«Մենք պարտվել ենք։ Դասական երաժշտության մեջ մենք պարտվել ենք Արամ Խաչատրյանին, ժամանակակից երաժշտության մեջ՝ Միշել Լեգրանին, ջութակով՝ Սամվել Երվինյանին, դուդուկով՝ Ջիվան Գասպարյանին, ուդ գործիքով՝ Ջոն Բերբերյանին, էստրադայում՝ Շառլ Ազնավուրին, գրականությամբ՝ Վիլյամ Սարոյանին, գեղանկարով՝ Այվազովսկուն։ Կինոյում մենք պարտվել ենք Փարաջանովին, դերասանական արվեստում՝ Ջիգարխանյանին, մոդելային բիզնեսում՝ Քիմ Քարդաշյանին, գումար վաստակելու ունակությամբ՝ Քըրք Քըրքորյանին, բարեգործությամբ պարտվել ենք Ջերարդ Գաֆեսճյանին, կոնստրուկտորական գործում՝ Արտեմ Միկոյանին, աստղաֆիզիկայում՝ Վիկտոր Համբարձումյանին, վարսավիրական արվեստում՝ Մովսեսին, վարպետությամբ՝ Աշոտին, թթու դնելու մեջ պարտվել ենք Հայկանուշին»…
Վահիդ Գազի, ադրբեջանցի գրող
Այն, ինչ ասում է ադրբեջանցի գրողը, նաեւ մեր ականջին պիտի օղ անենք, քանզի աշխարհը սոսկ պատերազմի սեւ ու սպիտակ գույները չեն, այլ խաղաղության երփներանգությունը, որտեղ նույնպես հաղթանակի ու պարտության դրոշ է բարձրացվում, ինչն առավել մնայուն է ու երբեւէ ենթակա չէ պարտության ու խոնարհման, եւ այս առումով` մեր դրոշի փառքն անսասան է, քանզի վերը բերված օրինակները զուտ խորհրդանշական են եւ ոչ երբեք՝ սպառիչ… Այսօր մենք պարտվեցինք Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում, սակայն մեր պատմության ընթացքում կերտել ենք հաղթանակներ, որ չեն կարող պարտվել ոչ մի պատերազմում. այդ հաղթության դրոշը որեւէ մեկը չի կարող իջեցնել այն բարձունքից, որտեղ կանգնած է նա. մեր աչքը միշտ պետք է հառված լինի այդ հաղթության դրոշին, մեր ունկը պետք է ականջալուր լինի մեր նախնյաց ձայներին, մեր միտքը միշտ պետք է պայծառ լինի այն աստղի պես, որ ամպամած եղանակին համարձակվում է երեւալ երկնակամարից…
Վահիդ Գազիի վերոհիշյալ դիտարկումը, իհարկե, փաստում է հայ մտավորականության, հայ ներուժի ներդրումը ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային մտքի խոհանոցում, սակայն արժե սրան հավելել նաեւ այն ներդրումը, որ հայերն ունեցել են հենց Ադրբեջանի, մասնավորապես` նրա մայրաքաղաք Բաքվի կառուցման ու զարգացման գործում… Դարերով ապրելով այնտեղ՝ հայերն այն դարձրել են ոչ միայն հայ մշակույթի կենտրոն, այլեւ մասնակցել են քաղաքի տնտեսական, հասարակական եւ մշակութային կյանքին։ Բաքվի նավթահանքերի զգալի մասը պատկանում էր հայ նավթարդյունաբերողներին, որոնցից են Ալեքսանդր Մանթաշյանը, Ստեփան Լիանոզովը, Պավել (Պողոս) Ղուկասովը, Եսայի Փիթոեւը, Աբգար Ադամյանը եւ ուրիշներ։ Հայերը նշանակալի դեր են խաղացել նաեւ ձկնարդյունաբերության, ծխախոտագործության, գինեգործության բնագավառներում։ Բաքվի առաջին բանկերի հիմնադիրները նույնպես հայեր էին։ Չծավալվելով ու չխորանալով հայերի պատմական դերակատարության մեջ Ադրբեջանի զարգացման գործում, որն ինքնուրույնաբար կարող է ուսումնասիրել ցանկացած ընթերցող, այդ թվում նաեւ ադրբեջանցի, այնուամենայնիվ, անեմ մի շատ կարեւոր դիտարկում` հայերը երբեւէ եւ ոչ մի պարագայում չեն ավերել, չեն քանդել ու կործանել ոչ մի ադրբեջանական կամ այլազգի մշակութային որեւէ կոթող, որեւէ վնաս չեն հասցրել որեւէ մեկի, առավել եւս` երբեւէ կոտորած չեն կազմակերպել այնտեղ, որտեղ ապրել կամ չեն ապրել եւ միայն ողջ ուժով պաշտպանվել են, սակայն բոլորս լավ հիշում ենք 1990 թ. հունվարի 13-19-ը Բաքվում կազմակերպված հայերի ջարդերն ու արտաքսումը այնտեղից, որտեղ ծնվել, աշխատել ու ապրել էին հարյուր հազարավոր հայեր` իրենց պապենական գերեզմաններով։
Գուցե թե նախաբանս երկար եղավ` խոսելու համար նշանավոր մի հայի մասին, ում վիճակվել էր ծնվել Բաքվում` 1875 թ. փետրվարի 5-ին, Շուշիից այնտեղ տեղափոխված հայ գործարար, նավթարդյունաբերող, վերոհիշյալ Աբգար Ադամյանի ընտանիքում: Նորածնին անվանակոչեցին Հովհաննես, որի անունը, կարծում եմ, պիտի որ հայտնի լինի ինչպես Վահիդ Գազիին, այնպես էլ գոնե` ուսյալ ադրբեջանցիներին, եթե, իհարկե, երբեւէ հետաքրքրվել են կապույտ էկրանից գունավոր պատկերներով հեռարձակվող տեսարանների հեղինակով, մարդ, ով սեւ ու սպիտակի աշխարհը հարստացրեց բնության պարգեւած բազմերանգությամբ, որին ականատես լինելու հաճույքը օրն ի բուն վայելում են նաեւ ադրբեջանցիները, ու չեմ կարծում, թե երբեւէ նրանք կհրաժարվեն դրանից, ինչ է թե գյուտի հեղինակը հայ է, այն հայերից մեկը, ում ազգության հանդեպ դարերով թրքական հակաքարոզչություն է ծավալվում, անգամ այնպիսի մի ժամանակաշրջանում, որ ժամանակակից լեզվով հորջորջվում է ոչ ավելի, ոչ պակաս, քան «գլոբալիզացիա»։
Յուրաքանչյուր ազգ, թերեւս, ունի երազանք ու ապագայի տեսլական. ցավոք, մեր հարեւանների` թուրքադրբեջանական ցեղի երազանքը սոսկ ողջ հայությանը բնաջնջելն է երկրի երեսից, դրա հետ մեկտեղ` քրիստոնեության ոչնչացումն ու իսլամի` աշխարհով մեկ հաստատումը, ինչը որեւէ կերպ չի մտնում երազանքի տրամաբանության մեջ, իսկ մեզ` հայերիս համար գոյապահպանական խնդիրն այնքան ակտուալ է բոլոր ժամանակներում, որ, կարելի է ասել, մեզ զրկում է համազգային երազանքից՝ փոխարենը զարգացնելով յուրաքանչյուրիս անհատական երազանքը, որը, ի վերջո, իրականանալով, ծառայում է համամարդկային բարեկեցությանն ու բարօրությանը, որպիսին էր եւ Հովհաննես Ադամյանի երազանքը` կյանքը էկրանից տեսնել գույների ողջ բազմազանությամբ, որի գյուտն էլ, ի դեմս գունավոր հեռուստատեսության, նա արեց 1925 թ. Երեւանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում` իր պատրաստած եւ գործողության մեջ դրված «Հեռատես» եռագույն պատկերման սարքով։
Ճարտարագետ, գյուտարար, գունավոր հեռուստացույցի հայտնագործող, ավելի քան 20 հայտնագործությունների (հիմնականում հեռուստատեսության ու լուսահեռագրման ոլորտում) եւ լուսահեռագրման համակարգի հեղինակ Ադամյանին ֆրանսիացի հայտնի ֆիզիկոս, գիտնական ու դասախոս Ժակ Արսեն Դարսոնվալը կողմնակիորեն նախատում է Շիրվանզադեի ներկայությամբ` նրան համարելով «ծույլիկ» եւ Շիրվազադեին «պարտավորեցնում» նույնն անել` միաժամանակ բացատրելով. «Ձեր հայրենակիցն այնքան օժտված է, որ եթե չզլանա աշխատել, մի օր` Մարկոնիի նման, ինձ նոր դասախոսության նյութ պիտի տա»։ Հանդիպումից շատ չանցած, Հովհաննեսը լուսահեռագրության (ֆաքսիմիլեի) գյուտն արեց: Ըստ էության՝ նա ոչ այնքան «ծույլիկ» էր, որքան շատ էին նրանից սպասումները, իսկ Հովհաննեսի հետաքրքրությունները չէին սահմանափակվում մասնագիտական նեղ ոլորտում, եւ նա ժպիտով առարկում է հարգելի դասախոսին. «Ախր աշխարհը միայն սեւ ու սպիտակ չէ. այնքա՜ն գեղեցիկ գույներ կան»:
Իսկ այդ գույները նա տեսնում էր ոչ միայն կապույտ էկրանի գունավորումով, այլեւ շախմատի տախտակին, որի առջեւ շախմատային պարտիա էր խաղում Կապաբլանկայի հետ, ջութակի լարերից հնչող երաժշտության ելեւէջներում, երբ ճանաչված երաժիշտների հետ կատարում էր Բախի, Բեթհովենի, Շտրաուսի, Մոցարտի գործերը, դե, իսկ Փարիզում նրա կազմակերպած նկարների ցուցահանդեսներն ուղղակիորեն գունավոր աշխարհից էին: Նա այդ աշխարհից չէր կտրվում անգամ ընկեր-բարեկամների հետ հանդիպման, խոսքուզրույցի ժամանակ, ինչպես որ մի անգամ` Բեռլինի սրճարաններից մեկում, երբ նրա զրուցակիցներն էին Ավետիք Իսահակյանն ու Գարեգին Լեւոնյանը, նա սեղանի մարմարե երեսը այնպիսի գեղեցիկ ու նուրբ պատկերով է զարդարում, որ հիացած սրճարանատերն ապակիով ծածկում ու պահպանում է այն։ Այնպես որ, նրա հեքիաթային ծուլության մասին նախատինքը, հավանաբար, ինչ-որ տեղ նաեւ հաճոյախոսություն կարելի է համարել, այնքանով, որ մարդու ուղեղը, որքան էլ որ աշխատում է անդադար, չի կարող անվերջ աշխատել սոսկ մի ուղղությամբ եւ իր տեսակի հանգստի կարիք ունի, «ցրվելու» եւ նոր ուժով թափ առնելու կարիք…
Վերադառնալով նախաբանին՝ հավելեմ, որ երբ որեւէ հակահայ քարոզչություն է պտտվում աշխարհում, այդ քարոզիչները թող հարց տան իրենց` կոտորելով հայերին՝ պատրա՞ստ են հրաժարվել այն գյուտերի ամենօրյա վայելքներից, որ աշխարհում արել են հայերը ողջ մարդկության համար…