դժվարին ու պատասխանատու գործը:
Ծնվել եւ հասակ է առել Գանձակում (Կիրովաբադ): Ծննդավայրի հետ կապված ուրախ թե տխուր պահերի բազմաթիվ հիշողություններ ունի: Նրա խոսքով՝ դեռ մինչեւ 1950-ական թթ. սկիզբը հայերը քաղաքի բնակչության մեծամասնությունն էին, իսկ հետագայում` Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության հետեւանքով գյուղաբնակների հաշվին անհամեմատ աճեց ադրբեջանցիների թիվը: «Հայկական դպրոցներից յուրաքանչյուրում ոչ պակաս 1000 աշակերտ էր սովորում, բայց շուտով նրանց թիվը նվազեց: 1957 թ. քաղաքի «Սպարտակ» ֆուտբոլային թիմի բոլոր խաղացողները (գլխավոր մարզչի հետ մեկտեղ) հայեր էին, բայց մի քանի տարի հետո թիմը լիովին «թրքացավ»,- հիշում է Ռազմիկը:- Բաքվի ցուցումով փակվեցին երբեմնի հայկական թատրոնը, կրթամշակութային մյուս օջախները: Պաշտոնից ազատվում էին հիմնարկ-ձեռնարկություններում, քաղկոմում եւ քաղգործկոմում ղեկավար պաշտոններ զբաղեցնող հայերը: Շատ շատերը, չդիմանալով ճնշմանն ու կամայականություններին, հիասթափված լքում էին Գանձակն ու Ռուսաստան (լավագույն դեպքում` Հայաստան) մեկնում: Շատերի թվում նման տխուր ճակատագրի էր դատապարտված եւ մեր ընտանիքը, որը նախընտրեց Ստեփանակերտը»:
Արագ հայաթափվում էր իրենց իսկ ձեռքով կառուցած քաղաքը, եւ հակառակ դրան` չնչին գումար վճարելով օր օրի ազերիներն էին ամրանում նրանց տներում` հայերի՝ տարիներ ի վեր ստեղծած արժեքների լիիրավ տերը զգալով իրենց…
«Թե Ադրբեջանի ղեկավարությունը բարեկամության կեղծ քողի տակ իրականում ինչպիսի թշնամական վերաբերմունք էր ցուցաբերում հայ բնակչության նկատմամբ, դա ընդգծված զգում էի եւ իմ կաշվի վրա,- նշում է Ռ. Պետրոսյանը:- Չնայած իրենց հատուկ շողոքորթությամբ երբեմն ուզում էին մեզ սիրաշահել ու ջանում «բարեկամի» տպավորություն թողնել, սակայն նենգությունն ու ատելությունը հայերիս նկատմամբ զգացվում էր յուրաքանչյուր քայլափոխի: Իսկ երբեմն՝ արժանապատվությունից դրդված, եթե լրջորեն ընդհարվում էինք, եւ իրենցից որեւէ մեկը տուժում էր (հատկապես երբ մահանում էր), կատաղած ամբոխը զինված հարձակվում էր հայկական թաղամասերի վրա եւ փորձում անպայման վրեժխնդիր լինել, ամեն գնով հայի արյուն թափել… Տեղափոխվելով ու բնակություն հաստատելով Ստեփանակերտում, այստեղ եւս զգացի, որ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ, ցավոք, նույն խտրական քաղաքականությունն է վարվում: Բարեբախտաբար, Արցախյան շարժումը կանխեց Ադրբեջանի ղեկավարների` մարզի հայ բնակչության տեղահանման, հայաթափման հեռահար ծրագիրը…»:
Ռազմիկ Պետրոսյանը բազմաթիվ օրինակներ է բերում 1970-ական (նաեւ՝ 1980-ական) թվականներին Լեռնային Ղարաբաղում ժողովրդագրական պատկերը բացահայտ ադրբեջանցիների օգտին վերափոխելուն միտված Բաքվի ձեռնարկումների մասին: Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը Ստեփանակերտ տեղափոխելուց շատ չանցած բացվեց եւ ադրբեջանական բաժանմունք, որտեղ սովորելու էին գալիս բացառապես ադրբեջանական գյուղական բնակավայրերից, իսկ դասախոսները հրավիրվում էին Բաքվից եւ անմիջապես ապահովվում բնակարաններով: Ադրբեջանի Կենտկոմը որոշում էր ընդունել Ստեփանակերտ տեղափոխել նաեւ Կիրովաբադի գյուղատնտեսական ինստիտուտը, Աղդամի բժշկական ուսումնարանը փակել եւ ուսանողներին տեղավորել Ստեփանակերտի բժշկական ուսումնարանում: Ծրագրված էր նաեւ մարզկենտրոնում տարածաշրջանային պրոֆտեխուսումնարան բացել ու այնտեղ ներգրավել գլխավորապես Աղդամի, Ֆիզուլու, Լաչինի, Քելբաջարի, Զանգելանի, Կուբաթլուի եւ հարակից ադրբեջանական այլ շրջաններից 2000 սովորողների: «Այդպես եթե գործընթացը շարունակվեր, մի քանի տարին կհերիքեր, որպեսզի մարզի բնակչության ճնշող մասը կազմեին ադրբեջանցիները: Սթափվել, նիրհից դուրս գալ էր պետք, այլապես Նախիջեւանի ու Գանձակի ճակատագրերն էին մեզ սպասում»,- ասում է Ռազմիկը:
Արցախի դեմ օր օրի սաստկացող ճնշումը ծանր ու անելանելի կացության առաջ էր կանգնեցրել հայերին, եւ ազգային ինքնագիտակցության զգացումը պոռթկաց մարդկանց հոգիներում` վերածվելով աննախադեպ համաժողովրդական շարժման…
«Ստորագրահավաքից հետո, երբ արդեն իրար էին հաջորդում ցույցերն ու հանրահավաքները, եւ հերթական քայլը նախաձեռնող խումբը համարում էր մարզխորհրդի արտահերթ նստաշրջանի հրավիրումը, մեր առաջնահերթ խնդիրն էր ամեն գնով հեռավոր, ծայրամասային բնակավայրերից Ստեփանակերտ հասցնել պատգամավորներին, որոնց ներկայությունը բռնության ամենատարբեր մեթոդներով խոչընդոտում էին Բաքվից բերված ազերի ոստիկանները: Եվ արվում էր հնարավորը, որ անպայման քվորում ապահովվի, ու կայանա նիստը,- պատմում է Ռ. Պետրոսյանը:- Ինձ հանձնարարված էր մինչեւ նստաշրջանի գումարումը հանդիպել Կեւորկովին եւ համոզել նրան` մեղքերը քավելու համար, քանի դեռ ուշ չէ` անցնել մեր կողմն ու գլխավորել շարժումը, չնայած ժողովրդի մեծ մասը լիովին կորցրել էր հավատն ու վստահությունը նրա նկատմամբ: Կուսմարզկոմի բյուրոյի նիստերի դահլիճում կայացավ հանդիպումը: Բ. Կեւորկովը հպանցիկ հայացք նետեց իմ կողմը ու թե` «Խոսեք, ես ձեզ լսում եմ»: Ես նրան բացատրեցի, որ ժողովուրդը ոտքի է կանգնել, վաղը մարզխորհրդի նստաշրջան է գումարվելու, եւ որպեսզի այն անարգել տեղի ունենա, ինքը չպետք է խոչընդոտի: Միաժամանակ նրան հասկացրի, որ ժողովուրդն իրեն կպաշտպանի, եթե կանգնի մեր կողքին… Բ. Կեւորկովը պատասխանեց, թե ինքը չի ճանաչում Ադրբեջանի իշխանություններին եւ սպասում է Մոսկվայի վերջնական պատասխանին: Իսկ երբ նորից հիշեցրի, թե ժամանակն է, որ ինքը ճիշտ ընտրություն կատարի, Կեւորկովն իմ կողմը շրջվեց ու կամացուկ պատասխանեց. «Կմտածեմ, միայն խնդրում եմ, որ մեր հանդիպման մասին ոչ ոք չիմանա»…»:
Դրսում շտաբի անդամներն անհամբեր սպասում էին Ռազմիկին, նրանք հիմնականում գոհ էին հանդիպման արդյունքներից: Արկադի Մանուչարովը, տեղյակ լինելով բանակցությունների մանրամասներին կատակով նկատել էր. «Միայն այն բանի համար, որ գոնե մեզ չի խանգարի, նրանից շնորհակալ պիտի լինենք»:
«Հենց որ հրապարակում հավաքվածները տեղեկանում էին, որ պատգամավորների թիվը թեկուզեւ մեկով ավելացել է, անսահման ուրախություն էին ապրում: Շատերը շրջանցելով ազերի ոստիկանների պահակակետերը, վտանգից խուսափելու համար մարզկենտրոն էին հասնում անտառներով ու լեռներով,- հիշում է Ռազմիկը:- Հետո ակնհայտ դարձավ, որ իր շքախմբով դահլիճում հայտնված Բաղիրովը պատգամավորներին փորձում է սիրաշահել ու խոստումներ տալ` «կանաչ լույս վառել» նրանց ճանապարհին, միայն թե նիստը չգումարվի, եւ որոշում չկայացվի: Սակայն ներկաները արհամարհել ու պահանջել էին լքել դահլիճը»:
Բոլոր ելույթ ունեցողներն էլ (44 հոգի) խստիվ քննադատում եւ անարգանքի սյունին էին գամում Ադրբեջանի ղեկավարներին՝ ընդգծելով, որ այլեւս հետդարձի ճանապարհ չկա, ու ժողովրդի փրկությունը Հայաստանին վերամիավորվելու մեջ է:
«Շուտով լուր ստացանք, որ Խոջալուում ադրբեջանցի ոստիկանները շրջափակել են մարզխորհրդի մի խումբ պատգամավորների ու նրանց թույլ չեն տալիս ներկայանալ նստաշրջանին: Իսկ քվորում ապահովելու համար նրանց ձայները վճռորոշ էին,- վերհիշում է Ռազմիկը:- Այդ ժամանակ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ք. Բաղիրովն իր կամակատարների հետ մարզկոմի շենքում էր, եւ ժողովուրդը, փակելով նրանց ճանապարհը, չէր թողնում դուրս գալ: Ի պատասխան նրանց` ճանապարհը բացելու խնդրանքին, պայման դրեցին. «Կարգադրեցեք պատգամավորներին բաց թողնել, մենք էլ մեր հերթին փոխզիջման կգնանք»: Քիչ հետո Բաղիրովը համապատասխան ցուցում տվեց ռուս գեներալին, ու հենց որ պատգամավորները մարզխորհրդի դահլիճ մտան, ժողովուրդը ճամփա տվեց Բաքվից եկածներին… Քվորումն ապահովված էր: Մինչեւ հանրահավաքի մասնակիցները «սեսիա» էին վանկարկում, մարզգործկոմի անդամ Վիգեն Հայրապետյանի նախագահությամբ արտահերթ նստաշրջանը ձեռնամուխ եղավ օրակարգի միակ հարցի քննարկմանը»:
Պատմական որոշումը կայացված էր, եւ ողջ արցախահայությունը ցնծության մեջ էր… Ցավոք, ԽՄԿԿ Կենտկոմը մարզխորհրդի որոշումը բնութագրեց որպես «մի խումբ անջատողականների եւ ծայրահեղականների գործողության արդյունք»՝ նշելով, թե, իբր, Ադրբեջանական ԽՍՀ-ից մարզի անջատումը «հակասում է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների շահերին ու ցանկություններին»: Մինչդեռ Բաքվի կողմից պետական մակարդակով վարվող հայատյաց քաղաքականությունը, Սումգայիթում եւ Բաքվում կազմակերպված հայերի ջարդերը, Արցախի դեմ թշնամու սանձազերծած պատերազմները, որ հազարավոր հայորդիների կյանքեր խլեցին, ճիշտ հակառակն ապացուցեցին: Աշխարհը համոզվեց, որ Արցախը չի կարող մնալ Ադրբեջանի կազմում, ում շարունակ սպառնում է հայաթափման վտանգը…