Արեւմուտքն աստիճանաբար մոտենում է Ռուսաստանի դեմ հնարավոր առավելագույն պատժամիջոցների կիրառմանը: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Կանադան դիմել են ամենահզոր եւ հազվադեպ օգտագործվող ֆինանսական զենքին: Նրանք անջատում են Ռուսաստանը SWIFT-ից. ճիշտ է՝ առայժմ խոսքն առանձին բանկերի մասին է: Այս միջոցն ամրագրված է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների երրորդ փաթեթում, որը պատրաստել են ԵՄ-ն եւ «Մեծ յոթնյակը»՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան, Ճապոնիան եւ Միացյալ Նահանգները: Նրանց թվում է՝ այդպես հնարավոր է ծնկի բերել Մոսկվային, սակայն եվրոպական հասարակական կարծիքն այդ առումով միանշանակ չէ. շատերն էլ վստահ են, որ այդ պատժամիջոցները ձեռնտու են միայն ԱՄՆ-ին, իսկ Եվրոպան միայն կորուստներ կունենա: Դրանում վստահ է նաեւ չեխական «Halo noviny»-ն, ըստ որի՝ Եվրոպան կամ կընտրի ինքնուրույնության ճանապարհը, կամ կծառայի օտար շահերին: Այս լրատվամիջոցում հրապարակված հոդվածի հեղինակ Վոյցեխ Ֆիլիպը կարծում է, որ Ռուսաստանի դեմ Եվրոպայի պատժամիջոցները հիմար քայլ են, քանի որ դա միայն Միացյալ Նահանգներին է ձեռնտու: Այժմ Եվրոպան կվճարի ԱՄՆ-ի տրիլիոնավոր պարտքերը:
Վոյցեխ Ֆիլիպը հասկանում է, որ ինչ էլ գրի, իրեն, միեւնույն է, ռուսամետ կհամարեն: «Պատճառը պարզ է. ճշմարտությունը հոգեհարազատ չէ միայն ծառաներին: Իրավիճակը նման է 1999 թ. իրադրությանը, երբ ԱՄՆ-ն եւ ծառայամիտ դաշնակիցները, որոնցից շատերը ՆԱՏՕ-ի անդամ են, հարձակվեցին Հարավսլավիայի վրա, կամ էլ նրանք, ովքեր պարտք էին Լիբիային նավթի համար, ոչնչացրեցին Հյուսիսային Աֆրիկայի ամենածաղկուն պետություններից մեկը: Նրանք մինչեւ հիմա չեն վճարել իրենց պարտքերը, այլ պարզապես ամեն ինչ գողացել են»,- գրել է նա՝ շեշտելով, որ նույնիսկ չի ցանկանում խոսել Իրաքի, Սիրիայի եւ այլ պետությունների մասին, որոնք դարձան միջազգային իրավունքի կոպիտ խախտումների զոհերը, խախտումներ, որոնք միաբեւեռ աշխարհի կարճ ժամանակահատվածում գործեց ԱՄՆ-ն:
«Ես հեռու եմ միջազգային իրավունքի նորմերի խախտումներն արդարացնելուց, բայց Ռուսաստանին միջազգային իրավունքը խախտելու մեջ մեղադրելու փորձերը արդար են միայն այն դեպքում, եթե մեղադրողները ժամանակին դատապարտել են նաեւ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի՝ իմ կողմից նշած քայլերը։ Կամ գոնե նրանց դեպքում, ովքեր դատապարտում էին «Աջ սեկտոր» ֆաշիստական կազմավորման գործողությունները Ուկրաինայում։ Նրանց խոսքերը, ովքեր այն ժամանակ չեն դատապարտել «Աջ սեկտորին» ու հիմա էլ չեն դատապարտում, կեղծավորություն ու ստորություն են կամ նույնիսկ ուղղակի սպասարկում են այլոց շահերը»,- շեշտել է Վոյցեխ Ֆիլիպը՝ կոչ անելով բոլորին նույն չափանիշով չափել՝ հրաժարվելով երկակի ստանդարտներից։ Նա հպարտությամբ նշում է, որ երկակի ստանդարտները հաստատ իր երկրին՝ Չեխիային պետք չեն, որովհետեւ այդ երկիրը գաղութներ չի ունեցել, չունի եւ չի ապրում ուրիշներից գողացածի հաշվին։
Բնականաբար, լավ չէ, որ պատժամիջոցների պատճառով չեխերը գազը գնեն հինգ անգամ թանկ գնով, նավթը՝ երեք անգամ: Իսկ որտեղից մարդիկ պետք է գտնեն այդպիսի գումարներ, եթե, ի տարբերություն Գերմանիայի, Չեխիայում նվազագույն աշխատավարձի չափը չի աճում:
Ինչպես հայտնում է Արժույթի միջազգային հիմնադրամը, ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքը այսպես կոչված զարգացած տնտեսություններում 2021 թ. վերջին աճել է 20 տոկոսով՝ գրեթե մինչեւ ՀՆԱ-ի 125 տոկոս: Պարտքի զգալի մասը, ինչպես նշվում է, աշխարհը կուտակել է դեռեւս մինչեւ համավարակի տարածումը: Միջազգային ֆինանսական ինստիտուտի տվյալներով՝ գլոբալ պարտքը 2019 թ. ավելացել է ավելի քան 10 տրիլիոն դոլարով ու հասել 255 տրիլիոն ամերիկյան դոլարի, իսկ դա համաշխարհային ՀՆԱ-ից ավելի է մոտ 322 տոկոսով: Միացյալ Նահանգների տնտեսության պետական պարտքը այս ամիս գերազանցել է ողջ պատմության ընթացքում ռեկորդային թիվը՝ 30 տրիլիոն ամերիկյան դոլար:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ասել է. «Մենք Ռուսաստանին կխանգարենք համաշխարհային տնտեսության մաս լինել»: Իսկ նա չինական տնտեսությանը պարտական է նրանով, որ Պեկինն առայժմ չի պահանջել անհապաղ իրեն վճարել Միացյալ Նահանգների տրիլիոնավոր պարտքերը:
«Նկատելի է, որ ամերիկյան նախագահն ինքնավստահ է… Ես պետք է կրկնեմ, որ Միացյալ Նահանգների խոշորագույն վարկատուներից մեկը Չինաստանն է, այսինքն՝ Ռուսաստանի դաշնակիցը: Արդեն շատ անհեթեթություններ եմ կանխատեսում հետամնաց չինական տնտեսության մասին, քանի որ այն կոմունիստական է… Բայց դա առայժմ ուժեղագույնն է աշխարհում: Հավանաբար, ես միակը չեմ, ով չի ցանկանում վճարել օտարների, այսինքն՝ ամերիկյան պարտքերը՝ ԱՄՆ-ից գնելով եռակի թանկ ապրանքներ, այդ թվում՝ հեղուկ գազ: Մենք՝ չեխերս, այնքան հարուստ չենք, որպեսզի հովանավորենք Միացյալ Նահանգներին: Հավանաբար, այսքանով ես կփակեմ երեւակայական շրջանակը, քանի որ խոսելու բան էլ չկա: Գուցե արժե միայն շնորհավորել Ռուսաստանին, որը, ամենայն հավանականությամբ, իրեն ազատել է ուրիշների պարտքերը վճարելու պարտավորությունից»,- շեշտել է Ֆիլիպը:
Պատժամիջոցների տեսքով Ռուսաստանին նետված մարտահրավերների քաղաքականությունը չի կարող անպատասխան մնալ, եւ դա բոլորն են հասկանում: Ռուսաստանի լծակներից մեկն էլ գազն է, որը մատակարարում է Եվրոպային: Ստեղծված իրավիճակում կարճաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ի կողմից հեղուկ գազի երաշխավորված առաքումը Եվրոպա բարդ ու թանկարժեք խնդիր է: Այս մասին գրում է բրիտանական «The Economist»-ը: Եվրոպան հայտնվել է «շուկայի իշխանության տակ»: Ուստի լավագույն հույսն այլ երկրներից հեղուկ գազը «խլելն» է: Բայց, միեւնույն է, դա չի կարող փոխարինել ռուսական գազին:
Իրադարձությունները, որոնք այսօր կատարվում են Ուկրաինայում, եվրոպական էներգետիկայի ապագայի մասին նոր քննարկումների պատճառ են դարձել: ՌԴ-ի օգնությամբ Եվրոպան ստանում է իր էներգիայի քառորդ մասը: Արեւմուտքը լիովին չի արգելել ռուսական գազի մատակարարումը, սակայն Գերմանիան դադարեցրել է արդեն ավարտված, բայց չգործարկված «Հյուսիսային հոսք-2» գազամուղի արտոնագիրը: Ռուսաստանը մինչ օրս ճշգրտորեն կատարել է իր պայմանագրային պարտավորությունները՝ կապված գազի մատակարարման հետ: Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով Վլադիմիր Պուտինը դադարեցնի գազի մատակարարումը Եվրոպա:
Էներգիայի այլընտրանքային աղբյուր է նաեւ հեղուկ գազը, որը, որպես կանոն, տեղափոխում են տանկերներով: Իսկ այն օվկիանոսի պատճառով որքանո՞վ կարող է փոխարինել ռուսական գազին՝ որպես էներգիայի աղբյուր:
Հրատապ է նաեւ հեղուկ գազի մատչելի առաջարկի խնդիրը։ Խոշորագույն արտահանողներն են ԱՄՆ-ն, Ավստրալիան եւ Կատարը։ Չնայած նրանք շատ գազ ունեն, սակայն արդեն իսկ արտահանում են ունեցած ողջ հզորություններով: Կարողությունների ընդլայնումը երկար ժամանակ կպահանջի: Բայց Ասիան ինքը հեղուկ գազի կարիք ունի, այն էլ՝ բավական շատ: Օրինակ՝ չինական ներմուծումը 2017-2020 թթ. աճել է 82 տոկոսով, իսկ անցյալ տարի Պեկինը շրջանցել է Տոկիոյին՝ դառնալով աշխարհի ամենամեծ ներկրողը։ Բացի այդ, համաշխարհային հեղուկ գազի մոտ 70 տոկոսը վաճառվում է 10 եւ ավելի տարվա պայմանագրերով: Եվրոպան ավելի շատ հենվել է կարճաժամկետ պայմանագրերի վրա, ինչի շնորհիվ առատ առաջարկի պայմաններում կարողացել է օգտվել ցածր գներից: Բացի այդ, դա մի տեսակ երաշխիք է, որ երկրները տասնամյակներ առաջ կապված չեն լինի հանածո վառելիքի հետ։
Երբ աշնանը եւ ձմռանը եվրոպական գազի պաշարները կրճատվեցին, մասամբ՝ Ռուսաստանից մատակարարման կրճատման պաճառով, հեղուկ գազի ներկրումը կտրուկ աճեց: Նաեւ՝ գները, որոնք վերջին ամիսներին հավասարվել են ասիական գներին: Ուկրաինական իրադարձությունները միայն խորացրել են իրավիճակը: Հյուսիսարեւմտյան Եվրոպայում մեկ օրում, երբ փետրվարի 24-ին Պուտինը հայտարարեց ռազմական հատուկ գործողության անցկացման մասին, հեղուկ գազի գինն աճեց 29 տոկոսով: Եվրոպական քաղաքական գործիչները փորձում են խտացված գազի նոր առաքումներ կազմակերպել: Քանի որ ԱՄՆ-ն չի կարող ամբողջությամբ բավարարել Եվրոպայի պահանջը, Ջո Բայդենը խոստացել է մայրցամաքի համար նոր աղբյուրներ գտնել: Առայժմ նրա ջանքերը հաջողությամբ չեն պսակվել: Փետրվարի 22-ին Կատարի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ ռուսական գազին փոխարինելու համար բավարար հեղուկ գազի առաքումը «գրեթե անհնար է»:
Պատժամիջոցները, որոնք Ռուսաստանի դեմ կիրառում է Եվրոպան, ոչ միայն մայրցամաքին մղում է սպասարկել ԱՄՆ-ի շահերը, այլեւ լուրջ կորուստներ կրել ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով: Ի վերջո, նույն այդ պատժամիջոցները կարող են ստիպել Ռուսաստանին՝ շարունակելու ռազմական գործողությունները նաեւ Ուկրաինայի սահմաններից դուրս, ինչը համաշխարհային պատերազմի լուրջ վտանգ է… Ի դեպ, եվրոպական քաղաքական գործիչներն արդեն սկսել են հասարակական կարծիքը նախապատրաստել հնարավոր կորուստներին, որոնք անխուսափելիորեն կկրեն նրանց երկրները: Այսպես՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի գյուղատնտեսական տոնավաճառում գյուղատնտեսների հետ հանդիպման ժամանակ նրանց կոչ է արել պատրաստվել նրան, որ ֆրանսիական բիզնեսը տուժելու է: Ըստ նրա՝ այլ ելք չկա: Ինչպես Մակրոնը, այնպես էլ նրա եվրոպական գործընկերներն իրենց քաղաքացիներին հորդորում են պատրաստվել այն բանին, որ նման իրավիճակը երկար կտեւի:
Վլադիմիր Պուտինը, իր հերթին, պատժամիջոցներ է կիրառում ԱՄՆ-ի ու Եվրամիության նկատմամբ: Այս իրավիճակում տրամաբանական է, որ ռազմական գործողությունները դեռ երկար կշարունակվեն: Երկարաժամկետ բախման պատրաստվող Եվրոպան Ուկրաինային թույլ չի տա արագ պայմանավորվել Ռուսաստանի հետ, ավելին՝ շարունակում է զենք մատակարարել նրան: Այս տեսանկյունից վերջերս կայացած բանակցությունները, թվում է, ոչ թե խաղաղության փնտրտուք էին, այլ, ցավոք, հնարավորություն՝ շունչ առնելու, վերազինվելու եւ վերադասավորվելու համար: