«Չպետք է լինեն առանձին ազգային խմբավորումներ, ինքնագլուխ գործողություններ: Ռազմական գործը սիրում է հաշվարկ, ծրագրավորում, կենտրոնացում: «Ուռա» գոռալով կամ գեղեցիկ նահատակությամբ ազգ չես փրկի: Չի կարելի հույս դնել տղաների անձնազոհության, հերոսության վրա միայն: Կանոնավոր բանակ է պետք՝ իր բոլոր համակարգերով: Միայն մի շտաբի, մի կենտրոնի կողմից կոորդինացված, խելացի կազմավորված գործողությունը կարող է հաջողություն ակնկալել: Հուսով եմ՝ մենք կհասնենք դրան, լուրջ տեղաշարժեր կան, որոնք իրավունք են տալիս այդպես մտածել: Միայն մի կենտրոնի, կենտրոնացված աշխատանքի շնորհիվ կարելի է պաշտպանել թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը: Իսկ դրա համար մեզ՝ յուրաքանչյուրիս անհրաժեշտ է ունենալ պետական մտածողություն»:
Ռազմիկ Վասիլյան
Երբ 1989 թ. Ռազմիկ Վասիլյանը Ազատության հրապարակում կամավորներ էր հավաքագրում Հայոց ազգային բանակի համար, թերահավատները շատ էին, անգամ ծաղրում էին` ՀԱԲ-ը բացելով որպես «Հայոց անզեն բանակ» արտահայտությամբ, որի մեջ ճշմարտության հատիկն այն էր, որ, իսկապես, կազմավորվող կառույցը վերջին թողարկման զենքի հույս չուներ եւ կռվելու էր ձեռքի տակ եղածով, ասենք` երկփողանի հրացաններով, սակայն կառույցին զինվորագրված տղաներից շատերը ծառայել էին ԽՍՀՄ բանակում եւ լավ պատկերացում ունեին բանակային գործից։ Շատ չանցած, երբ ձեւավորվեց 160 հազարանոց կանոնավոր` բանակի միավորներին համապատասխան կառույց, որ ինքնուրույն լուծում էր սեփական կարիքները` սննդի, հագուստի, զենք-զինամթերքի, եւ կռվում անզիջում ու հերոսաբար, ուներ շտաբ, ռազմական խորհուրդ, զինանշան, սահմանել էր կոչումներ` հարյուրապետից մինչեւ հազարապետ, ստեղծել ավտոպարկ, թիկունքի զորամաս, կազմավորել տարբեր զորամասեր, շատ շատերը ուրախությամբ ողջունեցին նրա գործունեությունը` ի տարբերություն ոմանց, ովքեր սկսեցին անհանգստանալ ու գրգռվել ազգային գաղափարախոսությամբ հայրենիքի համար պայքարի ելած ռազմական կառույցի կայացումից։
ՀԱԲ-ի կազմում ստեղծված բազմաթիվ ջոկատները 1989-1990 թթ. մասնակցեցին ՀՀ Արարատի (Երասխ), Իջեւանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Գորիսի, Սիսիանի եւ այլ շրջանների ինքնապաշտպանական մարտերին։ ԽՍՀՄ-ում, սակայն, դժգոհ էին Հայաստանում նման ազգային բանակի գործունեությունից, որ ինքնուրույնաբար պաշտպանում էր երկրի սահմանները։ Այդ մասին ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Վադիմ Բակատինը արտահայտվել է 1990 թ. օգոստոսի 17-ին ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում եւ հույս հայտնել, որ հայկական իշխանությունները կզբաղվե՛ն ռազմական կառույցի լուծարման հարցով։ Հրապարակումից 12 օր անց` օգոստոսի 29-ին, ՀԱԲ-ը զինաթափվեց։ Վասիլյանը չփորձեց դիմադրել, ինչը կարող էր հանգեցնել քաղաքացիական պատերազմի. նրա խորին համոզմունքն ու սկզբունքն էր` ոչ մի գնդակ չպետք է ուղղված լինի հայի դեմ, անգամ, եթե դիմացը հայկական շուն է, յուրաքանչյուր գնդակ` միայն թշնամուն։ ՀԱԲ-ի լուծարվելը, սակայն, նրա զինվորներին չխանգարեց կռվել հանուն Արցախի ազատագրման։ Նրանք ներգրավվեցին տարբեր կամավորական ջոկատներում, իսկ Ռազմիկ Վասիլյանն անձամբ մասնակցեց Նախիջեւանի սահմաններին, Նոյեմբերյանում եւ այլուր ադրբեջանցիների դեմ մղված մարտերին։ Այնուհետեւ` 2005-ից, ՀԱԲ-ը գործում է որպես հասարակական կազմակերպություն, կիսառազմական կառույց` պահպանելով հայրենասիրական մոտիվացիան։
Ռազմիկ Վասիլյանն արդեն ընտրել էր կյանքի ճանապարհը, երբ 1988-ին Հայաստանում սկսվեց ազգային-ազատագրական շարժումը։ 1960 թ. նոյեմբերի 10-ին Երեւանում ծնված Ռազմիկը 1977-ին ավարտել էր թիվ 117 դպրոցը, 1978-1981 թթ. սովորել Երեւանի քիմիատեխնոլոգիական տեխնիկումի գազաֆիկացում բաժնում՝ միաժամանակ աշխատելով «Հայգազ»-ում, իսկ 1985 թ. ընդունվել Մոսկվայի ֆինանսատնտեսական ինստիտուտ, սակայն` կրթությունը կիսատ թողնելով, շտապել էր Երեւան. հայրենիքը կարիքի մեջ էր. ադրբեջանցիները ոտնձգություններ էին սկսել հայերի դեմ` թե՛ Հայաստանի սահմաններին, թե՛ Արցախում եւ թե՛ Ադրբեջանում։ Միայն ազգային ռազմական կանոնավոր կառույցի` բանակի միջոցով էր հնարավոր դիմագրավել թշնամուն ու հաջողության հասնել։ Եվ կյանքի ճանապարհը Ռազմիկի համար ուղղությունը փոխեց…
Դեռ չհասցրած զբաղվել բանակի հարցերով, 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանը ցնցվեց ահարկու երկրաշարժից ու նրա բերած արհավիրքից։ Ռազմիկը շտապեց Սպիտակ, Լենինական. այդ մասին իր հուշերում գրում է. «Սահմռկեցուցիչ տեսարան էր`լաց, կոծ, վայնասուն, այստեղ-այնտեղ դիակներ, փլված շենքերի կույտեր, փոշի, իրար կանչող, ճչացող, ցավից տնքացող մարդիկ: Կարծես չէինք զգում ո՛չ ցուրտ, ո՛չ սառնամանիք: Եվ չիմացանք էլ, թե գիշեր-ցերեկ կիսասոված աշխատելով, օրերն ինչպես անցկացրեցինք: Իմ տեսած Լենինականը չկար. ավեր էր, փլված շենքերի կույտեր, այստեղ-այնտեղ իրար կպած վրաններ, դարձյալ փլատակներ…»: Այդ օրվանից երդվեց այլեւս չսափրվել, իսկ մորը խոստացել էր ծովից ծով Հայաստանը ետ բերել ու նրան տանել ծնողների հայրենիքը` Վանն ու Բիթլիսը տեսնելու, սակայն հանգամանքներն ու մարտերում ձեռք բերած հիվանդությունները կտրեցին նրա կյանքի թելը։ Ռազմիկ Վասիլյանը վախճանվեց 2005 թ. մարտի 15-ին` Երեւանում։ Նրա աճյունն ամփոփված է «Եռաբլուր» պանթեոնում։