Կառավարչական ճիշտ որոշում կայացնելուն խանգարող խորքային պատճառի մասին ուշագրավ դիտարկում ունի ամերիկացի հոգեբան, տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Դենիել Քանմենը: Հակիրճ՝ նա առանձնացնում է մարդու մտածելակերպի երկու տեսակ, «արագ» եւ «դանդաղ» («ծույլ»). առաջինի հիմքում ներըմբռնողությունն է (ինտուիցիա), խնդրի լուծման որոնումը կառավարչի փորձառության հիման վրա, կարծեք «պատրաստի» ձեւով, երկրորդը պահանջում է մանրակրկիտ վերլուծություն եւ հիմնավոր հաշվարկներ: Հեղինակի վարկածը «տեղակալումն է»՝ երբ մեր հոգեբանությունը ինքնաբերաբար պարզեցնում է բարդ խնդիրը, ուստի եւ մեզ է մատուցում «արագ» լուծումը՝ այդկերպ մղելով չհիմնավորված լավատեսության եւ ինքնավստահության, թեպետ «արագ» լուծումը ոչ միշտ է լինում նաեւ ճիշտը:
Բարդ խնդիրների ինքնաբերաբար պարզեցման եւ դրա պատճառով սխալ որոշում կայացնելու մեկ այլ պատճառ է նշում իսրայելցի կառավարաբան Իցհակ Ադիզեսը: Խոսքը շատերիս իսկապես բնորոշ այն հոգեվիճակի մասին է, երբ մեզ համար «ցանկալին» ընկալում եւ այլոց մատուցում ենք «իրականի» փոխարեն, իսկ «իրականը»՝ որպես այն, «ինչը պիտի լիներ»: «Եթե լսեք, թե ինչոր մի կազմակերպության ժողովում մարդիկ ինչպես են խոսում, դուք կբացահայտեք, որ նրանք շարունակ գործածում են այդ հասկացությունները ոչ ըստ ստույգ նշանակության: Փոխանակ ասելու, թե «Ես ուզում եմ դա», ինչը կարող էր վրդովմունք հարուցել, խոսողն ասում է «Մեզ պետք է դա անել»: Բայց եթե մանրազնին վերլուծեք նրա դիրքորոշումը, կհասկանաք, որ նա նկատի ունի «ցանկալին»: Չէ՞ որ այն, ինչն այլընտրանք չունի, կարիք էլ չկա ասելու, թե պետք է արվի. սա այդ դեպքը չէ»:
Իհարկե, իր հերթին սխալ կլինի, եթե մենք լիովին մերժենք կառավարչական իրավիճակի ամեն տեսակի պարզեցում եւ դրա հիման վրա կատարվող որոշումները: Ավելին, հաճախ վնասակար է լինում ճիշտ հակառակ մոտեցումը, երբ իրավիճակի ընկալումն անհարկի ծայրահեղորեն բարդացվում է, ինչը, բնականաբար, դժվարացնում է թե՛ վերլուծական աշխատանքը եւ թե՛ վերջնական որոշման կայացման ընթացքը: Հիշենք «Օկամի ածելին». սրա հիմնական պահանջը հենց հասկացությունների խնայողական գործածությունն է, այն է՝ իզուր չբազմացնել մտքի եւ խոսքի կառուցման գործիքակազմը, եթե արդեն եղածով հնարավոր է բավարարվել:
Այս մեթոդաբանության հիմքով՝ կան հեղինակներ, որոնք մեզ համոզում են պարզ լուծումների առավելությունը. ավելի բարդ լուծումների կարեւորությունը չի մերժվում, սակայն կան, իսկապես, որոշակի հանգամանքներ, երբ հատկապես պարզ լուծումն է գերադասելի, նույնիսկ՝ միակ հնարավորը: Նրանց փաստարկների մի մասը, իրոք, անհերքելի է: «Պարզ կանոնները,– գրում են «Պարզ կանոններ» գրքում բրիտանացի տեսաբաններ Դանլդ Սալը եւ Քաթլին Այզենհարթը,– մարդկանց հնարավորություն են ընձեռում կայացնելու արագ եւ բավական ստույգ որոշումներ, որոնք ավելի քիչ ջանքեր են պահանջում, քան բարդ որոշումները: Երբ ժամանակը սուղ է կամ տեղեկատվությունն է նվազագույն, օրինակ՝ իրավիճակի նախնական զննման պահին, ապա այդ գործնական կանոնները կարող են փրկել դրությունը: Պարզ կանոնները գործում են, քանի որ դրանք կենտրոնացած են լուծելիք խնդրի հանգուցային կետերի վրա եւ անտեսում են հարակից նկատառումները: Գործադրելով պարզ կանոններ՝ մարդիկ կարող են աշխատել առանց ամեն պահի պարբերաբար ընդհատելու աշխատանքը եւ վերանայելու կայացված որոշումը»:
Այս ամենը հասկանալի է եւ ընդունելի: Սակայն մեզ հարց տանք, թե ինչ իմացական հիմքով են կայացվում պարզ լուծումները: Պատասխանն աներկբա է՝ դա կառավարչի ներըմբռնողությունն է՝ որպես նրա փորձառության դրսեւորում: Իսկ արդյոք մի՞շտ է արդարացված ներըմբռնողությամբ գործելը: Ոմանք դրական պատասխան են տալիս: «Դուրս գալ տրամաբանության շրջանակներից». այսպես են վերնագրել իրենց գրքի գլուխներից մեկը իռլանդացի հեղինակներ Ջոզեֆ Օքանը եւ Իյան Մաքդերմիտը՝ ակնհայտորեն շփոթելով գիտական վերլուծությանը ներկայացվող՝ ձեւական տրամաբանության պահանջները դիալեկտիկական տրամաբանության հետ. «Տրամաբանությունը սովորաբար ներկայացվում է որպես հստակ, օբյեկտիվ մտածելակերպ, խնդիրների լուծման լավագույն մեթոդ: Տարօրինակ բան է: Առհասարակ, մենք այնքան էլ տրամաբանորեն չենք մտածում: Առավել հաճախ, ստեղծագործական պայծառացումները երեւակայության ծնունդն են, եւ հետո է միայն մարդը գլուխ ջարդում, թե ինչպես դրանք տրամաբանորեն հիմնավորի: Մեր մտածողությունը զգացմունքային է եւ զուգորդական, թեպետ մենք երբեմն թերագնահատում ենք այդ հատկությունը եւ գերագնահատում ենք տրամաբանության նշանակությունը»:
Բայց արդյոք չե՞նք սխալվի, եթե սկսենք ապավինել հիմնականում նման գործելակերպին եւ, համապատասխանաբար, անտեսենք կամ թերագնահատենք կառավարչական որոշման կայացման «ռացիոնալ» մոդելը: Վերջինիս բնորոշ վերլուծական մանրակրկիտ աշխատանքի, այլընտրանքները պարզելու, համեմատելու եւ գնահատելու փոխարեն՝ «արագ» մտածելակերպի առերեւույթ դյուրին լուծումները կառավարչի (առաջնորդի) մեջ ձեւավորում են իրողության լիակատար վերահսկողության պատրանք, ինչն էլ ծնունդ է տալիս գերլավատեսական դիրքորոշման, որն այնքան ավելի վտանգավոր է, որքան ավելի մեծ թվով մարդկանց է վերաբերում կայացվելիք կառավարչական որոշումը:
Կառավարչական որոշման կայացումը կառավարչի (առաջնորդի) սրբություն սրբոցն է, եւ նա ամեն կերպ պահպանում է այստեղ իր բացառիկ արտոնությունը. ամեն ինչից զատ, այստեղ գործում է նաեւ առաջնորդի դերում վերահաստատվելու մղումը: Բայց միանձնյա որոշման կայացմանը հակվածությունն էլ ի վերջո պատճառ է դառնում կառավարչական սխալ որոշումների՝ դրանց կազմակերպական, տնտեսական եւ սոցիալհոգեբանական վնասակար հետեւանքներով հանդերձ: Մինչդեռ սխալի շտկման, ուստի եւ «սխալների միջոցով դեպի հաջողություն» բանաձեւի գործադրման լավագույն հնարավորություն է ստեղծում հետադարձ կապի առկայությունը. չէ՞ որ կառավարչական որոշումն իրականացնողները սեփական փորձով են պարզում այդ որոշման ճիշտ կամ սխալ լինելու աստիճանը:
Այս պարզ իրողությունը հասկանալու եւ հօգուտ համատեղ աշխատանքի արդյունավետության գործադրելու համար կառավարչին (առաջնորդին), ամենից առաջ, անհրաժեշտ է սեփական մասնագիտական պատրաստվածության մակարդակի սթափ գնահատական, գործելակերպի եւ խոսելակերպի մշտական վերահսկում, ենթակաների եւ հետեւորդների հանդեպ հարգանք եւ վստահություն, այլոց կարծիքի հանդեպ հանդուրժողական վերաբերմունք, խելամիտ խորհուրդներն ունկնդրելու եւ ուրիշներից սովորելու ցանկություն: Հավելեմ Քոնոսքե Մացուսիտայի կարծիքը. «Կառավարումն այն զբաղմունքներից չէ, որ հասու է ամեն մեկին…. Կառավարման արվեստ սովորեցնել հնարավոր չէ: Այդ արվեստը արգասիքն է աշխարհի եւ աշխարհում տեղի ունեցող երեւույթների սեփական անվերջանալի իմաստավորման, շրջապատի անձանց ասածների ընկալման եւ դրանց շուրջ խորհրդածության»: Հրաշալի է ասված. կառավարումը կլիներ բոլորին հասանելի, եթե լիներ զուտ տեխնոլոգիա, կառավարչական որոշակի գործառույթների ինքնաբերական իրականացում, մինչդեռ կառավարումը սուբյեկտօբյեկտային բնույթի փոխհարաբերություն է, հիրավի՝ իրավիճակի անվերջանալի իմաստավորման եւ խորհրդածության, կարելի է ասել՝ փիլիսոփայության գործնական մարմնավորման ասպարեզ:
Արդ, ասվածի լույսով, թերեւս, ամենակարեւոր եզրակացությունը՝ նույնիսկ ամենաբարձր դիրքի հասած, կարծեք միայն հաջողություններով պսակված ճանապարհ անցած, շքեղ տիտղոսների եւ գովեստների արժանացած, ճոխ ներբողականներ վայելող կառավարիչը (առաջնորդը) պիտի ունակ լինի երբեմնակի իրեն հարց տալու, թե արդյոք ինքն իր տեղում է… Դե, իսկ եթե նման հարց նրա մտքովն իսկ չի անցնում, ուրեմն սա աներկբա վկայությունն է կառավարչի (առաջնորդի) դերակատարման անխուսափելի ձախողման:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր