100-ամյակը ցանկացած գրադարանի համար միշտ էլ առիթ է ուրախանալու, իսկ Էջմիածնի կենտրոնական գրադարանի 100-ամյակին անդրադառնալու եւ նրա անցած ուղին գնահատելու համար՝ լավագույն առիթ է:
Գրադարանի ստեղծման պատմությունը կապված է հայ նոր քնարերգության հիմնադիրներից մեկի՝ մանկավարժ եւ մշակութային-հասարակական գործիչ Հովհաննես Մկրտչի Հովհաննիսյանի (1864-1929) անվան հետ: Հովհ. Հովհաննիսյանը սովորել եւ ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետը (1884-1888): Լինելով ճանաչված բանաստեղծ՝ նա ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ Խորհրդային Հայաստանի կուլտուրական շինարարության գործին: 1921 թ. եղել է Վաղարշապատի գավառի ժողովրդական լուսավորության բաժնի վարիչը, իսկ 1922-ին աշխատել է ՀԽՍՀ ժողկոմխորհի օրենսդրական հանձնաժողովում: Նրա գործունեության ընթացքում միակ ղեկավարը, իր իսկ խոսքերով ասած, «եղել է խղճի թելադրությունը եւ պարտաճանաչության խորարմատ զգացումը»:
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հովհաննես Հովհաննիսյանը նպատակ է ունեցել Վաղարշապատում հիմնել գրադարան-ընթերցարան, որի աշխատանքների կազմակերպման համար եւ համաձայն 1921 թ. մայիսի №129 գրության՝ վարիչ է նշանակում Գայանե Հարությունյանին: Գրության մեջ նշված է. «Նշանակելով Ձեզ սույն մայիսի 1-ից Վաղարշապատի գրադարան-ընթերցարանի վարիչ՝ խնդրում եմ ամենակարճ ժամանակում կարգի բերել ընթերցանության բոլոր գրքերը, հայտնել բաժնիս, թե քանի՛ հատոր եւ ի՛նչ բովանդակությամբ գրքեր կան գրադարանում եւ հայտարարել ի գիտություն հասարակության, որ բոլոր ցանկացողները կարող են ձրիաբար օգտվել այնտեղ եղած գրքերից…»: Համաձայն 1921 թ. հունիսի 22-ի №144 գրության՝ Էջմիածնի գավառի ժողովրդական լուսավորության բաժնի կողմից Վաղարշապատի հասարակական գրադարանին է հատկացվել Սեթ Հարությունյանի (Գայանե Հարությունյանի հայրը) բնակարանից (Իգդիրի խճուղու վրա) երկու սենյակ: Անհրաժեշտ է նշել, որ ժամանակին գրադարանի ֆոնդը (ԳՖ) կազմել է 2405 միավոր հայալեզու ու ռուսալեզու գրականություն եւ որպես հասարակական տեսակի առաջին պետական գրադարան Վաղարշապատում, սկսել է գործել 1921 թ. հուլիսի 3-ից: Գրադարանի զարգացման ընթացքը եւ նպատակաուղղվածությունը հիմք են տալիս ընդգծել Հովհ. Հովհաննիսյանի հայրենասիրական մղումների, հասարակության մշակութային մակարդակի բարձրացման ու դպրոցական կրթության զարգացման գործում գրքին, գրադարանին եւ ընթերցանությանը մեծ դեր ու նշանակություն տալու նրա հայացքների մասին:
1986 թ. Խորհրդային Հայաստանի գրադարանների շարքում արդեն լայն ճանաչում ստացած Էջմիածնի կենտրոնական գրադարանի 65-ամյակի առիթով լույս տեսած հայալեզու եւ ռուսալեզու ուղեցույց-ալբոմը վկայում է տասնամյակների ընթացքում գրադարանում ձեւավորված համալրման, մշակման, ֆոնդավորման, գրացուցակավորման, ընթերցանության եւ սպասարկման բաժինների ու գրադարանավարների աշխատանքային հաջողությունների մասին: Հրատարակության էջերում զետեղված լուսանկարներից պարզվում է նաեւ, որ գրադարանային աշխատողների եւ ընթերցողների հետ տարբեր տարիներին հանդիպումներ են ունեցել եւ զեկուցումներով հանդես եկել արվեստի ու գրականության բազմաթիվ ներկայացուցիչներ՝ Պարույր Սեւակը, Ռուբեն Զարյանը, Հովհաննես Շիրազը, Մետաքսյա Սիմոնյանը, Սերո Խանզադյանը, Վարդգես Պետրոսյանը եւ այլք: Նրանք մեծ կարեւորություն են տվել գրադարանի դերին ու գրադարանավարների աշխատանքներին, ինչպես նաեւ գրքի ընթերցանությանը՝ որպես գիտելիք ձեռք բերելու անփոխարինելի միջոցի, որոնց դերն ու նշանակությունը հետխորհրդային հասարակական կյանքում ավելի են աճում:
21-րդ դարասկզբին Հովհաննես Հովհաննիսյանի անվան Էջմիածնի քաղաքային գրադարանի գրքային ֆոնդը կազմել է 85.000 միավոր, ընթերցողների թիվը՝ 5.500, գրքատացքը (սպասարկվող գրականության քանակը)՝ 110.615 միավոր: Հստակ է, որ վիճակագրական այսպիսի տվյալներով ու վերընթաց զարգացումներով ընդլայնվել են գրադարանի գործառույթները՝ ապահովելով նրա՝ որպես սոցիալական ինստիտուտի կայունությունը: Գնահատելի են նաեւ ըստ ճյուղային գիտությունների գրականության՝ գրադարանային-մատենագիտական դասակարգումները, ինչպիսիք են՝ հասարակական-քաղաքական, բնագիտական, բժշկական, տեխնիկական, գյուղատնտեսական, բանասիրական, գիտական, գեղարվեստական, արվեստ եւ սպորտ: Իսկ 2019 թ. գրադարանի ֆոնդը կազմել է 241.081 միավոր բազմալեզու գրականություն, ընթերցողների թիվը՝ 11.384, գրքատացքը՝ 184.969 միավոր: Վիճակագրական նոր տվյալները վկայում են գրադարանի բազմակողմանի գործունեության եւ արդյունավետության բարձրացման, գրքային մշակույթի պահպանման, սոցիալ-հաղորդակցական կապերի զարգացման եւ ընթերցողական պահանջմունքների բավարարման մասին: Մեր դիտարկումներով՝ գրադարանի ֆոնդը համալրված է նաեւ հայալեզու եւ օտարալեզու հազվագյուտ գրքերով՝ տպագրված Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Մոսկվայում, Նյու Յորքում եւ այլուր:
Գրադարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանի խոսքերով՝ գրադարանային-տեղեկատվական գործընթացներում ներառվել են համակարգչային-տեխնոլոգիական նոր միջոցներ, իսկ գրադարանի կազմակերպամեթոդական աշխատանքներում լայն նշանակություն են ստացել տարատեսակ միջոցառումների անցկացումն ու գրականության ցուցադրությունները:
Գրադարանի ֆոնդում եւ հայ գրքի պատմության մեջ, անշուշտ, յուրահատուկ տեղ են զբաղեցնում Հովհաննես Հովհաննիսյանի ստեղծագործությունները: Ի դեպ, բանաստեղծի ծննդյան 80-ամյակի առթիվ 1944 թ. գրված հոդվածում Դերենիկ Դեմիրճյանը նշել է. «Հովհաննիսյանին կարդալով զգում ես Արարատյան դաշտի հողն ու ժողովուրդը. ինչպես եւ պատմությունը… Հովհաննես Հովհաննիսյանի ուժը նրանում է, որ նա չի հանձնվել գրականության պատմության՝ իբրեւ անցյալ… Նա կմնա ու կապրի իբրեւ մեծ բանաստեղծ՝ իբրեւ մշտադալար ծառ Արարատյան դաշտում»: Պետք է ավելացնել, որ Հովհաննես Հովհաննիսյանը ապրում է նաեւ իր անունը կրող ներկայիս գրադարանով, գրադարանավարների ու գրադարանից օգտվողների հիշողությունների մեջ, ինչպես նաեւ 1948-ից Էջմիածնում գործող նրա տուն-թանգարանով, որտեղ երկար տարիներ ապրել ու ստեղծագործել է բանաստեղծը:
Այսպիսով՝ Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան քաղաքային գրադարանը 100 տարեկան է, որը բովանդակային հարուստ գործունեությամբ եւ ակնառու ցուցանիշներով, զարգացման առանձնահատկություններով ու ռազմավարությամբ սերունդների միջեւ մշտապես եղել է կամուրջ: Պատմական եւ գրադարանային-տեղեկատվական աղբյուրների վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ ժամանակակից հասարակության ինֆորմատացման գործում ներկա գրադարանը ցուցաբերում է տեղեկատվահաղորդակցական կենդանի կապ՝ լինելով մշակութային քաղաքականության, կրթադաստիարակչական, սպասարկման եւ տեխնոլոգիական գործընթացների շարժիչ ուժերից մեկը: Այդ տեսանկյուններից էլ անգնահատելի է դարակազմիկ գրադարանի տեղն ու պատմահասարակական դերը հայկական գրադարանների համակարգում՝ Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում:
Գագիկ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ՀՊՄՀ պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր