Պատվիրան հինգերորդ. «Երանի ողորմածներին, որ նորանք ողորմութիւն կգտնեն»
«Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք»
Ողորմածություն, գթասրտություն՝ սրանք մերձավորի նկատմամբ սիրո արտահայտչաձեւեր են։ Այս առաքինություններով նմանվում ենք Աստծուն։
«Ուրեմն ողորմած եղէք, ինչպէս ձեր Հայրն էլ ողորմած է»։ Ղուկաս 6։36
Աստված Իր շնորհներն ու պարգեւները ուղարկում է ինչպես արդարներին, այնպես էլ անարդարներին, մեղավոր մարդկանց։ Նա ուրախանում է, երբ մեկ մեղավոր զղջում է, քան իննսունինը արդարների համար, ովքեր զղջման կարիք չունեն։
«Ասում եմ ձեզ, թէ այսպէս ուրախութիւն կլինի երկնքումը մէկ մեղաւորի համար, որ ապաշխարէ, քան թէ իննսուն եւ ինն արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ»։ Ղուկաս 15։7
Եւ այսպիսի անշահախնդիր սիրո է սովորեցնում մեզ բոլորիս, որպեսզի մենք ողորմածության գործեր անենք ո՛չ պարգեւատրման համար, չսպասելով ստանալ ինչ-որ բան փոխարենը, այլ մարդասիրությունից ելնելով, ինչպես ուսուցանում է Աստծո պատվիրանը։
Մարդկանց բարի գործեր անելով, Աստծո արարման նմանությամբ, դրանով իսկ ծառայություն ենք մատուցում հենց Արարիչին։
Ավետարանում բերվում է ահեղ դատաստանի օրինակը, երբ պետք է ջոկվեն արդարները մեղավորներից. «Այն ժամանակ թագաւորը կասէ իր աջ կողմիններին՝ եկէք, ով իմ Հօր օրհնածները, ժառանգեցէք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագաւորութիւնը։ Որովհետեւ սովեցի, եւ դուք տուիք ինձ ուտել. ծարաւեցի եւ խմեցրիք ինձ. օտար էի, եւ ինձ ձեզ մօտ առաք: Մերկ էի, եւ հագցրիք ինձ. հիւանդ էի եւ ինձ այցելեցիք. բանտի մէջ էի, եւ ինձ մօտ եկաք։ Այն ժամանակ արդարները կպատասխանեն նորան եւ կասեն՝ Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված, եւ կերակրեցինք, կամ ծարաւ, եւ խմեցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ օտար, եւ մեզ մօտ առանք, կամ մերկ, եւ հագցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ եկանք քեզ մօտ։ Թագաւորն էլ կպատասխանէ եւ կասէ նորանց՝ ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք»։ Մատթեոս 25։34-40
Դրա համար է ասված, որ ողորմություն անողները իրենք են ողորմություն ստանալու։ Եւ հակառակը՝ ովքեր բարի գործեր չեն արել, ոչինչ չեն ունենալու արդարանալու Աստծո դատաստանի ժամանակ։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ