Ո՞վ է այս բարձրահունչ խոսքերի հեղինակը, որի միայն ակցենտը ժամանակին միլիոն դոլարով են արժեւորել կինոարվեստի մարդիկ: Շատերիս անծանոթ ամերիկյան կինոյի հայազգի մի դերասան՝ Ակիմ Թամիրով անուն-ազգանունով: Հետո՞…
Հետո այն, որ հետագայում Հոլիվուդի նշանավոր գործիչներից շատերի ուշադրությանն արժանացած հայորդին ծնվել է թիֆլիսաբնակ ծնողների՝ Բաքվի նավթարդյունաբերող Միքայել Թամիրովի (Թամիրյան) եւ Մաշա Ամիրյանի ընտանիքում: Դերասանական կրթությունն ստացել է Մոսկվայի գեղարվեստական թատերական դպրոցում, որի թատերախմբի կազմում էլ սկսել է դերասանական իր գործունեությունը՝ հյուրախաղերով հանդես գալով եվրոպական մի շարք երկրներում: Քսանչորս տարեկանում տեղափոխվում է Ֆրանսիա՝ Փարիզ, մեկ տարի անց թողնում աշխարհի արվեստների մայրաքաղաքը եւ մեկնում օվկիասնոսից այն կողմ՝ Ամերիկա:
Նյու Յորքում դերասանական քառամյա գործունեությունից հետո (խաղացել է տարբեր թատրոններում) արդեն քիչ թե շատ ճանաչում ունեցող Թամիրովը հրավիրվում է բաղձալի Հոլիվուդ, որտեղ եւ սկսվում է նրա դերասանական կարիերան: Սկզբում, որպես թատրոնի դերասան, խաղում է Բալիեւի «Չղջիկ» խմբում, ապա՝ «Գիլդ» թատրոնում: Թվում էր, թե բեմական կյանքն արդեն ճակատագիր էր դառնալու: Սակայն, չգիտես ինչ հանգամանքների պատճառով, թողնում է հաջողակ ընթացք խոստացող այս բնագավառը, հիմնում բեմական գրիմի սեփական ակադեմիան: Կարճ ժամանակ էր կանխորոշված նոր նախաձեռնությանը՝ ամերիկյան Մեծ ճգնաժամի տարիներն էին, երկրի համար տնտեսական ծայրահեղ ծանր վիճակ: Նորընծա ձեռներեցն անկարող էր ինչ-որ բան փրկելու. շատերի նման ինքը եւս սնանկանում եւ կորցնում է նորաստեղծ ակադեմիան: Այդ իրավիճակում ինչ պիտի աներ դերասանը: Գումար վաստակելու համար պատրաստ էր կատարելու ցանկացած աշխատանք: Նախընտրում է տաքսու վարորդությունը, իսկ կինը՝ դերասանուհի Թամարա Շեյնը, մատուցողուհի է աշխատում ռեստորաններից մեկում: Սակայն, անկախ սոցիալական աննախանձելի պայմաններից, նա ամուսնուն անընդմեջ հորդորում էր կատարելապես տիրապետել անգլերենին եւ չխզել կապերը թատրոնի եւ կինոաշխարհի հետ: Դերասանուհի կնոջ հորդորներն իզուր չեն անցնում:
Առաջին դերը խաղում է 1932 թ., երեսուներեք տարեկան հասակում արդեն «Օ՜քեյ, Ամերիկա» ֆիլմում էր: Իսկ հերթական դերակատարումն աշխարհահռչակ Ռուբեն Մամուլյանի նկարահանած «Թագուհի Քրիստինա» կինոնկարում առավել քան ընդարձակում է հայազգի դերասանի ճանաչվածության շրջանակները: Այս ֆիլմից հետո նրան վստահվում են ոչ միայն երկրորդական, այլեւ գլխավոր դերեր: Դերասանով հետաքրքրվում են ժամանակի ճանաչված բազմաթիվ կինոգործիչներ, նրանց թվում՝ Օլսոն Ուելսը, որի մի քանի ֆիլմերում մարմնավորում է բարդ ու կոլորիտային կերպարներ:
Ամերիկյան ֆիլմերով հայտնի դարձած դերասանը քսաներորդ դարակեսին թողնում է արեւմտյան աշխարհամասը եւ կրկին մեկնում Եվրոպա, նկարահանվում տարբեր երկրներում՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, այլ երկրներ: Դերասանի համար նման գործելակերպը, թերեւս, նաեւ Եվրոպայում ճանաչվածություն ձեռք բերելու եւ արտիստական կարողությունների նորովի բացահայտման խորհուրդ էր ունենալու: Մինչդեռ իր վերջնական հանգրվանը կրկին լինելու էր Ամերիկան: Կարիերայի ավարտին ամերիկյան հեռուստաընկերությունները նրան հաճախ էին հրավիրելու՝ որպես պատվավոր հյուր ներկա գտնվելու հնչեղ շոուներին, իսկ սերիալներում նկարահանվելու հրավերները շարունակվելու էին:
«Բոլորն ասում են, որ իմ ակցենտը արժի միլիոն դոլար, սակայն իմ ուզածը կինոյում այսպես ասած՝ էթնիկ դերեր կերտելն է…»,- գրել է հայազգի դերասանը, որի ակնարկած «ակցենտը», անկասկած, հայեցի հնչերանգով առանձնանալու մասին է…