Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ բռնկված լարվածության հերթական փուլը առաջարկվել է մարել հակամարտության գոտի խաղաղապահ զորակազմ ուղարկելու միջոցով: Այդ գաղափարը կրկին առաջ է քաշել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում խնդրել է աջակցել նախաձեռնությանը՝ ուշադրություն հրավիրելով Երուսաղեմի ճգնաժամի համատեքստում Մոսկվայի եւ Անկարայի տեսակետների ընդհանրության վրա: Վերջերս իսրայելցիների հետ հաշտեցման ձգտող Թուրքիան միջազգային հանրությանը կոչ է անում «ուժի եւ զսպման դաս» տալ հրեական պետությանը:
Փաստը, որ երկու երկրի դիրքորոշումները մոտ են, ապացուցվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերին հավատարիմ մնալու մասին ռուսական դիվանագիտության հայտարարություններով, որոնք վերաբերում են Պաղեստինի հողերի բռնագրավման անօրինականությանը, ինչպես նաեւ երկու երկրին աջակցելու սկզբունքին: Էրդողանը դա է մատնացույց արել Պուտինի հետ զրույցում եւ այն կարեւոր ազդանշան անվանել: Նրա գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ երկրի ղեկավարն իր ռուս գործընկերոջը խնդրել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով աջակցել հակամարտության գոտի խաղաղապահ զորախումբ ուղարկելու նախաձեռնությանը, ինչպես նաեւ դիմել է միջազգային հանրությանը՝ պահանջելով միջամտել իրավիճակին՝ հրեական պետության գործողությունները դադարեցնելու եւ նրան «ուժի եւ զսպման» դաս տալու համար:
Առաջին անգամ չէ, որ Անկարայում հայտարարություններ են հնչում Գազայի հատված «կապույտ սաղավարտավորների» ուղարկելու անհրաժեշտության մասին: Համապատասխան գաղափար Էրդողանը, օրինակ, արտահայտել է 2018 թ. Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, երբ իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ հակամարտություն էր բռնկվել Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացման ֆոնին: Այդ ժամանակ Ռուսաստանը խուսափողաբար արձագանքեց: Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների գծով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը նշել է, որ խաղաղապահ զորակազմի տեղակայումը «կախված է հակամարտության կողմերի՝ պաղեստինցիների եւ իսրայելցիների համաձայնությունից»: Միայն նրանց գնահատականից հետո հնարավոր կլինի այն ներկայացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանը:
Հաշվի առնելով Իսրայելի զգուշավոր վերաբերմունքը Երուսաղեմի եւ Գազայի ճգնաժամին արտաքին միջամտության նկատմամբ՝ նրա դիրքորոշումը դժվար չէ կանխատեսել: Պաղեստինյան կողմն իրավիճակին այլ կերպ է նայում: «Իսրայելը, իհարկե, շատ ուժեղ պետություն է եւ ռազմական բոլոր հնարավորություններն ունի, բայց պաղեստինցիներն էլ իրենց կողմից պատրաստ են շարունակել ցուցադրել դիմացկունություն, ուստի ոչ մի այլ լուծում չկա, բացի միջազգային հանրության միջամտությունից,- հայտարարել է Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը նախօրեին կայացած մամուլի ասուլիսում:- Եթե նման ջանքեր չձեռնարկվեն, վերքը բաց կմնա»: Դիվանագետը նշել է, որ հակամարտության կարգավորման գործում մեծ դեր կարող է ունենալ միջնորդների «քառյակը» ՝ Ռուսաստանը, ԵՄ-ն, ՄԱԿ-ը եւ Միացյալ Նահանգները:
Ի դեպ, առկա լարվածությունը հնարավոր չեղավ լուծել վաղ փուլերում հիմնականում արեւմտյան միջնորդների անխոհեմության պատճառով: Էմիրաթյան «National» հանդեսը, վկայակոչելով ամերիկյան պաշտոնյաներին, հայտնել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սուր փուլ մտնելուց մի քանի շաբաթ առաջ արաբական առնվազն երկու պետություն նախազգուշացրել են ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմին իրավիճակի սրման հնարավորության մասին:
Արաբական աշխարհի ներկայացուցիչները, մասնավորապես, Վաշինգտոնին տեղեկացրել են, որ իրենց երկրները կարող են հայտնվել «պայթյունի էպիկենտրոնում», եթե ոչինչ չարվի դիվանագիտական ճակատում: Սակայն Սպիտակ տունը պարզապես անուշադրության է մատնել բոլոր նախազգուշացումները: Այս մասին նշել են «National»-ի ամերիկյան զրուցակիցները:
Իսրայելի եւ Գազայի հատվածի միջեւ փոխադարձ հրետակոծությունները շարունակվել են նաեւ մայիսի 12-ին՝ չնայած մահմեդականների Կուրբան Բայրամ Իդ ալ-Ֆիթր տոնին: Պաղեստինյան իսլամական ջիհադի զինված թեւի խոսնակ Աբու Համզան հաղորդել է, որ առավոտյան հարյուրավոր հրթիռային հարվածներ են հասցվել Թել Ավիվին եւ նրա շրջակայքին: ՀԱՄԱՍ խմբավորումը, որը վերահսկում է Գազայի հատվածը, իր հերթին, նշել է, որ օրվա առաջին կեսին Աշդոդի ուղղությամբ 50 արկ է արձակվել: Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի հաշվարկների՝ հակամարտության ակտիվացման սկզբից հրեական պետության ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 հրթիռ: «850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, եւս 200-ը ընկել է Գազայի հատվածում»,- հաղորդել են զինվորականները:
Նոր Թուրքիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Յուրի Մավաշեւը «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակցին ասել է, թե ինչն է պատճառը, որ Էրդողանը` պաղեստինցիների վաղեմի «փաստաբանը», հետաքրքրված է այս ճգնաժամում Պուտինի միջնորդությամբ: «Աղբյուրները վաղուց են նշում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ հարաբերություններ ունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հետ,- նշել է վերլուծաբանը:-Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ, ընդհանուր առմամբ, աշխարհի ոչ մի ղեկավար նման հարաբերություններ չունի Բիբիի հետ: Անկասկած, դա լավ գիտի նաեւ Թուրքիայի նախագահը»: Բացի այդ, նա հիշեցրել է, որ Ռուսաստանը վերջին վեց տարում առաջին անգամ չէ որպես խաղաղարար եւ միջնորդ հանդես գալու Միջին Արեւելքում:
«Էրդողանն իր համար ավանդական դարձած ճանապարհով փորձում է ներգրավել երրորդ խաղացողի` Թուրքիայի համար այս կամ այն կարեւոր միջազգային խնդրի լուծման համար,- շեշտել է Մավաշեւը:- Դա արվում է պրագմատիկ նկատառումներով. հետագայում միշտ հնարավոր կլինի ասել. «Մենք առաջարկեցինք, ասացինք, իրար կապեցինք շահագրգիռ կողմերին, բայց նրանք մեզ չլսեցին» կամ «ամեն ինչ ճիշտ չդասավորվեց»: Բացի այդ, թուրքական կողմը ստեղծում եւ ընդլայնում է իր մանեւրի տարածքը: Դա ավելի հեշտ է անել, երբ ներգրավված են առնվազն երեք խաղացող: Չեմ բացառում, որ գործընթացում ներգրավված կլինի նաեւ Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ): Շատ բան կախված կլինի նրա դիրքորոշումից: Սա հատկապես վերաբերում է ԱՊԼ-ի այն անդամներին, որոնք վերջերս են կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ»: