«Ինձ թվում է` հայոց լեզվին տիրապետելը երջանկություն է, որովհետեւ մեր լեզուն յուրահատուկ ու տարբերվող լեզու է»:
Վիկտոր Համբարձումյան
Մեզանից, երեւի, ամենաբախտավորը Վիկտոր Համբարձումյանն էր, որ ոչ միայն գտավ իր բախտի աստղը, այլեւ իրենով արեց աստղազարդ երկինքը, ուսումնասիրեց, բացահայտեց ու հաղորդ եղավ տիեզերքի գաղտնիքներին` մոտեցնելով երկրի ու երկնքի միջեւ ահռելի տարածությունը` երեւակայությունը վերածելով իրապատում հեքիաթի… Երբեմն, երբ սարերում երկնքի աստղազարդ թաշկինակն, ասես հպվում է մեր ճակատին, թվում է` ձեռք մեկնենք, վար կբերենք այն, ինչը նույնքան անհավանական է, որքան ծովի թանձր ջրերի վրա քայլելու գայթակղությունն իրագործելը… Սակայն կան մարդիկ, որ երազանքներն ու երեւակայությունը չեն բաժանում իրականությունից եւ հաջողությամբ նյութականացնում են դրանք, քանզի հավատում են, որ առանց երազանքների ու երեւակայության անհնար է իրականացնել մտքի թռիչքները։ Այդպես էլ Վիկտոր Համբարձումյանն էր վստահ, որ «առանց երեւակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանն առանց աստղադիտակի»: Նրան գրավում էին անսահմանությունները` տիեզերքի, հոգու, մտքի, արարչագործության, որոնց ուզում էր հպվել, մոտեցնել, շոշափել, մատուցել…
Աշխարհահռչակ գիտնականը, որ նրանցից մեկն էր, ով հայ ժողովրդի անունը հայտնի արեց աշխարհին, միանգամայն համոզված էր, որ ժողովրդի ամենամեծ ու անփոխարինելի հարստությունը մայրենի լեզուն է, այն գենետիկ ժառանգությունը, որ կտակվել է սերնդեսերունդ եւ հասել մեր օրերը, մեզ, ու նա էլ` իր հերթին բացահայտելով աստղերի ծագումնաբանությունը, լինելով աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը, նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ, իր սերունդներին կտակում է մայրենի լեզուն, եւ սա վերացական ցանկություն չէր, այլ մահվանից երկու տարի առաջ` 1994 թ. օգոստոսի 29-ին կազմած վավերագիր. «Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ:
29.08.1994»:
Իսկ լեզուն կազմակերպվում, կոփվում է գրականության մեջ` ներառելով ազգային մշակույթն ու սովորույթները, բնավորությունը եւ ըստ այդմ` դաստիարակում կամքն ու կրթում, համակարգում միտքը, ճկում ներաշխարհի դրսեւորման արտահայտչակերպերը, ի հայտ բերում մարդու ներուժը։ Գրականության դերի մասին աշխարհահռչակ գիտնականը լավագույնս հասկացավ, երբ փոքր ժամանակ` հոր ձեռքից բռնած, այցելեց Թումանյանին ու արտասանեց նրա բանաստեղծություններից մեկը, որի համար արժանացավ մեծ գրողի համբույրին: Մանկության գեղեցիկ հուշը նրան ուղեկցեց ողջ կյանքում. «Վաթսուն տարի է անցել այդ օրից, բայց ես դեռ ճակատիս զգում եմ Թումանյանի համբույրը: Այդ համբույրն այն ժամանակ ինձ ոգեշնչեց, որ ես ձգտեմ հասկանալու անհասկանալին, հասնեմ անհասանելիին: Ես սկսեցի շատ կարդալ, ամուր կապվեցի գրականությանը: Իսկ հետագայում համոզվեցի, որ տիեզերքի ճանապարհն անցնում է բանաստեղծության միջով»։ Տղային մի անգամ էլ վիճակվեց հանդիպել Թումանյանին, երբ դեռ 15-17-ամյա պատանի` դասախոսություններ էր կարդում Էյնշտեյնի հարաբերականության տեսության, տիեզերքի, Արեգակնային համակարգի մասին, խոսում այնպիսի բաներից, որ հիացմունքով ու զարմանքով էին լսում անգամ համալսարանի ուսանողներն ու դասախոսները։ Այդպիսի մի դասախոսության ներկա լինելով՝ Թումանյանը մարգարեաբար գուշակում է պատանու խոստումնալից ապագան. «Էս մի մատ տղան մեծ մարդ է դառնալու»։
Դիպվա՞ծ էր, ճակատագի՞ր, բախտի բերմո՞ւնք, թե՞ երկնակամարից իջած մի ասուպ, որ լուսավորեց երկու հայ մեծերի ակնթարթային երկու հանդիպումը, երկու փայլուն ու չմարող աստղերի, հայրենիքի մեծ նվիրյալների… Ի՜նչ իմանաս` երկնակամարի ո՞ր աստղի կամքն էր կազմակերպել նրանց հանդիպումը, որ, թեեւ, անկախ դրանից, լինելու էր այն, ինչ եղավ, սակայն` ժամանակի ծիրը հատած նման հանդիպումները մարդու կյանքում թողնում են քաղցր հետագիծ, որ փարոսի պես դեպի իրենց լույսն են ձգում ապրողներիս ու պարտավորեցնում վառ պահել այդ լույսը, տեր կանգնել մեր մեծերից կտակված ժառանգությանը եւ սիրել ու պահպանել զավակի ու ծնողի նման` մեր լեզուն, գրականությունը, ազգային արժեքները, Տիեզերքին ուղղված մեր Աչքը` Բյուրականի աստղադիտարանը, որն այսօր նոր Համբարձումյանների ու պետության հոգածության կարիքն է զգում…