Հին եգիպտական օրացույցի հասակակիցն է հայկական առաջին օրացույցը։ Վաղ անցյալում հայկական նոր տարին սկսվել է մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը։ Հետագայում տարեսկիզբը տեղափոխվել է օգոստոսի 11-ը՝ ի պատիվ Հայկ Նահապետի այդ օրը տարած հաղթանակի։ Հայկական այդ օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, ըստ որի՝ տարին ուներ 12 ամիս, յուրաքանչյուրը՝ 30-ական օրով, եւ լրացուցիչ 13-րդ ամիս, որն ուներ ընդամենը 5 օր։ Այժմ էլ տարբեր երկրներում տպագրվող որոշ հայկական օրացույցներ, ժամանակակից օրացույցին զուգահեռ, օգտագործում են նաեւ Բուն Հայկական օրացույցը։ Օրինակ՝ 2008 թ. Բուն Հայկական օրացույցի թվականով հաշվելու համար անհրաժեշտ է նրան գումարել 2492. 2008+2492=4500. նշանակում է՝ 2008 թ. Բուն Հայկական օրացույցի թվականով 4500 թ. է, որը խոշոր իրադարձություն է։
Հայկական օրացույցն ուներ իր ամսանունները՝ Հայկ Նահապետի 12 ուստրերի ու դուստրերի անուններով. Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան (Մեհեկի), Արեգ, Ահեկան (Ահեկի), Մարերի, Մարգաց, Հրոտից, 13-րդ ամիսը կոչվել է Ավելյաց։ Յուրաքանչյուր ամսվա օր ունեցել է իր անվանումը՝ հիմնականում հեթանոսական աստվածների եւ սրբավայրերի անուններով. Արեգ, Հրանդ, Արամ, Մարգար, Ահրանք, Մազդեղ, Աստղիկ, Միհր, Ձոպաբեր, Մուրց, Երեզկան, Անի, Պարխար, Վանատուր, Արամազդ, Մանի, Ասակ, Մասիս, Անահիտ, Արագած, Գրգուռ (Գրգոռ), Կորդի (Կորդուիք), Ծմակ, Լուսնակ, Ցրոն, Նպատ, Վահագն, Սեին (Սիմ), Վարագ, Գիշերավար։ Անվանումներ են ունեցել նաեւ Ավելյաց ամսվա օրերը. Լուծ, Եղջերու, Փառազնոտ, Արտախույր, Ծկրավորի։
Հայերը հնում անվանումներ են տվել նաեւ օրվա 24 ժամերից յուրաքանչյուրին, ըստ որի ցերեկային ժամերն էին՝ Այգ, Ծայգ, Զորացեալ, Ճառագայթեալ, Շառավիղեալ, Երկրատես, Շանթակող, Հրակաթ, Հուրաթափեալ (Հուր փայլեալ), Թաղանթեալ, Արագոտն, Արփող։ Գիշերային ժամերն էին. Խավարակ, Աղջամուղջ, Մթացեալ, Շաղավոտ, Կամավոտ, Բավական, Խոթափեալ (Հավաթափեալ), Գիզակ, Լուսական, Առավոտ, Լուսափայլ, Փայլածու։
Մեզանում Բուն Հայկական օրացույցի թվականից բացի, ստեղծել են նաեւ այլ օրացույցներ։ 584 թ. հայերն ընդունել են նոր, ճշտված օրացույց, որը կոչվում է Հայոց մեծ թվական։ Ըստ այդ օրացույցի՝ առաջին տարին սկսվում է 552 թ. հուլիսի 11-ից։ Այս թվականով են թվագրված հիմնականում միջնադարում ստեղծված հայկական ձեռագրերը, եւ ճիշտ տարեթիվը հաշվելու համար Հայոց մեծ թվականին պետք է ավելացնել 552 կամ 553 թվերը։ 1085 թ. հայերն ստեղծեցին մեկ այլ օրացույց եւս, որը ստեղծողի՝ Հովհաննես սարկավագի անունով կոչվեց Սարկավագադիր թվական։
Հայերեն առաջին տպագիր օրացույցը կոչվել է «Պարզատումար» եւ տպագրվել է 1513 թ. Վենետիկում՝ Հակոբ Մեղապարտի սարքավորած առաջին տպարանում։ Հայոց եւ աշխարհի ամենաերկարակյաց օրացույցը հրատարակում են Վենետիկի Մխիթարյան միաբանները (1775-ից)։