Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Հիացումս հայտնեք Շահինին…»

Նա փափագում էր գալ եւ համբուրել հայոց սրբազան հողը

Մարտի 18, 2022
Մշակույթ
«Հիացումս հայտնեք Շահինին…»
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
743
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Էդգար Շահին մինն է այն հայերեն, որ ապացուցած են, թե հայ տաղանդը կրնա եվրոպական բարձրագույն միջավայրերուն մեջ հասնիլ արվեստի ամենեն մաքուր կատարելությանց: Այն մեր ցեղին թանկագին նվերն է ֆրանսիական արվեստին, ուր ավելցուցած է ինքնատիպ ու գեղեցիկ էջ մը: Փարիզի պես տիեզերական կենտրոնի մը մեջ ոչ մեկ փոքր ժողովուրդ, մանավանդ արեւելքեն, ունի այսօր այնքան փայլուն գեղարվեստական տաղանդներու բույլ մը, ինչքան հայ ժողովուրդը: Էդգար Շահին առաջին նշանը տվողներեն մին եղավ մեր ցեղին ծոցեն բխող արվեստագիտական հզոր վերընձյուղման մը երեւույթին…»:

Արշակ ՉՈՊԱՆՅԱՆ

Հայոց ցեղի թանկագին նվերները սփռված են աշխարհով մեկ: Ասել է թե` հողն հայրենի կլինի, թե օտար՝ միեւնույն է, դրանք պիտի արարվեն, պատիվ բերեն հայկյան ցեղին, հարստացնեն մարդկության ոգեղեն գանձարանը: Այդ խորհուրդն ունի նաեւ նկարիչ, փորագրանկարչության խոշորագույն վարպետ Էդգար Շահինի գեղարվեստական վաստակը, որը 20-րդ դարասկզբի եվրոպական կերպարվեստի նշանակալի նվաճումներից է:

Վիեննայում է ծնվել մեծանուն արվեստագետը, մանկությունն անցկացրել Կոստանդնուպոլսում, սովորել Գատըգյուղի Մխիթարյան դպրոցում, նկարչական առաջին քայլերն արել Մելքոն Տիրացույանի մոտ,16 տարեկանում մեկնել Վենետիկ: Հանրահայտ Մուրատ-Ռափայելյան վարժարանն ավարտելուն հաջորդելու էր Փարիզի Ժյուլիեն ակադեմիան՝ կատարելագործման բարձրակարգ մի հաստատություն, իսկ Ֆրանսիայի մայրաքաղաքը՝ արվեստների տիեզերական կենտրոն, որտեղ կայանալու համար արվեստագետն իր աստվածաշնորհ տաղանդին պիտի ապավիներ: Հենց այնպես չի ընկալվում նրա այն խոսքը. «Ես փողոցի աշակերտ եմ…»: Ասել կուզի, որ ուսուցիչները քիչ ազդեցություն են ունեցել իր վրա:

Շահինն սկսելու էր նկարչությամբ, սակայն որոշ ժամանակ անց վայր էր դնելու վրձինը եւ անցնելու փորագրանկարչության, կիրառելու էր այս արվեստի գրեթե բոլոր եղանակները՝ օֆորտ, փափուկ լաք, աքվատինտա՝ ի վերջո գերադասելով փորագրիչն ու չոր ասեղը: Տակավին երիտասարդ հասակում սկսում է մասնակցել ցուցահանդեսների Փարիզում, Վենետիկում: Իսկ ստեղծագործությունների թեման փարիզյան ամենատարբեր միջավայրերից էին: Մանավանդ գեղանկարչական աշխատանքներում գերիշխող են տխուր ու թշվառ մարդկանց կերպավորումները՝ «Մուրացկանը», «Փողոցի մի անկյուն», «Շնչահեղձը», «Անապաստանը», «Փողոց Մոնմարտրում», այլ գործեր: «Միտքեն ավելի՝ սիրտ ու հոգի». նկարչի այս հավատամքին ու կենսափիլիսոփայությանը զուգահեռվող ստեղծագործություններ են նշյալ գլուխգործոցները՝ ծնված սրտի ու հոգու ոգորումներից:

1899-ից գեղանկարիչն անցնում է փորագրանկարչության եւ առաջին իսկ գործերով արժանանում ճանաչման: Մեկ տարի անց Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Պետրոսի տաղանդավոր զավակը ոսկե մեդալ է նվաճում, ընտրվում Լոնդոնի գեղարվեստի թագավորական ընկերության, փորագրողների միության, Հռոմի իտալական գեղարվեստի ազգային ընկերության անդամ: Այս շրջանի փորագրություններն առանձնանում են գոյության պայքարի, թշվառության ու պերճության հավաստի պատկերավորումներով՝ «Աղբահաններ», «Լաթահավաք կինը», «Գործազուրկը», «Զբոսանք», «Բեռնակառք»: Նաեւ դիմանկարներ՝ «Պետրոս Շահին», «Անատոլ Ֆրանս», «Ջեմմա», «Լիլի», «Լուիզ Ֆրանս», այլ ստեղծագործություններ:

1903 թվական. Շահինը մասնակցում է Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսին: Փորագրության վարպետի 20 աշխատանքներն արժանանում են ոսկե Մեծ մրցանակի, իսկ ֆրանսիական կառավարությունը նրան շնորհում է Պատվո լեգեոնի ասպետի աստիճան եւ շքանշան: Ֆրանսիացի արվեստաբանները հետեւյալ կերպ էին մեծարելու: «Այն հարստությունը, որ պարգեւում է մեզ Շահինը, պարտավորեցնում է ավելի գնահատել նրա տաղանդի հզորությունն ու հմայքը…»,- գրել է Մաքս Ռոժեն: Նրա գնահատանքին իբրեւ հավելում բարձրաձայնում է Շառլ Շենյոլը. «Էդգար Շահին. ահա մեր կերպարվեստի նորահայտ փառքերից: Դիտեցեք նրա օֆորտները. մի օր «Պառավն» եք նախընտրելու, հաջորդ օրը՝ «Շատո Ռուժը», եւ այսպես շարունակ: Այս ամենի համար միայն մեկ բառ կա՝ ապշեցուցիչ…»:

Նրբաճաշակ արվեստագետը սիրել է ճամփորդել: Իտալական շրջագայությունները բեղմնավոր էին լինելու. ստեղծվելու էր ամբողջական մի շարք՝ «Իտալական տպավորություններ» խորագրով՝ «Սուրբ Պետրոսի ջրանցքը», «Ոգիների տունը», «Ինչ գեղեցիկ հայկական քիթ», «Հմայիչ կինը», այլ արարումներ:

Հետագայում ուղեւորվելու էր նաեւ Բրիտանիա, հասնելու Լա Մանշի ափեր եւ ստեղծելու բացառիկ գեղեցկության բնանկարների շարք:

Հայազգի արվեստագետը չէր կարող անմասն մնալ հայկական թեմաներից. «Ալեւոր հայի», Պողոս Նուբարի, օրիորդ Երանի, հոր, հարազատ այլ դեմքերի փորագրանկարները դա են ապացուցում:

Շահինն ստեղծագործել է նաեւ գրքի նկարազարդման բնագավառում: Մտերիմ է եղել արեւմտահայ գրեթե բոլոր անվանի մտավորականների հետ՝ Գրիգոր Զոհրապ, Սիամանթո, Վարուժան, Արշակ Չոպանյան, հանդիպումներ ունեցել Կոմիտասի,Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, արվեստակից այլ դեմքերի հետ: Զոհրապի առաջարկությամբ է ստեղծել այն օֆորտը, որում 1895-96 թթ. սպանդից փրկված հայ որբեր են՝ Անիի Հովվի եկեղեցու ֆոնին…

Շահինի ստեղծագործություններով սքանչացել են հայ եւ օտարազգի մեծանուն մարդիկ, արվեստագետներն ու արվեստասերները: Դանիել Վարուժանը գրավոր էր բարձրաձայնելու. «Հիացումս հայտնեք Շահինին…»: Նրա, որի աշխատանքներն իրենց անփոխարինելի տեղն ունեն ֆրանսիական, իտալական, իսպանական հեղինակավոր թանգարաններում, մայր հայրենիքում, Էրմիտաժում,  իր որդու՝ Պիեռի (Պետրոսի) շնորհիվ Սեն Միշելում բացված Էդգար Շահինի թանգարանում:

«Կհուսամ, որ մոտ ապագայի մեջ սրտիս փափագը պիտի կարողանամ իրագործել եւ գալ համբուրել մեր Հայաստանի սրբազան հողը…»: Երազանք, որով ապրեց ու անմահացավ այն ժամանակների ֆրանսիական կերպարվեստի փառքերից մեկը:

Ճանաչենք մեր փառավորներին. նախեւառաջ նրանցով է աշխարհը մեզ ճանաչում…

Թեգեր: Էդգար Շահինմշակույթնկարիչ
Կիսվել3Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Ավերակների ու հուշարձանների հոյակապ երգիչը»

«Ավերակների ու հուշարձանների հոյակապ երգիչը»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Մարդկային կամք եւ Աստվածային զորություն

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist