Հայոց առածանու այս խորհուրդը իրական կյանքի փորձի ամփոփումն է, արտացոլված է շատ ժողովուրդների առածանիում, իհարկե, ազգամշակութային յուրահատկություններով հանդերձ: Որպես գործելակերպի հրամայական՝ այս միտքը տեղին է «գործի» բոլոր տեսակների համար՝ կրթություն ստանալիս, լեզուներ սովորելիս, մասնագիտություն ձեռք բերելիս, ընտանիք կազմելիս, բանակցություններ վարելիս, նոր միջավայրին հարմարվելիս, հրապարակային ելույթ ունենալիս եւ այլն:
Հայերենի ստույգ համարժեքն են գերմաներենը («Guter Anfang ist halbe Arbeit»), ռուսերենը («Хорошее начало полдела откачало») եւ իսպաներենը («Obra empezada, media acabada»):
Անգլերենն ասում է, թե լավ սկիզբը լավ ավարտ է ապահովում («A good beginning makes a good ending»):
Ռուսերեն մի ասացվածքում շեշտը դրված է նախնական դժվարությունը հաղթահարելու կարեւորության վրա, այդպես էլ ասելով, թե դժվարը սկիզբն է («Лиха беда начало»):
Ավելորդ չի լինի, թերեւս, փոքրինչ հստակեցնել «լավ սկիզբ» բնութագրումը: Առավել հակիրճ մեկնաբանությունը, ըստ իս, ամերիկացի կառավարաբան Սթիվեն Քովիին է՝ «Արդյունավետ մարդկանց յոթ հատկություն» նշանավոր գրքից. ահավասիկ երկրորդ հատկության հեղինակային ձեւակերպումը. «Սկսեցեք՝ մտքում պահելով ավարտը» («Begin with the End in Mind»): Այլ կերպ ասած՝ «լավ սկիզբ»ը կարող է, իհարկե, տարբեր բաղադրիչներ ունենալ, բայց ամենակարեւորը սկսած գործի բուն ընթացքի նպատակասլացության ապահովումն է:
Դե, քանի որ այդպես է, այսինքն՝ «գործ» ասվածը, որպես կանոն, նպատակամետ աշխատանքի տեսակ է, ուստի եւ դարձյալ պատահական չէ, որ բոլոր ժողովուրդներն էլ կարեւորել են գործի բարեհաջող ավարտի դերը: «Ամեն բանի վերջն է գովելի»՝ ըստ հայոց առածանու:
Այդ միտքը, այսինքն՝ որ ամեն ինչ լավ է, եթե լավ է ավարտվում, կրկնվում է լատիներեն («Finis coronat opus»), գերմաներեն («Ende gut, alles gut»), իտալերեն («Tutto Ռ bene quel che finisce bene»), անգլերեն («All is well that ends well»), իսպաներեն («El fin corona la obra») եւ ռուսերեն («Все хорошо, что хорошо кончается»):
Իսկ գործը մինչեւ վերջ հասցնելու կարեւորագույն ենթակայական պայմանը գործն անողի լիարժեք պատրաստակամությունն է, հնարավոր դժվարությունները եւ տարատեսակ խոչընդոտները հաղթահարելու ցանկությունը: Ասվածը հրաշալի ամրագրված է հայերեն «Կամենալ՝ կես ընելն է» ասացվածքի մեջ:
Նույնն ասում են ֆրանսերենը («Vouloir, c’est pouvoir») եւ իսպաներենը («Querer es poder»):
Գերմաներեն ասացվածքը նույնպես կարեւորում է գործ անողի ցանկության վճռորոշ դերը՝ կամքը գործի հոգին է («Der Wille ist des Werkes Seele»):
Անգլերենն է շեշտում, թե երբ կամք լինի, միջոցը կգտնվի («Where there՚s a will there՚s a way»):
Այս վերջին ասացվածքի տարբերակը հանդիպում է հայ գրականության մեջ. ««Կամենալը՝ կարենալ է»՝ հակիրճ ձեւակերպմամբ է կասեցնում Գեւորգ Մարզպետունին կաթողիկոսի վարանումները, հորդորում վճռականորեն գործել» (Մուրացան, «Գեւորգ Մարզպետունի»):
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ