Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրների մշակութային եւ գաղափարական զարգացման մի դարաշրջան, երբ միջնադարյան մշակույթից անցում է կատարվել նոր ժամանակի մշակույթին (Իտալիայում՝ 14-16-րդ դարերում, մյուս երկրներում՝ 15-16-րդ դարերում)։
Վերածննդի գաղափարական հիմքը հռոմեական մարդասիրության տարբերակն էր՝ հիմնված դասական հունական փիլիսոփայության նոր բացահայտման վրա՝ հաստատելով Պրոտագորասի ըմբռնումը, ըստ որի «Մարդը չափանիշն է բոլոր իրերի»։ Այս նոր մտածողությունը դրսեւորվեց արվեստի, ճարտարապետության, քաղաքականության, գիտության եւ գրականության մեջ։ Վերածննդի առաջին հետքերը ի հայտ են գալիս Իտալիայում դեռ 13-րդ դարի վերջին, մասնավորապես՝ Դանթեի գրական ստեղծագործություններում եւ Ջոտտոյի նկարներում։
Որպես մշակութային շարժում՝ Վերածնունդը ներառում էր լատինական եւ ազգային գրականության, 14-րդ դարից սկսած՝ դասական աղբյուրների վրա հիմնված ուսման նորարարական զարթոնքը, ինչը ժամանակակիցները վերագրում էին Պետրարկային, գծային հեռանկարի եւ գեղանկարչության մեջ բնությունն առավել բնական եւ իրականությանը մոտ հաղորդելը եւ աստիճանական, բայց լայնորեն տարածվող կրթական բարեփոխումը։
Չնայած Վերածնունդը շատ մտավոր զբաղմունքների հեղափոխություններ տեսավ, ինչպես նաեւ հասարակական-քաղաքական ցնցումներ, բայց առավել հայտնի է իր գեղարվեստական զարգացումներով եւ այնպիսի անհատների հայտնությամբ, որոնցից են Լեոնարդո դա Վինչին եւ Միքելանջելոն, որոնց վերաբերում է «Վերածննդի մարդ» եզրը։
Վերածնունդը սկսվել է 14-րդ դարում Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ Դրա ծագումը եւ բնութագրերը բացատրելու համար, կենտրոնանալով մի շարք գործոնների վրա, առաջ են քաշվել տարբեր տեսություններ։ Հաշվի են առնվել այն ժամանակվա Ֆլորենցիայի հասարակական եւ քաղաքացիական առանձնահատկությունները, քաղաքական կառուցվածքը եւ գերիշխող ընտանիքի ՝ Մեդիչիների հովանավորությունը, ինչպես նաեւ Կոստանդնուպոլսի անկումից հետո հույն գիտնականների եւ նրանց տեքստերի տեղափոխումը Իտալիա։ Վերածննդի այլ կենտրոններ են եղել Հյուսիսային Իտալիայի քաղաք պետություններ Վենետիկը, Ջենովան, Միլանը, Բոլոնիան եւ վերջապես, Հռոմը՝ Վերածննդի դարաշրջանի պապական իշխանության ժամանակ։
Թերեւս, պատահական չէ, որ Իտալական վերածննդի փաստացիությունը առավել խիստ կասկածի տակ են դրել նրանք, ովքեր պարտավոր չեն մասնագիտական հետաքրքրություն ցուցաբերել քաղաքակրթության գեղագիտական կողմերին` տնտեսական եւ սոցիալական զարգացումների, քաղաքական եւ կրոնական իրավիճակների պատմաբանների եւ մասնավորապես, բնագիտության մասնագետների կողմից, բայց բացառապես երբե՛ք գրականության ուսանողների եւ արվեստի պատմաբանների կողմից: