«Ճիշտ է այն կարծիքը, որ շախմատիստը խաղում է այն խաղաոճով, որն ավելի մոտ է իր էությանը: Ես բնավորությամբ շատ զգույշ եմ եւ տանել չեմ կարողանում այն իրավիճակները, որոնք իրենց մեջ ռիսկ են պարունակում…»:
Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հայության փառքերից մեկը, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն, որ վաստակել էր «Երկաթե Տիգրան» պատվանունը՝ իր անբեկանելի պաշտպանության համար: 1929 թ. Թբիլիսիում սպայի տան բակապան Վարդան Պետրոսյանի ընտանիքում է ծնվել շախմատի ապագա արքան: Վաղ հասակում կորցրել է ծնողներին, մեծացել, դաստիարակվել է ավագ քրոջ՝ Վարդուշի հոգածությամբ: Գումար է վաստակել ինչպես հայրը՝ բակապահությամբ: Շախմատով սկսել է զբաղվել 10-11 տարեկանում՝ հաճախելով Թբիլիսիի պիոներական պալատ՝ դասեր առնելով Արչիլ Էբրալիձեի մոտ: Նրա շախմատային հայացքների ձեւավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել Արոն Նիմցովիչի «Իմ համակարգը գործնականում» գիրքը եւ Խոսե Ռաուլ Կապաբլանկայի խաղը: Առաջին հաջողություններն արձանագրել է համամիութենական պատանեկան առաջնություններում: Պատանի շախմատիստը 1945 թ. դառնում է Վրաստանի, մեկ տարի անց՝ Հայաստանի չեմպիոն: Սպորտի վարպետի նորման լրացնում է 1947-ին՝ ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակիչում: 1950 թ. տեղափոխվելով Մոսկվա, մասնակցում է մայրաքաղաքի առաջնությանը, հասնում է գերազանց արդյունքների՝ 3-րդ տեղ, 1951 եւ 1954 թթ.՝ 1-ին տեղ: 1951-ի միության առաջնությունում ցուցադրում է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) եւ 1952 թ. միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճում, որտեղ նույնպես նվաճում է նշյալ տեղերը: Այդ ժամանակից սկսած՝ դառնում է աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից: 1953-ին հավակնորդների մրցաշարում գրավում է 5-րդ տեղը: 1955 թ. միջփնջայինում 4-րդն էր, 1958-ին՝ 3-4-րդը, 1962-ին՝ 2-3-րդը:
Շախմատային հորիզոններում Տիգրան Պետրոսյանի նվաճումները տարեցտարի նրան մղում էին դեպի ուղեղային այս սպորտաձեւի Օլիմպոս. 1962 թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ իրավունք է ստանում վիճարկելու աշխարհի չեմպիոնի կոչումը Միխայիլ Բոտվիննիկի հետ: 1963-ին հաղթում է վերջինիս եւ նվաճում աշխարհի չեմպիոնի կոչումը: Հաղթողն ստանում է 2000 ռուբլի, պարտվողը՝ 1200: Մրցախաղի հանդիսավոր փակումից հետո Հայաստանի կոմպոզիտորների միությունը շախմատի հայ տիրակալին է նվիրում «ԳԱԶ-21» ավտոմեքենայի բանալիներ, իսկ հայությունը, որ սրտատրոփ սպասում էր նման հաղթանակի, ցնծում էր աշխարհով մեկ՝ պահն աստեղային էր…
Անցնելու էր երեք տարի, եւ շախմատի արքան մենամարտելով նոր հավակնորդի՝ Բորիս Սպասկու հետ, վերահաստատելու էր ուժեղագույնի իր կոչումը: Դա 1966-ին էր: Իսկ 1969 թ. կրկնակի նվաճած իր թագը զիջելու էր նույն ախոյանին: Այսպես է աշխարհի բանը՝ երեկ՝ դու, այսօր՝ ես, վաղը՝ նա… Կարեւորն այն է, որ մի բուռ հայությունն աշխարհին նաեւ շախմատային արքա էր պարգեւել՝ «Երկաթյա Տիգրանին»… 1971-80 թթ. հանճարեղ շախմատիստը հավակնորդների մրցախաղերում շարունակում է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար, մասնակցում է միջփնջային մրցաշարերի. Բիլ (1976 թ.)՝ 2-4-րդ տեղեր, 1979 թ.՝ Ռիո դե Ժանեյրո՝ 1-3-րդ տեղեր:
Հավելենք եւ այն, որ Տիգրան Պետրոսյանը նախկին միության հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում, 8 անգամ՝ Եվրոպայի թիմային առաջնություններում: ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես է եկել Անգլիայի, Արգենտինայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի, ԳՖՀ-ի, Շվեդիայի, Հարավսլավիայի, այլ երկրների շախմատիստների դեմ: Մասնակցել է 1970 թ. կայացած «դարի մրցախաղին»՝ ԽՍՀՄ հավաքականն ընդդեմ աշխարհի հավաքականի: Սահմանել է բազմաթիվ ռեկորդներ՝ միութենական վեց առաջնություն անցկացրել է առանց պարտության, շախմատի տասը համաշխարհային օլիմպիադաներում հասել է տպավորիչ արդյունքի՝ 79 հաղթանակ, 50 ոչ ոքի, ընդամենը 1 պարտություն: Հիսուն տարեկանում երկրորդ անգամ դարձել է շախմատի միջփնջային մրցաշարի հաղթող (Պորտիշի եւ Հյուբների հետ համատեղ):
Իսկ ինչպե՞ս են բնութագրում Երկաթյա Տիգրանի խաղաոճն այս մարզաձեւի գիտակները. պահպանողական, զգույշ եւ վերին աստիճանի պաշտպանողական: Նրա համար առանցքային էր կանխարգելման գաղափարը: Հարձակվում էր շատ հազվադեպ, միայն այն դեպքում, երբ համոզված էր, որ անվտանգ դիրքում է: Սովորաբար հաղթում էր՝ հետեւողական քայլեր անելով, մինչեւ հակառակորդը սխալ թույլ տար՝ չբացահայտելով իր թույլ կողմերը: Համբերատարությունը եւ պաշտպանվելու վարպետությունը նրան դարձնում էին դժվար պարտվող ախոյան:
«Ինչն է ավելի լավ՝ գրոհե՞լը, թե՞ հակագրոհելը,- ինքն իրեն հարցրել է շախմատի արքան եւ ինքն էլ պատասխանել.- ամենալավը հաղթելն է…»: Եվ նա հաղթել է, այն էլ՝ որքա՜ն…
Այսօր նրա ծննդյան օրն է: Երախտագիտությամբ հիշենք հայոց պատմության մեջ երկրորդ մեծ Տիգրանին՝ ըղձալով, որ նորօրյա հայ շախմատիստները օրերից մի օր կկրկնեն իրենց հանճարեղ նախորդի սխրանքը՝ բերելով արքայական թագը մեծագործ զավակների երկիր Հայաստան…