Երբ կատարվում է փոփոխությունը փրկության համար, տեղի է ունենում Հոգեւոր աճ։ Սուրբ Հոգին բնակություն է հաստատում մեր մեջ։
«Եւ ես Հօրը կաղաչեմ, եւ ուրիշ Մխիթարիչ կտայ ձեզ, որ մնայ ձեզ հետ յաւիտեան։ Ճշմարտութեան Հոգին, որին աշխարհքս կարող չէ ընդունել, որ չէ տեսնում նորան եւ ոչ էլ ճանաչում նորան, բայց դուք նորան ճանաչում էք, որովհետեւ ձեզ մօտ է մնում եւ ձեզ հետ կլինի»։ Հովհաննես 14։16-17
Մենք դառնում ենք նոր արարածներ Քրիստոսով.
«Ուրեմն եթէ մէկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծուած է. հիները անցան, ահա ամեն բան նոր եղաւ»։ Բ Կորնթացիս 5։17
Հոգեւոր աճը շարունակական է ողջ կյանքի համար, երբ մենք ուսումնասիրում եւ կիրառում ենք Աստծո Խոսքը եւ վարվում Հոգով։
«Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար: Որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստուած»։ Բ Տիմոթեոս 3։16-17
«Բայց ասում եմ՝ Հոգով գնացէք, եւ մարմնի ցանկութիւնը չէք կատարիլ։ Որովհետեւ մարմինը ցանկանում է հոգուն հակառակ, եւ հոգին մարմնին հակառակ. եւ սորանք իրար հակառակ են, որ մի գուցէ այն, որ դուք կամենում էք՝ այն անէք։ Բայց եթէ Հոգուց էք առաջնորդվում, օրէնքի տակ չէք»: Գաղատացիս 5։16-18
Ձգտելով հոգեւոր աճի՝ մենք կարող ենք աղոթել Աստծուն, որպեսզի մեզ համար բացի, թե ո՞ր ոլորտում է Նա ցանկանում, որ մենք աճենք հոգեպես։
Մենք կարող ենք խնդրել Աստծուն, որպեսզի օգնի ամրապնդելու մեր հավատքը եւ իմացությունը Իր մասին։ Աստված ցանկանում է, որպեսզի մենք հոգեւոր աճ ունենանք, դրա համար Նա տվել է այն ամենը, ինչ անհրաժեշտ է։
Սուրբ Հոգու օժանդակությամբ մենք կարող ենք մշտապես հաղթահարել մեղքը եւ անշեղորեն նմանվել մեր փրկիչ Հիսուս Քրիստոսին։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ