Հայ ժողովուրդրը մեծ պատմություն ունի: Եվ այն ժողովուրդը, որը շատ փորձություններ է տեսել, հոգեպես ավելի ուժեղ է: Նա հոգեկան հմայք ունի: Նա մեծ ժողովուրդ է:
Իլյա Էրենբուրգ
Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը հավակնում է բացել Իլյա Էրենբուրգի գնահատանքի փակագծերի գերակշռող մասը: Ցավոք, հեղինակը չի հասցրել գրել ըստ նախնական գաղափարի վեցհատորյա գրքի չորրորդ հատորը, որ հավակնում էր ճշմարտորեն ներկայացնել Կիլիկյան Հայաստանի պատմությունը: Երբ սկսում ես կարդալ գիրքը, համոզվում ես, որ այն անփոխարինելի դասագիրք է, հենց նման գրքով պիտի կրթել մատաղ սերնդին: Այն գալիս է հիշեցնելու, որ արեւմտամետ կամ ռուսամետ լինելուց առաջ պետք է լինել հայամետ, եւ սա արվում է ոչ թե համոզելով, այլ պատմական փաստերը համադրելով, շատերիս համար դեռ փակ փակագծեր բացելով: Ժամանակին բախտ եմ ունեցել 1988-ին հրատարակված նրա «Հայ ժողովրդի ծագման եւ հնագույն պատմության հարցերը» գրքի հետ կապված խոհերս կիսել հեղինակի հետ արցախյան շարժման սկզբնական շրջանում, երբ հյուր էր Ալավերդիում, մասնակցում էր մայրենի լեզվին նվիրված քննարկումներին, որոնք ամփոփվեցին տեղական թերթում հրապարակված «կլոր սեղանով»: Մեր հանդիպման պահին արդեն կար Իշխանյանի համոզիչ եզրահանգումներով ու ազգանվեր գնահատականներով լի «Երրորդ ուժի բացառման օրենքը» ուշագրավ աշխատությունը:
…Իշխանյանը հմտորեն կապակցում էր հայոց լեզուն ու հայոց պատմությունը եւ պնդում, որ չկա հայ առանց հայոց լեզվի եւ չկա հայոց լեզու առանց հայի: Այն ժամանակ նա բարձրաձայնեց Հեգելի հետեւյալ միտքը. «Ազգի ոգին, նրա պատմությունը, հավատը, քաղաքական ազդեցությունների աստիճանը չեն կարող դիտվել մեկը մյուսի վրա ազդեցությունից եւ նրանց ներքին էությունից դուրս, այդ ամենը միմյանց հետ կապված մի հանգույց են ներկայացնում»: Հենց այդ հանգույցն էլ «կարմիր թելի» նման էջից էջ անցնում է Ռաֆայել Իշխանյանի գրքերում: Դրանք գրքեր են ցավի, հայոց վշտի, կորուստների, զոհերի, գրքեր՝ լինելության եւ հայոց հավերժումի, գրքեր՝ հայոց պայծառ ապագայի նկատմամբ լեցուն հավատի: Դրանք չփակվող դասագրքեր են եւ կողմնորոշման անփոխարինելի ուղեցույցներ: Գրքերում մատչելի զրույցների միջոցով ներկայացված է հայոց պատմությունը՝ սկսած հին ժամանակներից մինչեւ Բագրատունիների անկումը: Կարծում եմ՝ ասվածն էլ բավական է, որ ընթերցողը փնտրի, գտնի եւ կարդա այս աշխատությունները, կարդա ոչ թե պարզապես կարդալու համար, այլ դրանք պահի իր սեղանին՝ հարկ եղած դեպքում որպես լույսի եւ հույսի փարոս կրկին ձեռքն առնելու համար: Կասկած չունեմ, որ այս գրքերի հետ եղած պահերին ընթերցողը չի նեղվի համակարգչից կտրված լինելու համար, դեռ ավելին… Հեղինակը չի զլացել աշխատություններում բացատրել պատմական տերմինները եւ մի շարք բառեր, որոնք դպրոցական դասագրքերում չեն բացատրվում: Որպես ընթերցող՝ համոզված եմ, որ «Պատկերազարդ պատմություն հայոցը», նաեւ Իշխանյանի մյուս գրքերը կարդացած պատանին իր գիտական տվյալներով կառանձնանա ոչ միայն պատմության, այլեւ մայրենիի դասերին: Այդ գրքերը եւ՛ մեծերի, եւ՛ փոքրերի համար գիրք-վավերագրեր ու հայության յուրատիպ այցեքարտեր են:
Բանասեր, մատենագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Ավետիսի Իշխանյանը ծնվել է 1922 թ. մարտի 9-ին: Ավարտել է ԵՊՀ-ն եւ Մոսկվայի գրադարանային ինստիտուտը: Աշխատանքային ուղին՝ ԵՊՀ դասախոս, ազգային գրադարանի տնօրեն: Զբաղվել է հայոց լեզվի եւ գրականության պատմության, հայոց պատմության, մատենագիտության, հայ գրատպության տարեգրության հարցերով: Եղել է «Լուսավորիչ» թերթի խմբագիրը: Լեզվի անաղարտության պահպանմանը նպաստելու նպատակով ստեղծել է «Մաշտոց» միավորումը: Արժեքավոր շատ գրքերի հեղինակ է:
Ռաֆայել Իշխանյանը մոտ երեք տասնամյակ զբաղվել է հայ ազգի ծագման եւ հնագույն պատմության ուսումնասիրման հարցերով: Համոզիչ փաստերով ցույց է տվել հայ ազգի բնիկ լինելը: Իշխանյանը ժամանակին նաեւ բանաստեղծություններ է գրել, որոնցից մի քանիսը տպագրվել են ԱՄՆ-ում լույս տեսնող «Պայքար» հանդեսում: Նա նաեւ թարգմանություններ է արել, հաջողությամբ թարգմանել Ջորջ Բայրոնի գործերից: 1982-ից մինչեւ իր երկրային կյանքի ավարտը (6 փետրվարի 1995 թ.) նա Հայաստանի գրողների միության ակտիվ անդամներից էր: Իշխանյանը ուշագրավ շատ վերլուծություններ է նվիրել հատկապես Հովհաննես Թումանյանի եւ Ակսել Բակունցի ստեղծագործություններին:
Իշխանյանի մասին շատ մանրամասներ եւ անձը բնութագրող պատմություններ եմ լսել ժամանակին նրան ունկնդրած ուսանողներ, երջանկահիշատակ բանաստեղծներ Ֆրունզիկ Կիրակոսյանից, Ղուկաս Սիրունյանից: Իսկ նրանց համակուրսեցի, իմ հայրենակից, մանկավարժության նվիրյալ Լեյլի Կարապետյանը, որ նաեւ վերը հիշատակված «կլոր սեղանի» մասնակից էր, երբեք էլ չի թաքցնում խորին հարգանքը Իշխանյանի հանդեպ՝ բնութագրելով նրան որպես լեզվաբան, պատմաբան, քաղաքական գործիչ եւ մարդ-քաղաքացի: Իսկ Իշխանյանի հետ անկախ Հայաստանի ԱԺ առաջին գումարման (1990-95 թթ.) պատգամավոր եղած ալավերդցիներ Հովհաննես Քոչինյանը եւ Ռաֆիկ Ղազինյանը միմյանց հերթ չտալով՝ խոսում էին Իշխանյանի համարձակության եւ նախաձեռնողականության մասին: Ռաֆիկ Ղազինյանը, մասնավորապես, ասաց. «Միանգամից ասեմ, որ մեծ արժեք էր Ռաֆայել Իշխանյանի մարդ տեսակը: Ժամանակին ես այն ուսանողներից եմ եղել, որ տարբեր ԲՈւՀ-երից գնում էինք Երեւանի պետական համալսարան՝ ունկնդրելու Լեւոն Ներսիսյանին, Ռաֆայել Իշխանյանին… Իշխանյանը որքան գնահատելի էր որպես լեզվաբան, պատմաբան, լեզվի անաղարտության ջատագով, առավել քան բարձր էր գնահատվում իր ընտանիքով: Պատգամավորության տարիներին առողջությունն արդեն խանգարում էր նրան, բայց նրա ներկայությունն անգամ նկատելի էր պառլամենտում, զգաստացնում էր շատերին: Շատ չէր խոսում, բայց գիտեր իր խոսքի արժեքն ու ազդեցությունը: Նա նաեւ լսել գիտեր, կարողանում էր վերլուծել եւ ծրագրել ապագան: Իշխանյանը պարզապես խորհուրդների շտեմարան էր»:
Ռաֆայել Իշխանյանը մեր ցավի ու լինելության տարեգիրն էր: Նա ինքն է անձամբ իր ճանապարհից հեռացրել մոռացումի փոշին: Ապրողներիս մնում է ճիշտ օգտագործել իշխանյանական անմոռաց դասերը:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ