«Անչափ զգայուն էր Նիկոլը. կյանքին նայում էր մատների արանքով եւ շատ անտարբեր էր, սակայն երբեմն այնքան էր հուսահատվում, որ կարծես այն անփույթ եւ անհոգ մարդը չլիներ:
Հաճախ գիշերները ուշ ժամերին ես ու Նիկոլը ելնում էինք քաղաքը շրջելու: Ես սիրում էի հատկապես նրա երգերը լուռ փողոցում երգել: Նա անչափ զգացվում եւ սիրում էր, երբ լսում էր իր ձայնագրած երգերը:
Մի գիշեր շատ տխուր եւ անտրամադիր էր. երգս ընդհատելով՝ ասաց. «Գիտես, Արա, մի օր պիտի ինձ սուտմեռուկի տամ… Կպառկեմ անկողնուս մեջ, դու ամենին կհայտարարես, որ «Նիկոլը մեռել է…»: Այն ժամանակ կտեսնես՝ մարդիկ ինչպես կհետաքրքրվեն թե ինձանով եւ թե իմ ստեղծագործություններով…»:
Արա Տեր-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Զարմանք բան է՝ մեր քանի՛-քանի մեծերի արմատներն են ձգվում դեպի կորսված հայրենիք՝ Արեւմտյան Հայաստան: Նրանցից քանի՛-քանիսն են ականատես եղել բարբարոս ցեղի նախճիրներին եւ հրաշքով փրկվել յաթաղանի հունձքից: Նրանցից մեկն է հայ մարդու հոգուն այնքան մտերմիկ դարձած տասնյակ երգերի հեղինակ, կոմպոզիտոր, երգահան Նիկոլ Գալանտերյանը՝ ծնված 1881 թ., Ակն քաղաքում: 1894-1896 թթ. կարմիր սուլթանի՝ արյունարբու Համիդի կազմակերպած հայկական ջարդերի ժամանակ բազմանդամ ընտանիքի անդամներից փրկվում են միայն ինքը, մայրը եւ քույրը: Նիկոլին բախտ է վիճակվում ուսանել Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում: Ավելին՝ երկու տարով սանը դառնալ մեծն Կոմիտասի, ծանոթանալ հայկական ժողովրդական եւ հոգեւոր երաժշտությանը, ուսումնասիրել ու տիրապետել ջութակին, կիթառին, այլ նվագարանների: Այնուհետեւ երգեցողություն էր դասավանդելու Շումենի, Վառնայի, Թեհրանի, Թիֆլիսի հայկական դպրոցներում:
Երկարատեւ թափառումներից հետո՝ 1911-ից Նիկոլ Գալանտերյանի մշտական հանգրվանատեղին դառնում է հայահոծ Թեհրանը: Այստեղ էլ սկսվում է նրա ստեղծագործական աշխատանքը: Առաջին երգերը ծնվում են Ավետիք Իսահակյանի «Երգեր եւ վերքեր» շարքի բանաստեղծական տեքստերով: Ստեղծագործելուն զուգահեռ շարունակում է մանկավարժական գործունեությունը՝ երկար տարիներ դասավանդելով Թեհրանի Հայկազյան դպրոցում: 1925 թ. կազմակերպում է ու ղեկավարում «Գողթան» երգչախումբը, որն էլ դառնում է գալանտերյանական երգերի առաջին կատարողը: «Նիկոլը խմբական երգերի փորձերի ժամանակ չափազանց լուրջ էր, այնքան խիստ եւ պահանջկոտ, որ երբեմն առիթ էր տալիս վիրավորանքների,- վկայում է նրա ընկերն ու հուշագիրը՝ նույն Արա Տեր-Հովհաննիսյանը:- Երբեմն էլ այնքան կոպիտ էր վարվում, որ երգիչ-երգչուհիները, հաճախ նրանից վիրավորվելով, արտասվում էին… Բայց քանի որ նրան շատ էին սիրում ու հարգում եւ գիտեին, որ գործի հաջողության համար է նա սրտնեղում, ուստի զիջում էին եւ ներողամիտ լինում: Նա անչափ բծախնդիր էր երգերի վերաբերյալ: Սիրում էր, որ երգը երգվեր ճիշտ, ինչպես որ գրված է. վա՛յ թե երգողը մի նոտա սխալ կամ ֆալշ երգեր… Եվ ընդհակառակը՝ երբ երգը ճիշտ եւ զգացումով երգեին, այնքան էր զգացվում եւ վերանում, որ ամեն բան մոռացած՝ աչքերը փակում եւ սկսում էր երեխայի նման արտասվել եւ խուլ ձայնով մրմնջում էր.
-Երգեք, տղանե՛ր, թող ես ձեր երգերի մրմունջի տակ մեռնեմ…»:
Իսկ այդ երգերը գրվել եւ գրվելու էին Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, Միսաք Մեծարենցի, այլ բանաստեղծների տեքստերով: Թեւածելու էին նրա լավագույն երգ-ռոմանսները՝ «Արդյոք ո՞ւր ես», «Ես սիրում եմ», «Հեռանալ, մոռանալ», «Կապույտ աղջիկ», «Ափսոսանք», «Հովիկ», «Դու նորից եկել ես», «Ծիրանափառ գիշերներ», «Կանցնին օրեր», «Այնպես նազիկ»… Սքանչելի երգեր, որ ադամանդի նման երբեւէ չեն խունանում եւ հարյուրամյակի հեռվից շոյում-շուլալվում են մեր սրտերին ու հոգուն:
Գեղջկական երգի ինտոնացիոն կառուցվածքով են գրված «Գյուղական էսքիզները», որոնց մեջ առանձնանում է «Ակնա հարսանիք» խմբերգերի շարքը («Վարդ եմ քաղել օյ նար», «Գյուլիզար», «Դալիլո-լիլո» եւ այլն): Տաղանդավոր կոմպոզիտորը գրել է նաեւ օպերաներ՝ «Լալվարի որսը», որը սիրողների ուժերով բեմադրվել է Թեհրանում, «Փարվանա», «Հովիվը» («Լուր-դա-լուր»): Ստեղծել է մանկական երգեր եւ օպերաներ՝ «Չարի վերջը», «Պողոս-Պետրոս», «Պապն ու շաղգամը», «Ուլիկը»: Եվ ոչ միայն սրանք՝ ջութակի, թավջութակի, դաշնամուրային մանրանվագներ: Նրա երաժշտական հունձքը հասնում է շուրջ հազարի՝ պատկառելի վաստակ, որը իր ողջության օրոք, դժբախտաբար, չի գնահատվել արժանավորապես: Ավելին՝ ունեցել է չարակամ քննադատներ, որոնք պղտորել են երաժշտի հոգին…
«Իմ երգերը իմ մահվանից հետո կփակեք եւ կուղարկեք Երեւանի երաժշտանոցը՝ տպագրության համար»,- գրում է հուշագիրը, ապա շարունակում,- Վերջին անգամ, երբ պատրաստվում էինք նրան հիվանդանոց տեղափոխելու, երեխայի նման արտասվում էր. նրա դեմքի վրա դեռ ապրելու, երկար ապրելու տենչն էր փայլում: Նա դեռ ուզում էր ստեղծագործել. ձեռքն ամուր խփում էր ծնկներին եւ բողոքելով ասում էր.
-Ափսո՛ս, սիմֆոնիներս մնացին…»:
1944 թ. այսօրը դառնացած սրտով երաժիշտը Իրանի Սպահան քաղաքում փակում է աչքերը: Իսկ ինչպե՞ս էր հայությունը ի հավերժություն ճանապարհելու նրան: Երախտագիտությամբ նորից դիմենք Գալանտերյանի երգիչ եւ մտերիմ ընկեր հուշագրին. «Սովորական թաղում չէր Նիկոլի թաղումը. ամբողջ քաղաքի հայությունը ոտքի ելած մասնակցում էր նրա հուղարկավորությանը: Որպես հայ երգի վետերան՝ նրա դիակը տեղափոխել էին հայոց ազգային դպրոցի բակը: Ծովածավալ ժողովուրդը եկել էր իր հարգանքի վերջին տուրքը տալու երգահանին: Իրանահայությունը մինչ այդ ականատես չէր եղել որեւէ մի արվեստագետի այդպիսի մի հուղարկավորության:
Թեեւ Նիկոլն իր կենդանության ժամանակ որեւէ սփոփանք չունեցավ, բայց նրա հոգին անխռով մնաց, որովհետեւ խուռն հասարակությունն իր վեհ լռության մեջ սրբագրեց անցյալի սխալը եւ հարգանքի հանդիսավոր ցույցերով շեշտեց կարեւորությունը հայ երգի:
Ճիշտ տեղն է հիշել Նիկոլի խոսքերը, որ հաճախ ասում էր. «Ժողովուրդը միշտ փարած է «Գնա մեռիր, արի սիրեմի գաղափարին…»:
Տխու՛ր-տխու՛ր ու անփոփոխ իրողություն…