Ադրբեջանի` Հայաստանի հետ սահմանակից շրջաններում, Նախիջեւանի որոշ բնակավայրերում ապրում են քրդեր: Նրանց ժողովրդագրական վիճակագրությունն արժանացել է թալիշ ժողովրդի բախտին: 1962 թ. մարդահամարի պաշտոնական տվյալներով թվագրվել է շուրջ 40 հազար քուրդ: Այնուհետեւ նույն «պաշտոնական» տվյալները մոտ տասն անգամ կրճատեցին քուրդ ժողովրդի թիվը: 1989 թ. մարդահամարի տվյալներով Ադրբեջանում ապրում էր հազիվ 12 հազար քուրդ: Պարզ է, որ սա պաշտոնական Բաքվի խեղաթյուրած տվյալներն են` խորհրդային կենտրոնական կառավարության անմիջական «պատվերով»: Ոչ պաշտոնական տվյալներով Ադրբեջանում թվագրվում է մոտ 60 հազար քուրդ:
Հատկապես ԽՍՀՄ տարիներին քրդերի ձուլման քաղաքականությունն իրագործվում էր բավական ակտիվ եւ հետեւողականորեն: Ադրբեջանի տարածքում քրդական համայնքը չի ունեցել իր դպրոցը, մայրենի լեզվով գրականություն, թատրոն եւ այլն: Քրդերն ստիպված են հաճախել ադրբեջանական դպրոցներ, սերտել ադրբեջաներենը: Սա կրկին ադրբեջանական իշխանությունների կողմից նախագծված քայլ էր` միտումնավոր մոռացնել տալու քրդերենը եւ ցույց տալու, որ ադրբեջանական հասարակությանն ինտեգրվելու համար պետք է մայրենի լեզուն դառնա ադրբեջաներենը: Այսպիսով՝ մայրենիին տիրապետում են միայն քուրդ ժողովրդի ավագ սերնդի ներկայացուցիչները:
Խորհրդային տարիներից սկսած մինչ օրս Ադրբեջանի մշակութասպան քաղաքականությունից զերծ չի մնացել նաեւ քուրդ ժողովուրդը: Ամեն քայլ արվում էր քրդական հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացման եւ զավթման ուղղությամբ:
Քրդերն Ադրբեջանի տարածքում հայտնվել են դեռեւս 11-րդ դարում` Ադրբեջանի Հանրապետության ստեղծումից ամբողջ տասը դար շուտ: Ռուս ազգագրագետ Գ. Չուրսինի գրվածքների համաձայն` դեպի այդ տարածքի արեւմտյան շրջաններ քրդական ներգաղթ տեղի է ունեցել դեռեւս 1589 թ.՝ թուրք-պարսկական պատերազմի ժամանակ: 19-րդ դարի երկրորդ կեսին մեծ թվով քրդեր են ապրել Զանգեզուրի, Ջավանշիրի եւ Ջեբրայիլի գավառներում: Քրդերի ոչ մեծ համայնք եղել է նաեւ Նախիջեւանում (Շարուր-Դարալագյազ, Արեշ): Սակայն 1920-ական թթ. Ադրբեջանի ազգատյաց քաղաքականությունից փախչելով` բազմաթիվ քրդական ընտանիքներ ներգաղթել են Հայաստան եւ, մեծամասամբ, բնակություն հաստատել հովտային շրջաններում: Դա հանգեցրել է Ադրբեջանի քուրդ բնակչության թվաքանակի զգալի նվազման:
Երբ խորհրդային կարգեր հաստատվեցին նաեւ Ադրբեջանում, 1923 թ. Բերձորի, Կովսականի եւ Քաշունիքի շրջաններում ստեղծվեց Կարմիր Քուրդիստան վարչական միավորը: 1929-ին տեղի ունեցած մարդահամարի տվյալներով տեղի բնակչության 76 տոկոսը քրդեր էին, 23 տոկոսը` ադրբեջանցիներ: 1930-ական թթ. այդ վարչական միավորը վերացվեց, իսկ քուրդ բնակչությունը «ձուլվեց»` արժանանալով մյուս ազգային փոքրամասնությունների ճակատագրին: Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղում ապրող շատ քրդեր գաղթեցին դեպի Հյուսիսային Կովկասի մահմեդական երկրներ: Սակայն մեծ մասը` իբրեւ ադրբեջանցիներ, բռնի կերպով տեղափոխվել են Ադրբեջանի Բեղամեջի տեղահանվածների ճամբար եւ միջազգային հանրությանը ներկայացվել իբրեւ պատերազմական գոտուց տեղահանված ադրբեջանցիներ: