Երբեմն զարմանալի է, թե ինչպես են աստվածաշնչյան պարզ ճշմարտություններից սարքում աստվածաբանական բարդ հակասություններով լի խնդիրներ, հրատարակում բազմաթիվ միմյանց հակասող, միմյանց տեսակետները հերքող գրքեր։ Այսպիսի «հակամարտությունները» շատ հաճախ բացարձակապես անհիմն են, քանզի Աստվածաշունչը կարեւոր հարցերում տալիս է շատ հստակ ու պարզ պատկեր։ Այս ամենը մասնավորապես վերաբերում է նաեւ մարդկային կամքի եւ Աստծո զորության հարաբերակցությանը։
Այդ հարաբերակցության մասին գոյություն ունի երկու սխալ մոտեցում, երկու ծայրահեղություն։ Մի կողմից մեծ շեշտադրում է արվում մարդկային կամքի վրա, իսկ աստվածային զորությանը օժանդակ դեր է տրվում։ Մյուս կողմից մարդկային կամքը հակադրվում է Աստծո զորությանը։
Առաջին տարբերակում առաջարկվում է բավականին պարզունակ բանաձեւ. գոյություն ունեն Աստծո պատվիրանները, պահպանիր դրանք եւ կունենաս հոգեւոր աճ։ Այսպիսի մակերեսային մոտեցումը միստիկ մտածողություն ունեցող քրիստոնյաներին թույլ է տալիս բացարձակապես հերքելու մարդու կամքի գործոնը։ Ըստ վերջիններիս, որքան շատ են շեշտադրում անում մարդու կամքի վրա, մեծացնում մեր ջանքերը, այնքան փոքրացնում ենք Աստծո զորությունը եւ ակտիվացնում մեր ներսի մեղքը։ Նրանք գտնում են, թե մարդկային կամքի գործադրման արդյունքը լինում է երեսպաշտությունը կամ մշտական պարտությունները։
Աստվածաշնչյան ուղին բավականին պարզ է. մենք պետք է Քրիստոսի կողմից օծված մարդկային կամքն օգտագործենք հոգեւոր առումով արմատացած լինելով.
«Արմատացած եւ նորանում շինուած, եւ հաւատքումը հաստատուած, ինչպէս որ սովորեցիք՝ աճելով նորանում գոհութիւնով»։ Կողոսացիս 2։7
Աստված մեզ տվել է միտք, կամք, ունակություն՝ ընդունելու որոշումներ։ Սակայն մենք չպետք է փորձենք «սայլը ձիուց առաջ կապել»։ Հարկավոր է սկսել արմատից, ոչ թե պտուղից Հիսուսում ապրելուց, ոչ թե գործերից։
Նորից դառնանք հոգեւոր աճի փոխաբերությանը, ինչին հարկավոր է շատ լուրջ վերաբերվել։ Հարկավոր է հաշվի առնել եւ գործածել հիմնական սկզբունքը, որն է «արմատից է ծնվում եւ սնվում պտուղը»։
Այստեղ է բոլոր հարցերի պատասխանների բանալին։ Հարկավոր է ավելի մեծ ջանք թափել արմատի վրա, քան թե պտուղի։ Սակայն չպետք է ձգտել խստիվ պահելու «ժամանակագրությունը»՝ արմատից մինչեւ պտուղ. աստվածաշունչը չի թույլատրում մեղք գործել նաեւ նրանց, ում արմատը դեռեւս փոքր է, հոգեւոր առումով դեռեւս մանուկ են։ Զղջման փաստն իսկ նշանակում է, որ մենք հենց սկզբից վճռական ենք տրամադրված պայքարելու մեղքի դեմ։ Իսկ պայքար գոյություն չունի առանց կամքի դրսեւորման։ Սակայն մենք չենք կարող երկարատեւ եւ հաջող պայքար մղել մեղքի դեմ, եթե մեծ ուշադրություն չդարձնենք արմատին։ Իսկ ի՞նչ է հոգեւոր արմատը՝ հաջորդիվ։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ