«Ես մայթից իջա կամրջամաս, որպեսզի հետեւից մոտենամ նրան, բայց հանկարծ ինչ-որ բան կանգնեցրեց ինձ. հազար անգամ ստուգված, ակնհայտ բանը կասկածելի թվաց ինձ՝ արդյոք նա՞ է. «Մոտենալ առջեւի՜ց, առջեւի՜ց, առջեւի՜ց եւ ուղիղ ճակատին: Շու՜տ, շու՜տ, վազիր…»:
Գնալով հանդիպակաց մայթով՝ ես հավասարվեցի նրան, արագ քայլերով առաջ անցա նրանից, տեղափոխվեցի այն մայթը, որով գնում էր Թալեաթը: Ընդառաջ գնացի: Մենք մոտեցանք իրար: Նա զբոսնելով քայլում էր՝ անհոգ թափահարելով ձեռնափայտը: Մեր միջեւ քիչ տարածություն էր մնացել, եւ իմ ամբողջ էությունը բռնկվեց զարմանալի հանգստությամբ: Երբ մենք մոտեցանք, Թալեաթը նայեց ինձ. աչքերում երեւաց մահվան վախը: Նա այդպես էլ չարեց վերջին քայլը, փորձեց խուսափել, բայց ես ակնթարթորեն հանեցի զենքը եւ գնդակը գամեցի նրա գլխին…»:
Սողոմոն ԹԵՀԼԵՐՅԱՆ
1921 թ. այս օրն էր, երբ հայոց վրիժառության ասպետը շանսատակ արեց գլխավոր գիշակեր բորենուն՝ պարզելով համայն հայության պատվի ու արժանապատվության դրոշակը: Սա հանրահայտ իրողություն է՝ քաջածանոթ յուրաքանչյուր հայի: Ուստի պատեհ է առիթը, որ նախ գանք հեռվից, ավելի ստույգ՝ նրա ազգանվան պատմությունից. Թեհլերյանների նախապապը 16-17 տարեկանում վիճում է տան անդամների հետ եւ հեռանում տնից: Տարիներ անց վերադառնալով՝ ստանում մականուն: Թուրքերենով «կռիվ» բառը «թեհն» էր, ու գյուղացիներն ասում էին, որ նա «թեհ է ըրել»: Այստեղից էլ ծնվում է նրա Թեհլերյան ազգանունը, նրա զավակներին էլ ասում են Թեհլիրի տղաներ: Այս ամենի մասին վկայել է Սողոմոն Թեհլերյանի հորեղբոր ծոռ Արա Օսկանյանը: Վրիժառուն ինքը ստորագրում էր Թեհլիրյան:
Հերոսի նախնիներն զբաղվել են սրճագործությամբ: Դրա բիզնեսը հիմնադրել էր Թեհլիրը, որը տան անդամների հետ վեճից հետո մեկնել էր Կոնիա, որտեղ էլ սկիզբ էր դրել ընտանեկան բիզնեսին, հետո այն սերնդեսերունդ փոխանցվելու էր հետնորդներին, Թեհլերյանի հորը, նրա եղբայրներին, ովքեր Սերբիայում սուրճի խանութ են ունեցել:
Ինչեւէ. ցեղասպանության տարիներին Թեհլերյանների տոհմը կորցնում է 85 մարդու: Սողոմոն Թեհլերյանի՝ 17 անդամից բաղկացած ընտանիքից Բահառիջ գյուղում մնացածներից փրկվում է միայն նրա եղբոր՝ Միսակի դուստրը՝ Արմենուհին, որին հետագայում փրկագնով քրդերի մոտից վերադարձնում են հարազատներին: Բացի Արմենուհուց, փրկվում են նաեւ նրանք, ովքեր Սերբիայում էին: Սպանդի ժամանակ ինքը՝ վրիժառուն, չէր էլ հիշում, թե որքան երկար է պառկած եղել դիակների մեջ… Սեփական ընտանիքին ենիչերիները ոչնչացրել էին իր աչքի առաջ, իսկ ինքը փրկվել էր հրաշքով: Երեւի ի վերուստ այդպես էր վճռված՝ վրեժ ուներ առնելու արյունարբու հրեշից: Նողկանքով մեկ անգամ եւս հայացք գցենք այս մեծ հայակերի գաղտնի հեռագրերից մեկին. «Թուրքիայում ապրելու եւ աշխատելու հայերի իրավունքն ամբողջապես լուծարված է: Կառավարությունը, որն այս ամենի համար պատասխանատվություն է ստանձնում, հրամայում է օրորոցում չթողնել ոչ մի երեխա: Առանց որեւէ պատճառաբանության տեղահանեք կանանց ու երեխաներին, ովքեր էլ որ լինեն, նույնիսկ նրանց, ովքեր չեն կարողանում քայլել, առանց նայելու՝ կի՞ն է, երեխա՞, թե՞ հիվանդ: Որքան էլ ողբերգական լինեն ոչնչացման մեթոդները, առանց ուշադրություն դարձնելու խղճի ձայնին, վերջ տվեք նրանց գոյությանը: Այսպես կոչված՝ որբանոց պետք չէ, այժմ չարժե ժամանակ ծախսել սրանց կերակրելու եւ կյանքը երկարացնելու վրա: Արտաքսեք նրանց ու տեղեկացրեք մեզ»: Հետագայում, երբ սարերի հետեւում չէր հատուցման օրը, Սողոմոն Թեհլերյանը հեռվից-հեռու պիտի որոտար. «Ես այն ցեղին մեկ բեկորն եմ, որ դու խաչեցիր, գազա՜ն: Տարիներ քեզ կհետապնդեի ու հիմա գտա վրեժը լուծելու ցեղի մը, որուն դու կռնակեն զարկիր: Այդ ցեղիս գնդակը ճակատիդ պիտի ընդունիս հորս արյունոտ դիակին առջեւ…»:
Իսկ մինչ այս հայակերին սատկացնելը նա մեկ այլ դավաճանի էր պատուհասելու. Պոլսում եղած ժամանակ տեղեկանում է, որ կոտորված հայ մտավորականների ցուցակը կազմել է Հարություն անունով մի հայ: Այդ մասին նրան ասում է իր մտերիմներից մեկը՝ օրիորդ Երանուհին: Ազնվարյուն հայուհին Սողոմոնին ցույց է տալիս դավաճանի տան տեղը: Թեհլերյանը ծանոթների միջոցով տեղեկանում է, որ Հարություն Մկրտչյանի կազմած եւ ոստիկանապետ Պետրիի միջոցով Թալեաթին հանձնած սեւ ցուցակը բաղկացած է եղել 250 հայ մտավորականների անուններից, որոնցից հազիվ տասն էր փրկվել: Այս ամենն իմանալուց հետո շուրջ երկու շաբաթ հետեւում է նրան, բայց ապարդյուն. մատնիչը տնից դուրս չէր գալիս: Մի երեկո էլ պատուհանից նկատում է, որ ներսում հավաքույթ է, ազգադավն էլ ճառ է ասում բաժակը ձեռքին: Որոշում է եւ ատրճանակով սեւեռուն նշանառությամբ կրակում ապակու հետեւից: Ճառասացը տապալվում է գետնին, բայց չի սպանվում. երկու օր հիվանդանոցում մահվան հետ կռիվ տալուց հետո է միայն նրա դավաճան հոգին բախում դժոխքի դռները… Այնուհետ հերթը հասնելու էր թուրք գլխավոր ոճրագործին՝ Թալեաթին, որին սատկացնելուց հետո հայրենապաշտ հերոսը ձերբակալվել էր: Ցնցված էր ողջ Բեռլինը, ցնցված էր խիղճը կորցրած աշխարհը՝ հային այդպիսին չէին տեսել: Այդ օրերին Գերմանիայի մայրաքաղաքն ապրում ու շնչում էր կայանալիք դատավարությամբ: Գիտեին, որ դատարանում դատում են մի ոչ սովորական մարդու՝ ոչ սովորական պատճառով:
1921 թ. հունիսի 2-ին դատարանում Թեհլերյանի դատապաշտպան դոկտոր Նիմայեր Կիրը իր պաշտոնական ճառում ասելու էր. «Սողոմոն Թեհլերյանն ինքը չէ, որ փողոց էր իջնում Թալեաթ փաշային սպանելու. նրա հետ իջնում էին դարերը, միլիոնավոր սպանվածները: Նա իր ձեռքով էր տանում իր ամբողջ ժողովրդի պատվի դրոշակը, դրոշակը՝ ողջ խոշտանգվածների, դրոշակը՝ իր լլկված ընտանիքի…»:
«Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ, որովհետեւ խիղճս հանգիստ է»,- սա էր հերոսի կարճ ու խոսուն պատասխանը հարցաքննող դատավորին: Իսկ այն հարցին, թե արդյոք հանցավո՞ր է ամբաստանյալը, դահլիճն է միաձայն աղաղակում՝ ո՛չ…
Դատավարությունից հետո գերմանական դատարանը Թեհլերյանին է վերադարձնում այն սրբազան ատրճանակը, որով սպանել էր հրեշին: Երկրորդ աշխարհամարտի տարիներին վրիժառուն այն նետում է Դանուբ գետը, քանի որ այդ ժամանակ Սերբիայում տներ էին խուզարկում, եւ ինքն ստիպված էր ազատվել հայոց վրեժը հագեցրած զենքից:
Անցնելու էին ժամանակներ: Թեհլերյանի անունն ու արարքը դառնալու էին հայոց արդար վրիժառության խորհրդանիշ: Նրա անունը սրբանալու էր ողջ հայության շուրթերին: Ամենայն Հայոց վեհափառ Վազգեն Առաջինը հանդիպման ժամանակ ասելու էր հայրենապաշտ իր զավակին. «Ժողովուրդը քո մատն ավելի շատ համբուրեց, քան իմ աջը: Եվ դա է ճշմարիտը: Պետք է, որ մենք այդպես հարգենք հերոսին, ինչն ամեն բանից վեր է: Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի…»:
Հիշենք այս օրը: Փա՛ռք «Նեմեսիսի» երդվյալին…