Գաղտնիք չէ, որ տարվա մեջ կարող են լինել օրեր, որոնք այս կամ այն պատճառով հիշվում են, ավելին՝ դրանց մեծ կարևորություն է տրվում։ Ես իմ լրագրողական կյանքում քիչ չեմ անդրադարձել մարզական թեմային. մի քանի տարի եղել եմ «Արմենպրեսի» մարզական մեկնաբանը, հեղինակել եմ «Փառքի ճամփաներին» ստվարածավալ գիրքը, որը, ցավոք, ավելի քան երեսուն տարի սպասում է իր հրատարակչին։ Այդ գրքում մի քանի տասնյակ հայազգի մարզիկների մասին ակնարկներ ու մանրապատումներ են ամփոփված, որոնք ժամանակին հրապարակվել են սփյուռքահայ մամուլի էջերում։
Այս նյութը գրելու համար առիթ ծառայեց արխիվիս մեկ-մեկ անդրադառնալու, երբեմն-երբեմն արխիվս «քրքրելու» սովորությունս։ Մի անգամ այդ գրքի՝ ծանրամարտին նվիրված գլխի նյութերը կարդալիս, հետաքրքիր զուգադիպության հանդիպեցի։ Պարզվում է, որ հուլիսի 26-ը որոշակի առնչություն ունի հայազգի երեք ծանրամարտիկների, այն էլ օլիմպիական չեմպիոնների հետ։ Դրանք են Ռաֆայել Չմշկյանը, Յուրի Վարդանյանը և Նորայր Նուրիկյանը։ Ռաֆայել Չմշկյանը թիֆլիսեցի է, Յուրա Վարդանյանը՝ գյումրեցի, Նորայր Նուրիկյանը ներկայացնում է Բուլղարիան։
… 1952 թվականի ամառ։ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի են ունենում ամառային 15-րդ օլիմպիական խաղերը։ Խորհրդային Միությունն առաջին անգամ էր իրավունք ստացել մասնակցելու համաշխարհային սպորտի նման ստուգատեսի։ Երկրի հավաքականում ընդգրկված մարզիկներն ընկալվում էին որպես ազգային հերոսներ։ Նրանց թվում էր նաև թբիլիսցի ծանրորդ, դինամոյական Ռաֆայել Չմշկյանը։ Հենց նրանից էլ կսկսենք «հուլիսի 26» առեղծվածի բացահայտումը։
Հելսինկիի «Մեսուհալի» մարզապալատում, որտեղ երկու օր առաջ մրցում էին մարմնամարզիկները, մրցասպարեզ են ելել ծանրորդները։ Կիսաթեթև քաշում խորհրդային մարզիչները հայտավորել էին երկու մարզիկի՝ ստալինգրադցի Նիկոլայ Սաքսոնովին և թբիլիսցի Ռաֆայել Չմշկյանին։ Նրանք համոզված էին, որ այդ մարզիկները կգրավեն առաջին երկու տեղերը և ԽՍՀՄ հավաքականին կբերեն ութ միավոր։ Այդպես էլ եղավ, բայց…
Ես միտումնավոր բաց եմ թողնում խորհրդային մարզիկների միջև ծավալված թեժ պայքարի մանրամասները, պարզապես կխոսեմ վճռորոշ՝ հրում վարժության մասին։ Առաջին երկու մրցաձևերից հետո (սեղմում և պոկում) խորհրդային մարզիկները զգալիորեն առաջ էին անցել բոլոր մրցակիցներից, և չեմպիոնի ոսկե մեդալը վիճարկում էին նրանք։ Երկամարտում Չմշկյանի արդյունքն էր 202,5 կիլոգրամ, իսկ Սաքսոնովինը՝ 200 կգ։ Ամեն ինչ պետք է որոշեր հրում վարժությունը։ Իսկ այստեղ ֆավորիտը Սաքսոնովն էր, որի անձնական քաշը մրցակցի քաշից պակաս էր։ Իսկ դա արդեն մեծ առավելություն է տալիս։ Բացի դրանից, նրան էր պատկանում հրում վարժության աշխարհի ռեկորդը՝ 137, 5 կգ։ Մրցահարթակում մնացել էին Չմշկյանն ու Սաքսոնովը։ Մյուսներն արդեն ավարտել էին իրենց ելույթները և գնացել… քնելու։ Չմոռանանք ասել, որ մրցումները սկսվել էին երեկոյան ժամը 20-ին։
Չմշկյանը, թեև երիտասարդ էր՝ ընդամենը 23 տարեկան, բայց մրցումների բավականին փորձ ուներ։ Նա հասցրել էր երկու անգամ դառնալ Խորհրդային Միության, մեկ անգամ էլ Եվրոպայի չեմպիոն։ Նա մրցակցին մղում է տակտիկական պայքարի։ Նա առաջին մոտեցման համար պատվիրում է 130 կգ։ Բարձրացնում է և կրկնում եգիպտացի Մահմուդ Ֆայադին պատկանող եռամարտի համաշխարհային ռեկորդը, որը հավասար էր 332,5 կգ։ Սաքսոնովը պատվիրում է 132,5 կգ: Նա էլ է բարձրացնում ծանրաձողը։ Հետևելով իր իսկ ընտրած տակտիկային՝ Չմշկյանը բաց է թողնում այդ քաշը և պատվիրում 135 կգ ։ Հաջողության դեպքում նա 5 կգ-ով կգերազանցեր Ֆայադին պատկանող եռամարտի համաշխարհային ռեկորդը։ Չմշկյանը հրում է այդ քաշը, բայց չի կարողանում ֆիքսել այն։ Նրա հաջորդ մոտեցումը հաջող էր։ Չմշկյանը սահմանում է համաշխարհային նոր ռեկորդ՝ 5 կգ-ով գերազանցելով եգիպտացի մարզիկի ռեկորդը՝ 337, 5 կգ։ Բայց հաղթանակ տոնելը դեռ վաղ էր։ Սաքսոնովը ստիպված պատվիրում է իրեն իսկ պատկանող համաշխարհային ռեկորդին համարժեք քաշ։ Նա դեռևս երկու մոտեցում ուներ։ Բայց… փորձառու մարզիկը ձախողում է այդ երկու մոտեցումները և բավարարվում է 332,5 կգ-ով։
Ռաֆայել Չմշկյանը հուլիսի 26-ի գիշերվա ժամը 3-ին հաղթեց և դարձավ օլիմպիական չեմպիոնի կոչում նվաճած երկրորդ հայազգի մարզիկը։ Երկու օր առաջ նույն մարզադահլիճում չեմպիոնի ոսկե մեդալ էր նվաճել մարմնամարզիկ Հրանտ Շահինյանը։
Ահա «հուլիսի 26» ամսաթվի առաջին դրվագը։ Անցնենք երկրորդին։
… Մոսկվա, 1980 թվականի հուլիսի 26։ «Օլիմպիյսկի» հոյակերտ մարզապալատում, որ տեղավորում էր 10 հազար մարդուց ավելի, տեղի են ունենում օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումները: Այդ օրը հերթական անգամ աշխարհին զարմացրեց մեր հայրենակից Յուրի Վարդանյանը։ Նա ոչ միայն նվաճեց օլիմպիական չեմպիոնի ոսկե մեդալը, այլև սահմանեց աշխարհի ֆենոմենալ ռեկորդ՝ երկամարտում հավաքելով 400 կիլոգրամ։ Հենց այդ ցուցանիշը սահմանելիս նա մի երեկոյի ընթացքում հինգ անգամ բարելավեց համաշխարհային ռեկորդները։
Սիրելի ընթերցող, դուք, երբևէ լսած կա՞ք, որ մեկ ծանրորդ մի երեկոյի ընթացքում հինգ անգամ բարելավի համաշխարհային ռեկորդը։ Դա կարող է անել միայն ֆենոմենալ ծանրորդը։ Մեր Յուրի Վարդանյանն հենց այդպիսի մարզիկ էր։ Մոսկվայի օլիմպիադայում չեմպիոնի ոսկե մեդալը «կռելիս» Յուրիկը հենց այդ էր անում։ Ասենք, որ Վարդանյանի կենսագրության մեջ դա եզակի երևույթ չէր։ Դրանից մեկ տարի առաջ, ԽՍՀՄ ժողովուրդների 7-րդ սպարտակիադայի չեմպիոնի ոսկե մեդալն ու հինգ համաշխարհային ռեկորդները նույնպես Յուրի Վարդանյանինն էին, ինչի շնորհիվ Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ տեղը։
Ինչ վերաբերում է միջին քաշայինների «400-ականների ակումբ» ստեղծելուն, ապա կասենք, որ այդ գաղափարը Յուրի Վարդանյանը բարձրաձայնել էր տակավին այն ժամանակ, երբ երկամարտում համաշխարհային ռեկորդը հավասար էր 365 կիլոգրամի։ Նա պատրաստվում էր համաշխարհային ռեկորդը բարելավել 35 կիլոգրամով։ Շատերը դա համարեցին պարծենկոտություն, կամ ինչպես հայը կասեր՝ «լենինականցու լոպազություն»։ Բայց Յուրին, ով, իրոք, լենինականցի էր, չափազանց հեռու էր «լոպազ» լինելուց։ Նա իր խոսքի տերն էր։ Դրան վկա՝ ծանրաձողն ու հարթակը։
Յուրի Վարդանյանի մասին շատ է գրվել, ուստի կսահմանափակվենք նրա մարզական նվաճումները թվարկելով։ Նա երիտասարդական և մեծահասակների մրցումներում 9 անգամ եղել է աշխարհի չեմպիոն (ընդ որում՝ 7 անգամ մեծահասակների շրջանում),
8 անգամ Եվրոպայի չեմպիոն, 43 անգամ սահմանել է համաշխարհային ռեկորդ, 1 անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն։ Ահա, այստեղ է, որ ուզում եմ մի փոքր ավելին ասել։
Ինչ վերաբերում է օլիմպիական չեմպիոնությանը, ապա մարզասերները Յուրիին համարում են օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, թեև նա այդ տիտղոսը պաշտոնապես նվաճել է ընդամենը մեկ անգամ։ Ինչո՞ւ, ասեմ…
1976 թվականին Յուրի Վարդանյանը մեծ առավելությամբ նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչումը և ընդգրկվեց ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում։ Այդ տարի Մոնրեալում տեղի էին ունենալու հերթական օլիմպիական խաղերը։ Հավաքականի մարզիչները ռիսկ չարեցին քսանամյա Յուրիին տանել օլիմպիական խաղերի, իսկ Բուլղարիայի մարզիչները ռիսկի դիմեցին և Մոնրեալ տարան Յուրիի հասակակից Յորդան Միտկովին։ Միակ սփոփանքն այն էր, որ ԽՍՀՄ հավաքականի կազմում նույն քաշային կարգում հանդես էր գալու լենինականցի Վարդան Միլիտոսյանը։ Բայց դա փոքր սփոփանք էր։ Վիրավորված Յուրին և նրա մարզիչը՝ Սերգեյ Վարդանյանը, որ Յուրիի հորեղբայրն էր, Լենինականում կազմակերպեցին «մինի Մոնրեալ»։ Նույն այն օրը, երբ Կանադայում մրցահարթակ էին դուրս եկել միջին քաշային մարզիկները, նույնն արեցին նաև Յուրի և Սերգեյ Վարդանյանները։ Այդ օրը Լենինականում ծանրամարտի յուրօրինակ տոն էր։ Ես չգիտեմ այդ օրը Լենինականո՞ւմ էր շատ մարդ հավաքլվել, թե Մոնրեալում։ Սիրելի ընթերցող, երևի ձեզ կհետաքրքրի այդ անդրօվկիանոսյան մրցության արդյունքը։ Սիրով և հպարտությամբ կպատասխանեմ։ Մոնրեալում օլիմպիական չեմպիոն հռչակված բուլղարացի ծանրորդ Յորդան Միտկովը, որը մեկ տարի առաջ երիտասարդական առաջնությունում տանուլ էր տվել Յուրիին, եռամարտի արդյունքում հավաքել էր 335 կգ։ Երկրորդ տեղը զբաղեցրել էր Վարդան Միլիտոսյանը, որը եռամարտում հավաքել էր 330 կգ։ Իսկ Յուրին «մինի Մոնրեալում» ցույց տվեց չափազանց «համեստ» արդյունք՝ 342,5 կգ, ինչը օլիմպիական չեմպիոնի արդյունքը գերազանցում էր 7,5 կիլոգրամով, իսկ ԽՍՀՄ-ը ներկայացնող, արծաթե մեդալի արժանացած Վարդան Միլիտոսյանի արդյունքը՝ 12,5 կիլոգրամով։
Ահա այսպես, մարզիչների (կամ մարզական չինովնիկների) անհեռատեսության կամ վախկոտության պատճառով Յուրի Վարդանյանը տակավին քսան տարեկանում զրկվեց օլիմպիական չեմպիոնի կոչումը վիճարկելու հնարավորությունից։
Եթե 1976 թվականին Յուրիին չտարան Մոնրեալի օլիմպիադա, ապա 1984 թվականին նա Լոս Անջելես չմեկնեց քաղաքական նկատառումներով, քանզի սոցիալիստական երկրները բոյկոտել էին այդ Օլիմպիական խաղերը, ինչպես դա Մոսկովյան օլիմպիադայի դեպքում արել էին արևմտյան երկրները։ Եվ այս պարագայում Լոս Անջելեսում 82,5 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն հռչակվեց ռումինացի մարզիկ Պետեր Բեկերուն, որի ցույց տված արդյունքը՝ 355 կգ պարզապես ծիծաղելի էր Յուրի Վարդանյանի համաշխարհային ռեկորդի համեմատությամբ։ Յուրիին հերթական անգամ զրկեցին օլիմպիական չեմպիոնի կոչումը վիճարկելու հնարավորությունից։ Նշանակություն չունի, թե ո՞վ և ինչ պարագայում է դա արել։ Կարևորը արդյունքն է…
Այս էլ «հուլիս 26» երկրորդը։
Հաջորդը բուլղարահայ ծանրորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն, Բուլղարիայի ազգային հերոս Նորայր Նուրիկյանի մարզական կենսագրությունից է:
Եթե Չմշկյանի և Վարդանյանի դեպքում խոսքը նրանց՝ օլիմպիական չեմպիոն դառնալու մասին էր, ապա Նուրիկյանի պարագայում հեղինակն ի նկատի ունի այդ ծանրորդի ծննդյան հանգամանքը։ Իսկ դա, ինչպես կռահեցիք, հուլիսի 26-ն էր։ 1948 թվականի: Այո, հենց այդ օրը Կիլիկիայի Ադանա քաղաքից, ջարդերից մազապուրծ հացթուխ Արամի ընտանիքում ծնվում է արու զավակ՝ Նորայրը, ով քսան տարի հետո փառք էր բերելու ոչ միայն իր ծնողներին ու հարազատներին, այլև ողջ Բուլղարիային, իր հարազատ Սլիվեն քաղաքի բնակիչներին։
Բուլղարահայ աշխարհահռչակ այդ մարզիկին հիշում եմ Մյունխենի օլիմպիադայից, որտեղ նա առաջին անգամ նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը, ընդ որում այդ ոսկե մեդալը նրան բաժին ընկավ խորհրդային ուժեղ ծանրորդ Դիտո Շանիձեի հետ համառ պայքարում։ Ընդամենը երկու ամիս առաջ նա Եվրոպայի առաջնությունում տանուլ էր տվել Շանիձեին, որն այդ տարի արտակարգ մարզավիճակում էր և իրավամբ հավակնում էր օլիմպիադայի չեմպիոնի ոսկե մեդալին։ Նույն ակնկալիքն ունեին նաև Խորհրդային Միության հավաքականի մարզիչները։ Բայց սպորտը մնում է սպորտ՝ ընդ որում անակնկալներով լի և կանխատեսումներ չի սիրում։
Այնպես էր ստացվել, որ միջազգային ամենատարբեր մակարդակի մրցումներում թիմային առաջնության համար հիմնական պայքարը գնում էր Խորհրդային Միության, Բուլղարիայի և ԱՄՆ-ի հավաքականների միջև։ Բացառություն չէր նաև Մյունխենի օլիմպիադան։
– 1972 թվականին Մյունխենի օլիմպիադայում ես դարձա բուլղարացի առաջին ծանրորդը, որին հաջողվեց կանգնել հաղթողի պատվանդանի ամենաբարձր աստիճանին,- պատմում է Նորայր Նուրիկյանը։ -Երբ իմ պատվին բարձրացվեց Բուլղարիայի ազգային դրոշը, և հնչեց իմ երկրի պետական հիմնը, ես չկարողացա զսպել ինձ։ Արցունքները չէին թաքցնում նաև իմ մարզիչ Իվան Աբաջիևը, իմ թիմակից ընկերները։ Այդ օրը Սլիվենում հացթուխ Արամի տան դուռը չէր փակվում։ Գալիս էին ծանոթ ու անծանոթ։ Շնորհավորում էին ծնողներիս, մյուս հարազատներիս։ Մյունխենում Բուլղարիայի դրոշի բարձրացման և օրհներգի կատարման արարողությանը նախորդել էր թեժ պայքար խորհրդային գերուժեղ մարզիկ Դիտո Շանիձեի և իմ միջև։ Ավանդության համաձայն օլիմպիական տարում Եվրոպայի առաջնությունն անցկացվում է օլիմպիադայից երկու ամիս շուտ, ինչը դառնում է ուժերի յուրահատուկ փորձարկում։ Այդ առաջնությունում ես տանուլ էի տվել Դիտո Շանիձեին, որը Մյունխենում արդեն իսկ հոգեբանական առավելություն ուներ իմ նկատմամբ։ Դրա վկայությունը նրա ցույց տված արդյունքն էր՝ 400 կգ։ Ես նրանից ետ էի մնում 2,5 կգ-ով։ Վերջին մոտեցումն իմն էր։ Աբաջիևը ինձ մարտի էր մղում և անընդհատ կրկնում. «Նորայր, այսօր կամ՝ երբեք։ Դու պետք է հաղթես…»: Եվ ես, պատկերացնո՞ւմ եք, արեցի անհնարինը։ Եռամարտում հավաքեցի 402,5 կիլոգրամ։ 1976 թվականը օլիմպիական տարի էր։ Այդ տարի Եվրոպայի ուժեղագույն ծանրորդները հավաքվեցին Բեռլինում։ Ես շատ էի սպասում այդ առաջնությանը։ Բանն այն էր, որ Մյունխենից հետո ինձ անընդհատ անհաջողություններ էին հետապնդում։ Բեռլինում ինձ վերջապես հաջողվեց ընդհատել այդ ձախողումների շարանը։ Ես դարձա մայրցամաքի չեմպիոն 56 կգ քաշային կարգում, կոչում, որ մինչ այդ չէի նվաճել… Հիշում եմ, այդ նույն առաջնությունում ոսկե մեդալի արժանացավ նաև լենինականցի ծանրորդ Վարդան Միլիտոսյանը։ Մենք հանդես էինք գալիս տարբեր թիմերում, ավելին՝ մրցակից թիմերում։ Բայց դա չխանգարեց մեզ սրտանց շնորհավորել միմյանց։ Մեր թիմակիցներն ու մարզիչերը հասկանում ու ներում էին մեզ. Ճակատագրի բերումով երկու հայրենակիցները դարձել էին մրցակիցներ։ Դա մրցահարթակում, բայց չէ՞ որ մրցահարթակից դուրս կա նաև ուրիշ կյանք։ Մի խոսքով, այնտեղ՝ Բեռլինում ես և Վարդանը բավականին մտերմացանք։ Նույնիսկ Գյումրվա բարբառով մի քանի նախադասություն սովորեցի։ Մոնրեալում ես երկրորդ անգամ մասնակցեցի օլիմպիական խաղերին։ Այն ժամանակ արդեն 28 տարեկան էի, հաստատ որոշել էի թողնել մրցասպարեզը։ Բայց ուզում էի գեղեցիկ հեռանալ, հաղթանակած։ Հուրախություն իմ հազարավոր երկրպագուների, այդ թվում նաև՝ հայաստանաբնակ, ես երկրորդ անգամ անընդմեջ նվաճեցի օլիմպիական չեմպիոնի կոչումը։ Ես ստացա ևս մեկ ոսկե մեդալ։ Հայրենիքում ինձ սպասում էր Բուլղարիայի հերոսի ոսկե աստղը։ Այդպես բարձր գնահատեց մեր երկրի կառավարությունը իմ համեստ ներդրումը բուլղարական սպորտի զարգացման գործում։
-Նորայր, Դուք եղել եք աշխարհի տասնյակ երկրներում, արդյոք հանդիպե՞լ եք հայերի…
-Այո, ես եղել եմ շատ երկրներում։ Եվ ամենուր փնտրել եմ հայի։ Փնտրել եմ ու գտել, գտել եմ և ուրախացել, նաև տխրել։ Այո, տխրել։ Ես շատ բան կտայի, որպեսզի Սփյուռք հասկացությունը չլիներ։ Մենք՝ հայերս ունենք մեկ հայրենիք։ Դա Հայաստանն է:
… Ահա և երրորդ առեղծվածային «հուլիսի 26»-ը…