ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման եւ հասարակայնության հետ կապերի բաժինը նախօրեին հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում լյարդի ցիռոզի բուժման նոր մոտեցում է առաջարկվում։ Մոտեցում, որ գալիս է մեկ անգամ եւս ապացուցելու, որ մեր երկրի բույսերը նաեւ դեղաբույսեր են, եւ բուժական այդ ներուժից չօգտվելը, մեղմ ասած, խելամիտ չէ։
Գիտական հերթական արդյունքը ստացվել է նշյալ կենտրոնի «Դեղաբանության եւ պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայի գիտաշխատող Լիլիթ Արշակյանի ատենախոսական աշխատանքի շրջանակներում՝ լաբորատորիայի աշխատակիցների աջակցությամբ` ըստ համապատասխան ցուցումների: «ՀՀ»-ն կապ հաստատեց Լ. Արշակյանի հետ՝ փորձելով որոշ պարզաբանումներ ստանալ՝ լյարդի ցիռոզի բուժման այդ ինչ նոր մոտեցում է առաջարկվում, բուսական ինչ դեղապատրաստուկների մասին է խոսքը, ինչքանով է այն արդյունավետ եւն։
Պարզվեց, որ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի «Դեղաբանության եւ պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայում իրականացվել է լյարդի տոքսիկ ցիռոզի ուսումնասիրում: Արդյունքում հայտնաբերվել են նախնական ախտորոշման շղթայական կապը եւ դրա բուժման նոր մոտեցումը՝ համակցված բուսական դեղապատրաստուկներով: Լիլիթ Արշակյանը բացատրեց, որ լյարդ-թոք-երիկամ ֆունկցիոնալ կապով ուսումնասիրվել է լյարդի տոքսիկ ցիռոզի զարգացման դինամիկան, որի վերլուծության արդյունքում մշակվել է հեպատոպրոտեկտորների՝ ֆլամին/սիլիմարին բուսական խառնուրդի բուժական ազդեցությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լյարդի տոքսիկ ցիռոզի ախտահարման պայմաններում, նախքան ցիռոզի պաթոլոգիայի դրսեւորումը, ի հայտ են գալիս թոքերի եւ երիկամների ախտաբանական գործընթացներ` ընդհուպ մինչեւ ըստ սեռային պատկանելության տարբերության: Ուսումնասիրելով բուսական խառնուրդի երկու տարբեր համակցումներ՝ ֆլամինի եւ սիլիմարինի, որոնք նույնպես ստացվել են հիշյալ կենտրոնում, պարզվել է արդյունավետ հարաբերակցությունը եւ դրանց բուժական ելքերի դինամիկան զարգացող ցիռոզի ժամանակ: Ստացված արդյունքների կիրառման դեպքում նշված օրգանների ախտահարումը կբացահայտի ցիռոզի ծագումնաբանությունը՝ կիրառելով այն գործնական բժշկության մեջ։
Եթե փորձենք գիտական տերմինաբանության շրջանակից դուրս գալ եւ ավելի մատչելի ներկայացնել ասելիքը, ապա՝ հատկապես ի՞նչ բուսական համակցության մասին է խոսքը։ Ի պատասխան «ՀՀ»-ի հարցման` Լ. Արշակյանը հստակեցրեց. «Այս պահին մենք երկու բույսերի տարբեր համակցումներ ենք փորձարկել՝ անթառամի եւ կաթնափուշի։ Գտել ենք ցիռոզի դինամիկայում դրանց արդյունավետությունը։ Փորձարկումներն արվել են, եւ հիվանդության զարգացման տարբեր փուլերում տեսել ենք այդ համակցումների արդյունավետությունը»։ Ծրագիրը շարունակվելու է եւ չի սահմանափակվելու Լիլիթ Արշակյանի ատենախոսական աշխատանքով։
Փաստորեն, կրկին հանգում ենք այն տեսակետին, որ մեր երկրի բույսերը դեղաբույսեր են եւ կարող են հաջողությամբ կիրառվել արդի բժշկության մեջ։ Մեր դիտարկմանն ի պատասխան` «Դեղաբանության եւ պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայի գիտաշխատողը նկատեց. «Այո, մեր բույսերը մեծամասամբ դեղաբույսեր են։ Շատ գաղափարներ կան, որոնք դեռ կյանքի չեն կոչվել։ Իսկ հիմա հետազոտությունների տվյալներն են ամբողջականացվում»։
Առաջիկա նպատակներից է իրականացնել լյարդի տոքսիկ ցիռոզի նախանշանների կանխատեսման, զարգացման եւ նոր խառնուրդով բուժման ընթացքի հետազոտություն՝ լյարդի, թոքերի, երիկամների պատճառահետեւանքային կառուցվածքաֆունկցիոնալ փոփոխությունների ուսումնասիրման մոտեցմամբ: Ինչպես Լ. Արշակյանն է բացատրում, նպատակն է ուսումնասիրել նոր խառնուրդի հեպատոպրոտեկտոր հատկությունը, որոնք անջատվել են Հայաստանում աճող Helycrisum Rubicundum ու Silybum marianum բույսերից, եւ հետագայում ներդնել այն ցիռոզի բուժման պրակտիկայում, որը կարող է կիրառվել բուժհաստատություններում. «Եվ առաջիկայում պլանավորում ենք նոր բուսական հումքի տարբեր համակցումների ակտիվության գնահատում` առաջարկված մոդելով լյարդի ախտահարումները վերականգնելու նպատակով»։
Աշխատանքները ներկայացվել են միջազգային գիտաժողովներում: Հետազոտությունների որոշ մասն իրականացվել է Ասպիրանտների աջակցության ծրագրի շրջանակներում՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ:
«ՀՀ»-ն փորձեց նաեւ մեկ այլ բան ճշտել։ Մեր գիտական արդյունքներն ընդհանրապես ներկայացվո՞ւմ են միջազգային գիտաժողովներում, տպագրվում գիտական ամսագրերում։ Գիտական մտքի գողության, յուրացման մտավախություն չկա՞։ Ի պատասխան` Լ. Արշակյանը ծիծաղեց. «Մինչեւ վերջնական ձեւակերպումը չլինի, ես խուսափում եմ դրանից։ Նաեւ ֆինանսական կողմն էլ կա։ Եթե սկսնակ ես, քեզ դժվարությամբ են տպագրում արտերկրի ամսագրերում։ Եվ, այո, կարող է լինել նաեւ ձեր ասածը։ Մտավախությունը կա»։
Ինչեւէ, լաբորատոր հետազոտություններին զուգահեռ` գիտական վերլուծությունների փուլն էլ կա։ Հիմա նաեւ այլ փուլ պետք է սկսվի, այլ նյութեր են պահանջվում, փորձերը պետք է կատարվեն նաեւ բջջային կուլտուրաների վրա (նախկին փորձերը լաբորատոր առնետների վրա էին)։
Իբրեւ ամփոփում` նկատենք, որ գիտական հաջողված հետազոտությունները պետական լրջագույն աջակցության պարագայում կարող են օժանդակել ոչ միայն առողջապահական ոլորտին, այլեւ տնտեսությանը՝ տեղական արտադրության ձեւով։