Ռուսական ռուբլու անկումն էլ ավելի սրվեց ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախության ճանաչման համապատկերին։ ՌԴ հանդեպ Արեւմուտքի պատժամիջոցների սպառնալիքը ներդրողներին ստիպում է զգուշավոր լինել։ Ի՞նչ ազդեցություն կունենա սա Հայաստանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով տրանսֆերտների գործոնը, նաեւ այն, որ մեր արտահանման զգալի մասը հենց ՌԴ է ուղղվում։ Եվ ի՞նչ ներուժ ունենք մեր տնտեսությանը հասցվելիք հնարավոր վնասները մեղմելու առումով։ Այս հարցերի շուրջ պարզաբանումները «ՀՀ»-ն փորձեց ստանալ տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանից։
«ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախության ճանաչումը եւ արդեն սկիզբ առած ռազմական գործողությունները, ինչին հետեւեց Արեւմուտքի կոշտ արձագանքը՝ հերթական է՛լ ավելի խիստ պատժամիջոցների կիրառման առումով, հանգեցրեցին ռուսական ակտիվներից ներդրումների զանգվածային արտահոսքի, ինչն էլ, իր հերթին, բերեց ռուսական արժույթի կտրուկ արժեզրկման։ Սակայն պետք է նշել, որ Ռուսաստանի տնտեսությունն արդեն իսկ որոշակի «իմունիտետ» է ձեռք բերել պարբերաբար կիրառվող տարաբնույթ ֆինանսական եւ առեւտրային պատժամիջոցների նկատմամբ։ Ավելին՝ վերջինս ունի ինչպես էներգետիկ, այնպես էլ հումքային եւ պարենային անկախություն, ինչը ներկայիս գլոբալացված աշխարհում անչափ կարեւոր է։ Բացի այդ, Ռուսաստանին լիակատար մեկուսացնել հնարավոր չէ. ԵԱՏՄ շուկան, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ առեւտրային ավելի սերտ հարաբերությունների ձեւավորումը կնպաստեն, որ Ռուսաստանը բավական թեթեւ տանի նաեւ նոր պատժամիջոցները։ Ավելին՝ համաշխարհային շուկաներում նավթի բավական բարձր գնանշումների շնորհիվ ռուսական ռուբլին լուրջ աջակցություն է ստանում, ինչը, ըստ կանխատեսումների, դեռ երկարաժամկետ բնույթ է կրելու»,- նշեց Կարեն Սարգսյանը։
Մասնագետի խոսքերով՝ արեւմտյան երկրները քաջ գիտակցում են, որ հնարավոր մի շարք պատժամիջոցներ կարող են ավելի շատ վնասել եվրոպական երկրներին, քան Ռուսաստանին, նույնիսկ վերջինիս կողմից համարժեք պատասխան քայլերի բացակայության պարագայում։ Հետեւաբար, նշված գործոնների ազդեցությամբ պայմանավորված, երկարաժամկետ հատվածում ռուսական արժույթի էլ ավելի կտրուկ արժեզրկման հավանականությունը բարձր չի գնահատվում, եթե, իհարկե, այլ ֆորս-մաժորային իրավիճակներ ի հայտ չգան. «Հավելեմ նաեւ, որ այս պահին արդեն իսկ Ռուսաստանի իշխանությունները կոնկրետ քայլեր են ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար, ինչի շնորհիվ ռուբլու փոխարժեքի որոշակի, թեեւ ոչ բարձր արժեւորում նկատվում է»։
Անդրադառնալով Հայաստանի տնտեսության վրա հնարավոր ազդեցություններին՝ Կարեն Սարգսյանն ընդգծեց, որ կարճաժամկետ հատվածում եթե ռուբլին կայունանա, ապա որեւէ էական ազդեցություն մեր երկրի վրա չի ունենա. «Սակայն եթե իրավիճակը, այնուամենայնիվ, զարգանա այլ սցենարով, եւ ռուսական ռուբլու արժեզրկումը շարունակվի երկարաժամկետ հատվածում, ապա, ինչ խոսք, Հայաստանի տնտեսությունը եւ քաղաքացիները, անշուշտ, կզգան վերջինիս բացասական ազդեցությունները։ Դրանք կարտահայտվեն նախեւառաջ այն բանով, որ Ռուսաստանը մեր առեւտրային հիմնական գործընկերն է, հայաստանյան արտահանման զգալի մասն իրացվում է հենց այդ երկրում, եւ ռուսական արժույթի կտրուկ արժեզրկման պարագայում արտահանողների իրացման հասույթները էապես կարժեզրկվեն։ Հաջորդ ազդեցությունը Ռուսաստանից փոխանցվող տրանսֆերտների արժեզրկումը կլինի։ Մասնավորապես՝ Ռուսաստանից դեպի Հայաստան բանկային համակարգով փոխանցված տրանսֆերտների գումարը դոլարային արտահայտությամբ կազմում է տարեկան միջին հաշվով 1 մլրդ ԱՄՆ դոլար, եւ մեր բնակչության շուրջ 15 տոկոսն ապրում է հենց այդ տրանսֆերտների հաշվին»։
Ինչ վերաբերում է հայկական դրամի փոխարժեքի հնարավոր արժեզրկմանը, ապա մասնագետի դիտարկումը հետեւյալն է. «Կարծում եմ՝ այս պահին նման միտումներ առկա չեն, եւ եթե ռուսական ռուբլին սկսի աստիճանաբար կայունանալ, ապա մեր ֆինանսական շուկայում լուրջ տատանումներ եւս չեն նկատվի։ Սակայն, այնուամենայնիվ, վատատեսական սցենարի դեպքում Հայաստանի կենտրոնական բանկն ունի համապատասխան գործիքակազմ եւ նաեւ արտարժութային պաշարներ՝ բանկային համակարգում արտարժույթի իրացվելիության բավարար մակարդակ ապահովելու եւ փոխարժեքի լուրջ տատանումներ թույլ չտալու համար»։