«Բարձրահասակ, նիհար, ջղուտ ու ոսկրոտ, մեջքը փոքր-ինչ կորացած, սեւ, կայծկլտող աչքերով, ուժեղ, խուզարկու նայվածքով: Պայծառ միտք, արագ ըմբռնող, ինքնավստահ ու կորովի, հանդուգն եւ ահեղ: Հրամանատար մըն էր՝ սիրտը՝ պողպատ, խոսքը՝ կտրուկ, վճիռը՝ անդառնալի: Երգեր հյուսեցին քյուրտերը անոր վարած կռիվներուն մասին՝ փայլուն ճակատամարտներու շարան մը: Նիկոլ Դուման դաժան ու անխնա էր ամեն կարգի ոսոխներու դեմ, նաեւ՝ ներքին հակառակորդներու: Խարազանն էր շանթաժիստներու, դասալիքներու, անկարգապահ զինվորներու…»:
Միքայել ՎԱՐԱՆԴՅԱՆ, Պատմագիր
Հայրենի Արցախ աշխարհը պայծառանուն ու մեծ զավակների պակաս չի ունեցել երբեւէ: Այդ անունների շարքում է հայ ազգային-ազատագրական շարժման ամենաակնառու գործիչներից մեկը՝ Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան)՝ ծնված 1867 թ., Ասկերանի շրջանի Ղշլաղ գյուղում: Շուշիի թեմական դպրոցն ավարտած քահանայի որդին նախ աշխատել է թեմի եկեղեցական խորհրդում, ապա ուսուցչություն արել Թավրիզի եւ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, Սալմաստի վարժարաններում: Իսկ այս գավառի սահմանամերձ Ղալասար շենում աշխատելը հեռահար նպատակ ուներ՝ հնարավորինս մոտ լինել էրգրին, ստեղծել կուսակցական եւ մարտական կառույցներ: Այստեղից էլ նրան հաջողվում է կապեր հաստատել Դերիկա վանքում եւ մերձակա հայկական գյուղերում գործող հայդուկային խմբերի հետ: Ասենք, որ մինչեւ ֆիդայիների հանդես գալն այս վանքում տեր ու տնօրեն էին թուրքերն ու քրդերը: Բայց երբ վանքն ազատվում է այս պատուհասներից, այստեղ են հանգրվանում ֆիդայիներ, որոնց հետ կապ է հաստատում Նիկոլ Դումանը: Այս վանքից էլ սկսվում է նրա մարտական ուղին՝ «Վրեժ» ջոկատի կազմում, որ պիտի անցներ Վան:
Ֆիդայապետը Դուման անունը վաստակում է Բողասքյասանի մարտում. 1895 թ. հոկտեմբերին նա իր 50 հոգանոց խումբն առաջնորդում է դեպի Վան-Վասպուրական: Հազիվ ոտք դրած պաշտելի հողին՝ քրդական 1500 հոգանոց հրոսակախումբը շրջապատում է նրանց: Երկօրյա համառ մարտերից հետո միայն, տալով մեկ զոհ, հայդուկներին հաջողվում է ճեղքել քրդերի շղթան եւ ապաստանել հայկական Բողազ-Քյոսան գյուղում: Քրդերը, սակայն, շարունակում են հետապնդել նրանց եւ շրջապատել այն մարագը, որտեղ հանգրվանել էին ազատամարտիկները: Հրոսակները կրակին են տալիս մարագը: Թվում էր, թե վերջացած է ամեն ինչ: Սակայն ելք կար: Դումանի հրամանով բացվում են մարագի դռները, եւ դիմահար կրակով առաջ նետվելով՝ տապալում են քրդերին, ճեղքում շղթան: Մեծաթիվ զոհեր եւ երկու ցեղապետ կորցրած քրդերը չեն հավատում կատարվածին: «Սա մարդ չէ, սա դուման է…»,- գոչում են ահաբեկված ու մնում ձեռնունայն:
Փոթորիկ հրամանատարը քիչ ավելի ուշ մտահղանում է Խանասորի արշավանքը եւ քրդական մազրիկ ցեղին խստագունս պատժելու գաղափարը, որն իրագործում է 1897-ին:
1905 թվական: Նիկոլ Դումանը Բաքվում է, որտեղ սկսվել էին անզեն, անպաշտպան, անկազմակերպ հայության կոտորածները: Ֆիդայապետը նախաձեռնում է նրանց ինքնապաշտպանության գործը: Նրա մարտական շտաբն Իսահակ Մելիքյանի լուսանկարչատանն էր: Առաջին օրը նրա զինված խումբն ընդամենը վեց հոգանոց էր, դաշնակցությունը քիչ զենք ուներ, այն էլ Բաքվից հեռու՝ Շամախինսկայում: Հերոսական ջանքերի գնով ձեռք է բերվում 10-12 հրացան, նույնքան տասնոցներ, փամփուշտ: Փետրվարի 7-ին Դումանը իր վեց զինվորներով կանգնեցնում, ապա հաղթում է արնածարավ թուրքերին, մաքրում հայկական եկեղեցու տարածքը գազազած ամբոխից: Ավելին՝ թուրքերն ստիպված էին սպիտակ դրոշ պարզել…
Այս դեպքերից չորս տարի անց մեկնում է Պարսկաստան, Եփրեմ Խանի ու Քեռու հետ մասնակցում իրանական հեղափոխությանը, ղեկավարում Թավրիզի պաշտպանությունը: 1911 թ. պարսիկ եւ հայ հեղափոխական մարմինների ու Թավրիզի ապստամբած զինված ուժերի խնդրանքով Դումանը նշանակվում է սահմանադրական ուժերի ընդհանուր հրամանատար: Սակայն ինչպես կանխատեսել էր, հեղափոխական ուժերը պարտություն էին կրելու՝ ռուսական զորքը երկրորդ անգամ էր մտել Պարսկաստան եւ շարժվել Թավրիզի ու Թեհրանի վրա: Հայ մարտիկները, նախապես ստանալով Եփրեմ Խանի թույլտվությունը, սեպտեմբերին Թեհրանով ու Սալմաստով անցնում են Վան: «Ինչպես տարա, այնպես էլ հետ բերի տղաներին ողջ ու առողջ»,- հետագայում ասելու էր հրամանատարը:
Հայոց հնօրյա մայրաքաղաքում Արամի եւ Իշխանի հետ կազմակերպում է մարտական ուժեր, սակայն հեռացվում է Վանից նահանգապետի կարգադրությամբ, մեկնում Պոլիս, այստեղից՝ Թիֆլիս, առողջական վիճակից դրդված՝ ներկայանում ոստիկանություն: Նրան ձերբակալում են եւ նետում Մետեխի բանտ: Սակայն ընկերներին հաջողվում է ազատել եւ ուղարկել Աբասթուման՝ բուժվելու: Այդ նպատակով նա լինում է նաեւ Սոչիում, Կիսլովոդսկում:
Առաջին աշխարհամարտ: Ծավալվում է հայկական կամավորական խմբերի ստեղծման շարժումը, որին կողմնակից չէր Դումանը. նրա համոզմամբ՝ դա նոր կոտորածների առիթ կարող էր տալ թուրքերին: Իսկ առողջությունը շարունակում էր վատանալ: 1914 թ. հուլիսի 27. սա հերոսի երկրային կյանքի վերջին օրն էր. զգալով պատերազմին մասնակցելու անկարողությունը՝ փոթորկաշունչ ֆիդայապետը, որ տառապում էր անբուժելի թոքախտով, ինքնասպանությամբ գնում է միանալու ազատատենչ քաջազունների փաղանգին՝ սերունդներին թողնելով իմաստուն իր պատգամը. «Ինչ էլ որ լինի, թե թշնամուն եւ թե բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է: Մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ, միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ՝ քաղաքական ցնցումների վայրկյաններում…»:
Սրբազան պատգամ՝ մանավանդ այս ծանր ժամանակներում: