Ուկրաինական ճգնաժամի երկարաձգումը չի բխում ոչ միայն կոնֆլիկտի կողմերի, այլեւ տարածաշրջանի երկրների շահերից: Այն առաջին հերթին իր բացասական ազդեցությունը կթողնի ԵԱՏՄ երկրների սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, քանի որ նրանք տնտեսական սերտ կապերով միացած են հակամարտության հիմնական կողմի՝ ՌԴ-ի հետ, իսկ վերջինս էլ աննախադեպ պատժամիջոցների է ենթարկվում:
Հայաստանի հասարակության վրա, բնականաբար, բացասական մեծ ազդեցություն կունենա ռուբլու արժեզրկումը: Գաղտնիք չէ, որ Հայաստանի բնակչության զգալի մասի համար Ռուսաստանից գումարային հոսքերն առաջնային նշանակություն ունեն, որոնք թե՛ հարազատներից ստացվող օգնության, թե՛ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների աշխատավարձերի տեսքով են:
Նկատենք, որ 2021 թ. Ռուսաստանից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների չափը հասել է 865 մլն դոլարի, իսկ հակառակ ուղղությամբ արտահոսել է մոտ 400 մլն դոլար: Այսպիսով՝ նախորդ տարի ՌԴ-ից զուտ ներհոսքը կազմել է մոտ 460 մլն դոլար: Այստեղ ավելորդ չէ արձանագրելը, որ 2013 թ. Ռուսաստանից Հայաստան ուղարկվող տրանսֆերտային ծավալը կազմում էր 1 մլրդ 727 մլն դոլար, իսկ զուտ ներհոսքը մոտ 1.5 մլրդ դոլար էր: Այս ընթացքում, փաստորեն, գրեթե երեք անգամ պակասել է տրանսֆերտների ծավալը: Սրա հիմնական պատճառն այն է, որ 2013-ից հետո ռուսական ռուբլին գրեթե 50 տոկոսով արժեզրկվեց: Արդյունքում համարյա նույն ծավալով Հայաստան ռուսական ռուբլի ուղարկելու դեպքում դոլարային համարժեքով 60-70 տոկոս անկում գրանցվեց:
Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով ռուբլին, որը կտրուկ անկում գրանցեց. իհարկե, մինչ այդ ՌԴ-ի կուտակած գրեթե 1 մլրդ-ի հասնող պահուստային ֆոնդի հաշվին Ռուսաստանին հաջողվեց կանխել ռուբլու գահավիժումը, բայց այն էականորեն արժեզրկվեց: Հայաստանում դրա փոխարժեքը հասել է 3-4 դրամի, ինչը նշանակում է՝ դոլարային փոխարժեքով Ռուսաստանից եկող տրանսֆերտների եւս 150-200 մլն-ի նվազում կլինի, եթե, իհարկե, փոխարժեքը պահպանվի այս մակարդակի վրա, բայց պատերազմի երկարաձգման դեպքում այն անհնարին կլինի ապահովել: Այս իրավիճակում Հայաստանը կարող է շահել միայն ՌԴ-ից դոլարային փոխարժեքով էժանացած ապրանքներ ներմուծելու դեպքում, բայց դրա համար էլ հայ գործարարներին համապատասխան արտարժութային ծավալ է պետք:
Հայաստանը զգալի վնաս է կրելու նաեւ Ուկրաինայի հետ ունեցած առեւտրային կապերի խզման պատճառով: Մասնավորապես՝ թռչնամսի զգալի մասը Հայաստան էր ներկրվում Ուկրաինայից, ինչը ներկայում անհնար է դառնում: Հայաստանի ներքին պահանջարկը բավարարելու համար հայ գործարարները ստիպված են թռչնամիս ներկրել ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից, ինչը հեռավորության եւ բեռնափոխադրումների սակագների աննախադեպ աճի պայմաններում անխուսափելիորեն կհանգեցնի ներմուծվող թռչնամսի գների բարձրացման:
Ուկրաինայից Հայաստան են ներկրվում նաեւ այլ ապրանքներ, որոնց հոսքը դադարել է: Եթե ուկրաինական հակամարտությունը շուտ չհանգուցալուծվի, ապա այն կազդի նաեւ հացահատիկի համաշխարհային գների վրա, քանի որ Ուկրաինան այդ մշակաբույսի խոշոր արտադրողներից է:
Համավարակի հետեւանքով աշխարհում թափ առած անցանկալի զարգացումներից բացի, հայաստանյան շուկայում գնաճին կխթանի նաեւ ուկրաինական հակամարտությունը: Այստեղ կարեւոր է ապահովել դրանց դիմակայումն այլընտրանքային աղբյուրներ գտնելու միջոցով, իսկ առավել նախընտրելի տարբերակը մեզանում հայրենական արտադրությունը խթանելն է: