Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը պարտություն կրեց Օլիմպիական խաղերի մեկնարկում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարի 73 կգ քաշային կարգի մեկնարկային գոտեմարտում Կարապետյանը մրցեց Ղազախաստանի ներակացուցչի` Ժանսայ Սմագուլովի հետ եւ պարտվելով որակավորման փուլում` դուրս մնալով հետագա պայքարից:
Հուլիսի 26-ին Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից 52 կգ Կորյուն Սողոմոնյանը կփորձի պայքարել մեդալների համար: Բռնցքամարտիկների մրցաշարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 06:00-ին, Սողոմոնյանը կսկսի պայքարը Երեւանի ժամանակով 12:15-ին:
Հուլիսի 27-ին ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգի B ենթախմբում իր ուժերը կչափի Իզաբելլա Յայլյանը: Նույն օրը տղամարդկանց 100 մետր ազատ ոճում կմեկնարկի նաեւ լողորդ Արթուր Բարսեղյանը: Այս մրցումը կսկսվի Երեւանի ժամանակով 14:00-ից:
Հուլիսի 28-ը լողորդ Վարսենիկ Մանուչարյանի մրցման օրն է: Նա ուժերը կչափի 50 մետր ազատ ոճում: Մրցումը կմեկնարկի 14:00-ին:
Հուլիսի 29-ին 75 կգ քաշային կարգում բռնցքամարտիկ Արման Դարչինյանը կփորձի դուրս գալ հաջորդ փուլ:
Հուլիսի 30-ին երկրորդ մեկնարկը կունենա լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մետր, ազատ ոճ): Պայքարը կսկսվի 14:00-ից:
Հուլիսի 31-ին բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը իր երկրորդ մենամարտը կանցկացնի: Այն կմեկնարկի Երեւանի ժամանակով առավոտյան 07:36-ին:
Օգոստոսի 1-ից պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբիշները: 60 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից պայքարի մեջ մտնում է Արմեն Մելիքյանը: Գոտեմարտերը մեկնարկում են 06:00-ից:
Օգոստոսի 2-ին ըմբիշներ Կարապետ Չալյանը եւ Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում կսկսեն պայքարը մեդալների համար: Գոտեմարտերի սկիզբը 06:30-ն է: Եզրափակիչ դուրս գալու դեպքում գոտեմարտերը կկայանա օգոստոսի 3-ին:
Օգոստոսի 2-ին կլինի նաեւ մարմնամարզության հենացատկերի եզրափակիչը, որտեղ հանդես կգա Արթուր Դավթյանը:
Օգոստոսի 3-ին աթլետ Լեւոն Աղասյանը կմեկնարկի եռացատկում, իսկ ըմբիշ Կարեն Ասլանյանը 67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից կսկսի պայքարը: Նույն օրը Երեւանի ժամանակով 14:50-ից սկսած Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար կպայքարի Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ):
Օգոստոսի 4-ին ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից սկսում է պայքարը: Գոտեմարտերը մեկնարկում են Երեւանի ժամանակով 11:30-ին: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 5-ին:
Օգոստոսի 6-ին Հայաստանի օլիմպիական թիմի վերջին մեկնարկը կլինի: 65 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից սկսած մեդալների համար կպայքարի Վազգեն Թեւանյանը: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 7-ին: